Յաշի կոտորած, հրեաների զանգվածային սպանություն Ռումինիայի Յաշ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը։

Ռումինական զորքերի ու ժանդարմերիայի ունեցած նախնական տվյալների համաձայն՝ այդ «արյունոտ շաբաթվա» ընթացքում զոհվել է առնվազն 8 000 և ձերբակալվել ու Յաշից տեղափոխվել 5000 հրեա, որոնցից երկաթուղային վագոններով յոթօրյա տեղափոխումից հետո կենդանի է մնացել միայն 1011 մարդ։ Ռումինիայի կառավարության պաշտոնական տվյալներով, որ ստացվել են պատերազմից հետո, նշվում է 13 266 զոհվածների մասին[1][2], իսկ ըստ հրեական համայնքի տվյալների՝ սպանվել է 14 850 մարդ, ներառյալ կոտորածի ընթացքում ու դրանից հետո քաղաքից կատարված տեղահանումների ժամանակ սպանվածները[3][4]։

Կոտորածից առաջ խմբագրել

Յաշի բնակչությունը կազմել է 100 000 մարդ, որոնց թվում եղել է շուրջ 45 000 հրեա։ Ռումինիայի վարչապետ Յոն Անտոնեսկուն ցանկացել է Ռումինիան տեսնել առանց հրեաների ու գնչուների[5]։ 1938 թվականին Գերմանիայում ընդունված նացիստական Նյուրնբերգյան օրենքների ազդեցությամբ Ռումինիայի կառավարությունը ներմուծել է մի շարք սահմանափակումներ հրեաների համար։ Ռումինիայի նացիստական ու նացիստներին հարող կուսակցությունները կազմակերպել են հրեաների կոտորածներ։ 1940 թվականին արգելվել են ամուսնությունները ռումինացիների ու հրեաների միջև, հրեաներին արգելվել է կրել ռումինական անուններ, իսկ որոշ շրջաններում հրեաներին արգելվել է խոսել իրենց մայրենի լեզվով հասարակական վայրերում։ Գերմանական նացիստների նման Անտոնեսկուի վարչակարգը հրեաներին ստիպել է կատարել հարկադիր աշխատանքներ, կրել տարբերիչ նշաններ և այլն, իսկ մինչ 1941 թվականի ամառ օրվա խնդիր է դարձել հրեաների ոչնչացումը[4]։

1941 թվականի հունվարի 19-ին՝ «Երկաթե գվարդիայի» խռովության ժամանակ, երկրի ողջ տարածքում՝ Բուխարեստում ու մյուս քաղաքներում, տեղի են ունեցել հրեաների առաջին խոշորամասշտաբ կոտորածները, որ շարունակվել են երկու օր։

1941 թվականի հունիսի կեսերին Ռումինիայի պետական լրատվամիջոցերը լուրեր են տարածել, թե խորհրդային պարաշյուտիստներն իջել են Յաշի ծայրամասում, և որ հրեաներն օգնում են նրանց։ Կոտորածից մեկ շաբաթ առաջ քրիստոնյաների տները նշվել են խաչերով, հրեա տղամարդկանց ստիպել են մեծ փոսեր փորել հրեական գերեզմանատանը, իսկ զինվորները հետախուզել են հրեաները տները՝ «որոնելով ապացույցներ»։

Կոտորած խմբագրել

 
1941 թվականի հունիսի 29-ի կոտորածի ընթացքում սպանված հրեաների մարմիններ Յաշի փողոցներում
 
Յաշի Կոտորած

1941 թվականի հունիսի 27-ին՝ ԽՍՀՄ ներխուժումից մեկ շաբաթ անց, Անտոնեսկուն զանգահարել է գնդապետ Կոնստանտին Լուպին՝ Յաշի կայազորի հրամանատարին՝ նրան հրամայելով «մաքրել Յաշը հրեական բնակչությունից» (թեև կոտորածի պլանները հաստատվել էին դրանից առաջ)։ Նույն օրն իշխանությունները հրեական համայնքին պաշտոնապես մեղադրել են սաբոտաժի ու կոլոբորացիոնիզմի մեջ, զինվորներից ու ոստիկաններից կազմակերպել են ջոկատներ կոտորածի անցկացման համար և կեղծ հիմունքներով հրեաներին մեղադրել փողոցներում ռումինացի զինվորների վրա հարձակվելու[6] և նրա համար, թե իբր հրեաներն օգնել են խորհրդային ինքնաթիռներին Յաշում երկաթուղային հանգույցի ռմբակոծման և ռումինական ու գերմանական զորքերի կուտակման ժամանակ[7]։ Դրանից հետո ռումինացի զինվորներն սկսել են կոտորածը։

Կոտորածը տեղի է ունեցել Յաշից հրեաների արտաքսման շրջանակներում։ Իսկ վերջինս էլ իր հերթին եղել է Բեսարաբիայում, Բուկովինայում ու Մոլդովայում հրեաների ներկայության լիկվիդացման մաս, որը եղել է Ռումինիայում հրեաների վերաբերյալ կազմված պլանի մաս։

Ռումինական կառավարության հետպատերազմյան հաշվետվությունում նշվել են այդ այդ կոտորածի իրականացնողները, որ եղել է Եվրոպայում իրականացված խոշորագույն կոտորածներից մեկը[8].

