Յարոցինյան փառատոն, 1980-ական թվականների Եվրոպայի ռոք երաժշտության ամենախոշոր ու ամենակարևոր փառատոններից մեկը, Վարշավայի պայմանագրի կազմակերպության երկրների այլընտրանքային երաժշտության ամենախոշոր փառատոնը։

Յարոցինյան փառատոն
Տեսակերաժշտական փառատոն
Երկիր Լեհաստան
ՎայրՅարոցին և Լեհաստան
Առաջինը1970
jarocinfestiwal.pl
 Jarocin Festival Վիքիպահեստում

Փառատոնն ստեղծվել է 1980 թվականին, 1971 թվականից Յարոցինում կազմակերպվող Wielkopolskie Rytmy Młodych փառատոնի հիման վրա։ 1980 թվականին Վալտեր Խելստովսկու նախաձեռնությամբ այն անվանակոչվել է Ogólnopolski Przegląd Muzyki Młodej Generacji w Jarocinie («Յարոցինի երիտասարդ սերնդի երաժշտության համալեհական տեսություն»)։ Արդյունքում փառատոնին սկսել են հրավիրվել երաժիշտներ ու խմբեր ամբողջ երկրի տարբեր վայրերից։ Այնուհետև այն սկսել է կոչվել Festiwal Muzyków Rockowych («Ռոք երաժիշտների փառատոն»)։

Յարոցինի փառատոնի կազմակերպումն ու մթնոլորտը շատ նման են եղել ամերիկյան Վուդստոք փառատոնին, այդ պատճառով էլ այն երբեմն կոչվել է լեհական Վուդստոկ։ 1980-ական թվականներին այն համարվել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության ուշ շրջանի գորշ ու աղքատ իրականությունից փախուստի միջոց։ Տևել է երեք օր և սովորաբար անց է կացվել օգոստոսի սկզբին։ Փառատոնը հավաքել է հազարավոր երկրպագուների (օրինակ, 1986 թվականին նրանց թիվն անցել է 30,000-ը), որոնք ապրել են վրաններում և լսել են երաժշտություն, որն այլ դեպքերում գրեթե երբեք չի հնչել լեհական ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Միևնույն ժամանակ կարծիք կա, թե փառատոնն ստեղծվել է ամբողջատիրական կառավարության հատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով լեհ երիտասարդների համար «ապահով ելք» ստեղծել։

Յարոցինի փառատոնը, 1993 թվական

Փառատոնի ընթացքում հնչել է տարբեր երաժշտություն, սակայն հիմնականում կատարվել են «այլընտրանքային» ժանրեր. բլյուզ, ռոք, մետալ, փանկ ռոք և ռեգգի։ Խմբերը ելույթ են ունեցել երկու բեմերում, որոնցից մեծը տեղակայված է եղել տեղի ֆուտբոլի դաշտում։ Շատ երկրպագուներ իրենց հետ ձայնագրիչներ են բերել՝ կատարումները ձայնագրելու համար։ Դա այն եզակի հնարավորություններից էր, որ կարելի էր ձայներիզներով տարածել երաժշտություն, որը չէր հնչում պաշտոնական ԶԼՄ-ներով։ Յարոցինի փառատոնին երկրպագուներ էին գալիս ԳԴՀ-ից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից և Խորհրդային Միությունից[1]։

Փառատոնն սկսել է կորցնել իր ճանաչումը 1990-ական թվականներին, Սոցիալիստական ճամբարի անկումից հետո, ինչի արդյունքում այլընտրանքային երաժշտությունն ավելի հասանելի է դարձել։ Փառատոնի այցելուների նոր սերունդը նաև ավելի ագրեսիվ էր, և 1994 թվականին անկարգություններից և ոստիկանության հետ բախումներից հետո փառատոնը կասեցվել է։ Այն նորից սկսել է կազմակերպվել 2005 թվականին[2]։

Յարոցինի փառատոնին ելույթ ունեցած ամենահայտնի խմբերից կարելի է առանձնացնել.

  • Koniec Świata
  • New Model Army
  • Therapy?
  • Misfits
  • Feeling B

Փառատոնը կարևոր դեր է ունեցել լեհական պանկ խմբերի կայացման գործում։ Լեհաստանի առաջին պանկ խմբերից մեկը, Nocne Szczury-ն, առաջին պանկ-ռոք խումբն է եղել, որ ելույթ է ունեցել փառատոնի ընթացքում, 1980 թվականին։

2021 թվականին կազմակերպվել է «Յարոցին։ Ազատության կանգառ» ցուցահանդեսը, որը նվիրված է եղել փառատոնի տարեդարձին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Рок-фестиваль в Яроцине - саундтрек поколения». polskieradio.pl. 29.06.2021.
  2. «Historia | Jarocin Festiwal 2012». Jarocinfestiwal.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել