Գյումրվա կլկլան
Գյումրվա կլկլան (մուշուրբա), մետաղյա ջրխմիկ, որը պատրաստվում է մետաղի տարբեր տեսակներից, այդ թվում՝ ոսկուց և արծաթից։ Կլկլան ջրխմիկը դարձել է Գյումրու քաղաքային մշակույթի խորհրդանիշներից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/be/%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%BE%D5%A1_%D5%AF%D5%AC%D5%AF%D5%AC%D5%A1%D5%B6%2C_1.jpg/220px-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%BE%D5%A1_%D5%AF%D5%AC%D5%AF%D5%AC%D5%A1%D5%B6%2C_1.jpg)
Պատմություն
խմբագրել19-20-րդ դարերում հայերն իրենց կենցաղում ջուր խմելիս գործածել են պղնձե ջրխմիկներ (ջուր խմելու աման)։ Պղնձե ջրխմիկները արտաքին ձևով բաժանում են երկու մեծ խմբի՝
- առաջին խումբ- նստուկավոր, միկանթանի, ուռուցիկ իրանով, դեպի դուրս կտրված եզրով ջրխմիկներ, հայտնի են մուշուրբա կամ կլկլան անվանումներով,
- երկրորդ խումբ- գոգավոր հատակներով, միականթ, գլանաձև, ուղիղ ջրխմիկներ, հայտնի են դոլչա անվանումով։ Դոլչա նշանակում է ջրաման, պղնձե փարչ[1]։ Այս տեսակը հատուկ է Արցախի, Սյունիքի, Նախիջևանի շրջաններին։
Եթե ջրխմիկ մուշուրբայի մետաղ է ընտրվում պղինձը կամ լատունը, զոդանյութը պետք է պարունակի արծաթ, որպեսզի ամուր զոդվի, միացումները լինեն հարթ։
Վարպետներ
խմբագրելԴասական մուշուրբան նախշազարդ չէ, հատակին դրվում է պատրաստող վարպետի կնիքը` անվան սկզբնատառերով։
Գյումրեցի Ցոլակ Կոշտոյանը մուշուրբայի գեղարվեստական տեսքի համար Գյումրվա ավանդական զարդամոտիվներ է մշակել։ Վարպետ Ցոլակի տոհմը զբաղվել է արծաթագործությամբ։ Կոշտոյանների տոհմի չորրորդ սերնդի Վարպետ Ցոլակը կերտել է արծաթաջուր և ոսկեջուր մուշուրբաներ՝ որպես հուշանվերներ, դրանք չեն կիրառվում կենցաղում։
1895-1896 թվականներին Էրզրումից Ալեքսանդրապոլ է գաղթել պղնձագործ Ժամկոչյանների գերդաստանը։ Ժառանգներից Սուրեն Ժամակոչյանը Ալեքսանդրապոլի առաջին կլկլան-ջրխմիկ պատրաստողն էր, արհեստը ժառանգել էր պապերից և փոխանցել որդուն՝ Էդուարդ Ժամակոչյանին։ Վարպետ Սուրենն է առաջին անգամ կերտել մուշուրբայի հատակի կիսագնդաձև ներդիրը, որի վրա գտնվող զուգահեռ 2 անցքերի շնորհիվ ջուր խմելիս առաջանում է հատուկ ձայն, հենց այս ձայնի շնորհիվ են ջրխմիկը գյումրեցիները անվանել կլկլան[2]։ Վապետը պատմել է, որ իր պապը՝ Միլիտոսը, Ալեքսանդրապոլում արհեստանոց և խանութ է ունեցել, սակայն այժմ ջրխմիկի հումքը հայթայթելու հարցում կան դժվարություններ և մտավախություն, որ տարիներ անց մուշուրբան կդառնա պակաս հետաքրքիր հանրության համար։ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի որոշմամբ՝ ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց մուշուրբայով՝ որպես վերացող մշակութային արժեք։
Նկարագրություն
խմբագրելՄուշուրբա ջրխմիկը հատուկ է Շիրակի պատմազգագրական շրջանին։ Ըստ Հր.Աճառյանի՝ մուշուրբա բառը արաբերենից փոխառություն է։ Պոլսի բարբառում հանդիպում է «մօռշուփա», իսկ Վանի բարբառում՝ «մուշուրբա» ձևերը, ինչը նշանակում է «ջրի թիթեղյա ըմպանակ»[3]։
Ռուս-թուրքական պատերազմի հետևանքով, ապա 1915 թվականի հայոց Մեծ եղեռնից հետո Ալեքսանդրապոլ գաղթած հայերն իրենց հետ բերել էին նաև հարուստ մշակույթը։ Կարինից, Կարսից եկած արհեստավորների շնորհիվ Ալեքսանդրապոլում 20-րդ դարասկզբին կար շուրջ 100 արհեստ[4]։ Ծաղկում էր մետաղագործությունը, պղնձագործ վարպետները պատրաստում էին կենցաղային բազմապիսի իրեր, որոնցից մուշուրբան դարձել է Ալեքսանդրապոլի մշակութային խորհրդանիշներից։
Մեկ ավանդական մուշուրբա պատրաստելու համար պետք է 8 ժամ։ Վարպետի հմտության չափորոշիչ է մուշուրբայի իրանը թիթեղի մեկ կտորից պատրաստելը։ Հումքը տարբեր է՝ պղինձ, արույր, մելքիոր, արծաթ, ոսկի։
Մուշուրբա պատրաստելիս վարպետները կիրառում են կռման, զոդման, դրվագման, փորագրման, կոկման ու փայլեցման տեխնիկաները։
Գրականություն
խմբագրել- Մ․ Ավետիսյան, «Մետաղյա ջրխմիկների տիպաբանական բնութագիրը», ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատանքներ, հ․24, 2021։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աճառյան Հր., Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, 2001, հ. 1, էջ 343։
- ↑ Ավետիսյան Մ., ԴԱՆ, բանասաց՝ Է. Ժամակոչյան, Գյումրի, 2021։
- ↑ Աճառյան Հր., Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մեջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի և Նոր-Նախիջևանի բարբառներուն, Մոսկվա-Վաղարշապատ, 1902, էջ 241։
- ↑ Աղանյան Գ., Բազեյան Կ., Ալեքսանդրապոլ. Ազգագրական էսքիզներ // ԳԱԱ ՇՀՀԿ «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ» մատենաշար, պրակ 2, Գյումրի, 2015, էջ 19-20։