Մարդկանց որսին, որ ծավալվել է հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը, մասնակցել է առաջին հերթին Յաշի ոստիկանությունը, որին օգնել են Բեսարաբիայի ոստիկանությունն ու տեղի ժանդարմերիան։ Մյուս մասնակիցները եղել են զինվորները, երիտասարդ մարդիկ, SSI զինված գործակալներն ու ամբոխը, որ թալանել է ու սպանել՝ իմանալով, որ պատասխանատվություն չի կրելու իր գործողությունների համար։ Յաշի որոշ ռումինացի բնակիչներ նրանից բացի, որ ամբաստանել են հրեաներին, նաև զինվորներին ուղեկցել են հրեաների տներ ու ապաստարաններ և նույնիսկ իրենք են ներխուժել տներ, ու նաև իրենք էլ մասնակցել են ձերբակալություններին ու ստորացումներին, որոնց ենթարկվել են հրեաների գաղութները Չեստուրայի ճանապարհին։ Ջարդարարների թվում եղել են հրեաների հարևաններ, համասեմական շարժումների հայտնի ու ոչ այնքան հայտնի կողմնակիցներ, ուսանողներ, պետական պաշտոնյաներ, երկաթգծի աշխատողներ, արհեստավորներ, որոնց զայրացնում էր մրցակցությունը հրեաների հետ, «սպիտակ օձիքներ», թոշակառուներ ու պատերազմի վետերաններ։

Վարչապետի տեղակալ Միխայ Անտոնեսկուն Ռումինիայի վարչակարգի մտադրությունները հետևյալ կերպ է բացատրել կոտորածից կարճ ժամանակ անց ունեցած իր ելույթում[9].

Ես կողմ եմ Բեսարաբիայի ու Բուկովինայի ողջ հրեական բնակչության բռնի տեղահանմանը... Դուք պետք է անողոք լինեք նրանց հանդեպ... Ես չգիտեմ, թե քանի հարյուրամյակ կանցնի, մինչև ռումինական ժողովուրդը նորից ստանա գործողությունների այնպիսի ազատություն, էթնիկական զտման այդպիսի հնարավորություն... Սա այն ժամանակն է, երբ մենք մեր հողի տերն ենք... Ես ինձ վրա եմ վերցնում պաշտոնական պատասխանատվությունը և ասում եմ ձեզ՝ օրենք չկա... Այնպես որ ոչ մի ձևականություն, լիակատար ազատություն։

— Jean Ancel, ed., Documents Concerning the Fate of Romanian Jewry during the Holocaust (New York: Beate Klarsfeld Foundation, 1986), vol. 6: no. 4, p. 199—201 (անգլ.)

Ջարդարարների դատ խմբագրել

1946 թվականին կազմակերպվել է այսպես կոչված «Ռումինիայի ժողովրդական տրիբունալը», և Յաշի կոտորածի համար մեղադրվող հիսունյոթ անձանցից դատապարտվել է ութ անձ ռազմական բարձր պաշտոնյաներից, Յաշի գավառի ոստիկանապետն ու Յաշի քաղաքապետը, չորս զինվորական, 21 քաղաքացիական անձ և 22 ժանդարմ։ Վկայություն տալու համար կանչվել է 165 ականատես, որոնք հիմնականում եղել են կոտորածից փրկվածները[10]։ Մեղադրյալների մեծ մասը դատապարտվել է ռազմական հանցագործության և «աշխարհի դեմ» կատարած հանձագործությունների համար։ Քսաներեք մարդ, այդ թվում նաև գեներալներ և գնդապետներ, դատապարտվել են ցմահ ազատազրկման տաժանակիր աշխատանքներով և պարտավորվել վճարել փոխհատուցում։ Մեկ գնդապետ դատապարտվել է ցմահ ազատազրկման խիստ ռեժիմով և պարտավորվել վճարել փոխհատուցում։ Տասներկու մեղադրյալներ դատապարտվել են քսան տարվա տաժանակիր աշխատանքի յուրաքանչյուրը, իսկ յոթ մեղադրյալներ՝ քսանհինգ տարվա տաժանակիր աշխատանքի։ Մյուսները դատապարտվել են 20 տարվա խիստ ռեժիմով բանտարկությունից մինչև 15 տարվա տաժանակիր աշխատանքի։ Մեկ մեղադրյալ դատապարտվել է հինգ տարվա տաժանակիր աշխատանքների։ Մի քանի մեղադրյալներ արդարացվել են[11]։

