Մշակութային կոնֆլիկտ, կոնֆլիկտ, որը տեղի է ունենում, երբ բախվում են մշակութային արժեքներն ու համոզմունքները։

Լայն իմաստ խմբագրել

Ամերիկացի սոցիոլոգ Ջոնաթան Թըրները մշակութային կոնֆլիկտը սահմանել է որպես կոնֆլիկտ, որն առաջանում է «մշակութային արժեքների և համոզմունքների տարբերությունների պատճառով, որոնք մարդկանց միջև անհամաձայնության առարկա են դառնում»։ Միկրոմակարդակում Ալեքսանդր Գրյուն ուսումնասիրել է կոնֆլիկտը տարբեր մշակույթների կրողների միջև բրիտանական «Ֆոլթի աշտարակներ» սիթքոմի օրինակով[1]։ Նա նշել է, որ մշակութային կոնֆլիկտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկանց ակնկալիքները ուրիշների որոշակի վարքագծի վերաբերյալ, պայմանավորված նրանց մշակութային ծագմամբ, չեն իրականանում։ Միևնույն ժամանակ, այլ մշակութային ծագում ունեցող մարդկանց համար այս ակնկալիքները բոլորովին այլ են[1]։

Մշակութային կոնֆլիկտները դժվար է լուծել, քանի որ կողմերը տարբերվում են իրենց համոզմունքներով։ Մշակութային կոնֆլիկտները հատկապես սրվում են, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, հատկապես մակրոմակարդակում։ Որպես օրինակ կարելի է բերել հակասությունները աբորտի խնդրի շուրջ։ Էթնիկ զտումները սուր մշակութային կոնֆլիկտի ևս մեկ օրինակ են[2]։ Մշակութային կոնֆլիկտները կարող են հանգեցնել պատերազի, օրինակ՝ ստրկության մասին տարաձայնությունները հանգեցրել են Ամերիկայի քաղաքացիական պատերազմին[3]։

Նեղ իմաստ խմբագրել

Դանիել Բելը մշակութային կոնֆլիկտի ավելի նեղ սահմանումն արտահայտել է իր «Հանցագործությունը որպես ամերիկյան կյանքի ձև» էսսեում, որտեղ նա նկարագրել է մշակութային արժեքների բախման հանցավոր հետևանքները[4]։ Ուիլյամ Քորնբլումը մշակութային կոնֆլիկտը սահմանում է որպես կոնֆլիկտ, որն առաջանում է այն ժամանակ, երբ հակադիր նորմերը ստեղծում են «շեղումների և հանցավորության աճի հնարավորություններ դևիանտ ենթամշակույթներում»[4]։ Քորնբլումն ընդգծում է, որ հենց որ պետությունը մշակութային արժեքներ է պարտադրում այն մարդկանց, ովքեր չեն կիսում դրանք (սովորաբար մեծամասնությունն իր օրենքներն է պարտադրում փոքրամասնությանը), հանցագործները ստեղծում են անօրինական շուկաներ՝ շրջանցելու այդ օրենքները[4]։ Որպես օրինակ՝ սոցիոլոգը ներկայացրել է արգելքը Միացյալ Նահանգների միջպատերազմյան ժամանակաշրջանում՝ ընդգծելով, թե ինչպես է արգելքի կողմնակիցների և հակառակորդների միջև մշակութային կոնֆլիկտը բարենպաստ պայմաններ ստեղծել այս ոլորտում անօրինական գործունեության զարգացման համար։ Նման օրինակ է թմրանյութերի դեմ պատերազմը[4]։ Քորնբլումը մշակութային հակամարտությունը սահմանում է նաև որպես սոցիալական գործընթացների կարևորագույն տեսակներից մեկը։

Սամուել Հանթինգտոնը «Քաղաքակրթությունների բախում» աշխատանքի մեջ պնդում է, որ Սառը պատերազմից հետո մարդկանց մշակութային և կրոնական ինքնությունն է դառնում աշխարհում հակամարտությունների աղբյուր։