Հրեաներին փրկողներ խմբագրել

2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով Իսրայելի Աղետի (Հոլոքոստ) և Հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտը Ռումինիայի 60 քաղաքացիների ճանաչել է աշխարհի արդարակյացներ հրեաներին անշահախնդիր օգնելու համար[12]։ Նրանցից թվում է Վիորիկա Ագարիչը (Viorica Agarici), որը 1941 թվականի հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը լսել է հառաչանքներ այն գնացքից, որում տեղավորել էին Յաշի կոտորածից հետո կենդանի մնացած հրեաներին, որպեսզի տեղափոխեն համակենտրոնացման ճամբար։ Նա խնդրել է և հրեաներին ջուր և ուտելիք տալու թույլտվություն ստացել։ Նրա գործողություններն այնքան խիստ են քննադատվել Յաշի՝ հակասեմական տրամադրություններ ունեցող բնակչության շրջանում, որ նա ստիպված է եղել տեղափոխվել այլ քաղաք։

Հիշատակ խմբագրել

Ռումինացի պատմաբանները մեծ ներդրում են ունեցել Յաշի կոտարածի ուսումնասիրմա հարցում։ Նրանց ջանքերով հրատարակվել է Ռումինիայում Հոլոքոստի ուսումնասիրման միջազգային հանձնաժողովի երկհատորյակը, և նույնիսկ Նիկոլաե Չաուշեսկուի օրոք լույս է տեսել «Արյունոտ օրեր Յաշում» գիրքը։

Ժամանակակից Մոլդովայում, սկսած 1990-ական թվականներից, «ուսումնական հաստատություններում դասավանդվում է «Ռումինների պատմություն» դասընթացը, որում ոչ մի խոսք չկա Յաշի կոտորածի մասին։ Յաշի դեպքերի մասին չգիտե անգամ պատմաբան-ուսանողները»[4]։ Հոլոքոստի և 1941 թվականի հունիսի-հուլիսի «արյունոտ շաբաթվա» թեման շրջանցվում է ինչպես մոլդովական, այնպես էլ ժամանակակից ռումինական գրականության մեջ, կինեմատոգրաֆում, թատրոնում և հեռուստատեսությունում։

2011 թվականի մայիսի 1-ին Իսրայելի Յադ Վաշեմ հուշահամալիրում անցկացված «Եվրոպական հրեաների աղետի զոհերի հիշատակի օրվա» պա7տոնական պետական միջոցառման ժամանակ նացիստների կողմից սպանված 6 մլն հրեաների հիշատակը խորհրդանշող սգո վեց մոմերից մեկը վառել է 89-ամյա Անդրեյ Կալարաշոն, որը փրկվել էր Յաշում տեղի ունեցած կոտորածից[13]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Report of SSI Iasi, July 23, 1943, Consiliul Securitatii Statului, Fond documentar, file 3041, p. 327; Cristian Trancota, Eugen Cristescu, asul serviciilor secrete romanesti. Memorii (Bucharest: Roza vanturilor, 1997), p. 119. (ռում.)
  2. RICHR, Ch. 5, p. 22 Արխիվացված 2009-03-06 Wayback Machine (անգլ.)
  3. Jean Ancel, ed., Documents Concerning the Fate of Romanian Jewry during the Holocaust (New York: Beate Klarsfeld Foundation, 1986), vol. 6: no. 4, p. 49 (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 «Кровавый пролог» бессарабского Холокоста
  5. Холокост бессарабских евреев
  6. RICHR, Ch. 5, p. 15 Արխիվացված 2009-03-06 Wayback Machine (անգլ.)
  7. И. Куксин Холокост в Румынии Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
  8. Румыния: столкновение с прошлым, гл. 5, с. 23 Արխիվացված 2011-12-29 Wayback Machine (ռում.)
  9. Погром в Яссах (անգլ.)
  10. RICHR: Ch.12 Արխիվացված 2006-05-22 Wayback Machine — Trials of War Criminals, Page 21 (անգլ.)
  11. RICHR: Ch.12 Արխիվացված 2006-05-22 Wayback Machine — Trials of War Criminals, Pages 22-23 (անգլ.)
  12. Righteous Among the Nations - per Country & Ethnic Origin January 1, 2010 Արխիվացված Հունվար 23, 2009 Wayback Machine (անգլ.)
  13. День Катастрофы европейского еврейства и героизма: три урока Холокоста

Գրականություն խմբագրել

  • Раду Иоанид, «The Holocaust in Romania», 2000 (անգլ.)
  • Курцио Малапарте. Капут// Нева, 1990, № 10-12

Արտաքին հղումներ խմբագրել