Ազդեցություն և ընկալում խմբագրել

Միշել Լը Բարոնը տարբեր մշակույթները նկարագրում է որպես «ստորգետնյա գետեր, որոնք հոսում են մեր կյանքի և հարաբերությունների միջով՝ մեզ փոխանցելով հաղորդագրություններ, որոնք ձևավորում են մեր ընկալումները, վերագրումները, դատողությունները և պատկերացումները մեր և ուրիշների մասին»։ Նա պնդում է, որ մշակութային ուղերձները «ձևավորում են մեր ըմբռնումը», երբ երկու հոգի գտնվում է հարաբերություններ կառուցելու, կոնֆլիկտի և խաղաղության վիճակում։ Լը Բարոնը նաև մշակույթի ազդեցությունը դիտարկում է որպես հզոր «անգիտակցական գործոն, որը կարող է ազդել ինչպես կոնֆլիկտների, այնպես էլ այն լուծելու փորձերի վրա»։ Նա պնդում է, որ մշակույթի ազդեցությունը հսկայական է, այն որոշում է, թե «ինչպես է հակամարտությունը կոչվելու, մեկնաբանվելու, ընթանալու և զարգանալու»։ Այսպիսով, Լը Բարոնը կարևոր է համարում կոնֆլիկտի բաղադրիչների վերլուծությունը։ Նախ, «մշակույթը բազմաշերտ է», «այն, ինչ մենք տեսնում ենք մակերեսի վրա, պարտադիր չէ, որ արտացոլի էությունը»։ Երկրորդ՝ «մշակույթը միշտ շարժման մեջ է», այն է՝ «մշակութային խմբերը հարմարվում են արագ և երբեմն անկանխատեսելի»։ Երրորդ, նա նշում է, որ «հակամարտությունները, որոնք խորապես արմատավորված են անցյալում, սովորաբար արտացոլվում են ժողովրդի լեգենդներում և առասպելներում և, հետևաբար, գործնականում չեն փոխակերպվում»։

Մշակութային պատերազմ խմբագրել

Մշակութային պատերազմը պայքար է մշակութային արժեքների երկու հակասական խմբերի միջև։ «Մշակութային պատերազմ» տերմինը փոխառություն է գերմաներեն «kulturkampf» բառից, որը նշանակում էր բախումներ մշակութային և կրոնական խմբերի միջև 1871-1878 թվականներին Գերմանական կայսրության կանցլերի՝ Օտտո ֆոն Բիսմարկի քարոզարշավի ժամանակ ընդդեմ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ազդեցության։

Ամերիկայում «մշակութային պատերազմ» տերմինը օգտագործվում է ավանդապաշտների կամ պահպանողականների և առաջադեմների կամ լիբերալների միջև կոնֆլիկտի սահմանման համար։ Տերմինն առաջացել է 1920-ական թվականներին, երբ առաջացավ կոնֆլիկտ քաղաքացիների և գյուղացիների արժեքների միջև։ Բախումն առաջացել է ներգաղթի բազմաթիվ ալիքների պատճառով։ Բացի այդ, դա տեղի է ունեցել նաև մշակութային տեղաշարժերի և «Մռնչող 20-ականների» դարաշրջանի արդյունքում, որը հանգեցրել է հաստատակամ կաթոլիկ Ալ Սմիթի նախագահական քարոզարշավի մեկնարկին[5][6]։ Այնուամենայնիվ, ամերիկյան «մշակութային պատերազմ» տերմինը վերանայվել է Ջեյմս Դևիս Հանթերի կողմից։ Դրա մասին նա գրել է իր «Մշակութային պատերազմներ. Ամերիկան սահմանելու պայքարը» (1991) գրքում, որտեղ նշվում է, որ տերմինն առաջին անգամ հայտնվել է միայն 1960-ականներին։ Այդ ժամանակից ի վեր ամերիկյան մշակութային պատերազմի տարբեր սահմանումներ են եղել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Alexander Grewe (17 October 2005). «I’m sick to death with you…» or External Character Conflicts in Fawlty Towers. GRIN Verlag. p. 10. ISBN 978-3-638-42885-9. Retrieved 14 January 2013.
  2. Margaret L. Andersen; Howard F. Taylor (1 January 2012). Sociology: The Essentials. Cengage Learning. p. 72. ISBN 978-1-111-83156-1. Retrieved 14 January 2013.
  3. Michael Fellman (19 April 1990).Inside War: The Guerrilla Conflict in Missouri During the American Civil War. Oxford University Press. p. 15. ISBN 978-0-19-506471-1. Retrieved 14 January 2013.
  4. 4,0 4,1 4,2 4,3 William Kornblum (31 January 2011). Sociology in a Changing World. Cengage Learning. pp. 191—192; 195, 197, 205. ISBN 978-1-111-30157-6. Retrieved 14 January 2013.
  5. Seminar on the Culture Wars of the 1920s
  6. E.J. Dionne «Culture Wars: How 2004»