Միսաք Ճևահիրճյան

հայ բժիշկ

Միսաք Սարգսի Ճևահիրճյան (գրվել է նաև Ճևեհիրյան, 1858, Կեսարիա, Թուրքիա - 1924, Ստամբուլ, Թուրքիա), հայ բժիշկ-մանկաբարձ։

Միսաք Ճևահիրճյան
Ծնվել է1858(1858)
ԾննդավայրԿեսարիա
Մահացել է1924(1924)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ-ման­կա­բարձ
ԱմուսինԱղավ­նի Քեչյան

Կենսագրություն խմբագրել

Միսաք Սարգսի Ճևահիրճյանը ծնվել է 1858 թվականին, Կե­սա­րի­այում` գոհարավաճառ Սարգիս Ճեվահիրճյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային դպրոցում։ 1877-1882 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում։ Մասնագիտացել է կանանց հիվանդությունների, մանկաբարձության, գինեկոլոգիայի և վիրաբուժության գծով։ Սիրիայում և Իրաքում` որպես քաղաքապետական բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ է աշխատել։ 1895-1898 թվականներին Փարիզում անցել է կատարելագործման դասընթաց։ Եղել է նաև Թու­նի­սում (1897-1898 թվականներ ?)։ 1898 թվականին վերադարձել է Կ. Պո­լիս և հաստատվել Կումկափու թաղամասում։ Եղել է Կումկափուի ծերանոցի բժիշկը, 1908-1909 թվականներին` Ազ­գա­յին կենտ­րո­նա­կան վար­չու­թյան Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի Դա­տաս­տա­նա­կան խորհր­դի ան­դամ։

1903 թվականի սկզբին, բար­վոք ծա­ռա­յու­թյան և Մա­ղա­քիա արք. Օր­մա­նյան պատ­րի­ար­քի դեմ մա­հա­փոր­ձից հե­տո նրա նկատ­մամբ հո­գա­տար վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րե­լու հա­մար ար­քու­նի­քից ար­ժա­նա­ցել է «Սա­նի­յե»-ի աստիճանին և «Մե­ջի­դիե»-ի Գ կարգի պատվանշանին։

1905 թվականի սկզբներին մի հայի մատնության պատճառով ձերբակալվել է և 3 ամիս բանտարկվել, սակայն Օրմանյան պատրիարքի՝ սուլթան Աբ­դուլ Հա­միդ II-ին կատարած դիմումով ազատ է արձակվել։ Ամուսնացել է «Բիւ­զան­դի­ոն» օրաթերթի խմբագիր Բյուզանդ Քեչյանի դստեր՝ Աղավնու հետ։

Հայտնի է եղել որպես փորձված ու հեղինակավոր բժիշկ-մանկաբարձ։ Իր բժշկական ծառայությունները հավասարապես մատուցել է ինչպես վերնախավին, այնպես էլ չքավորներին։ 1908-1909 թվականներին եղել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի դատաստանական, Կումկափու թաղամասի Սբ. Աստվածածին մայր եկեղեցու թաղական խորհուրդների անդամ, Կումկափուի 4 թաղերի Աղքատախնամի բժիշկը։

Եղել է Ազատ որմնադիրների (մասոնների) «Թուր­քի­ա­յի Մեծ Արև­ելք» օթյակի անդամ և ունեցել «Մեծ վար­պե­տի» (33-րդ) աստիճան։ 1915 թվականին ընտրվել է Կ. Պոլսի քաղաքային (քաղաքապետարանի) վարչական ժողովի անդամ։

1915 թվականի ապ­րի­լի 24-ին մայրաքաղաքի բազմաթիվ հայ մտավորականների թվում ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը, որտեղից էլ՝ Այաշի բանտը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։

Այաշի բանտից ազատվել է արքունիքի թուրք կանանց (քանի որ նրանց անձնական գինեկոլոգն էր) և իր գործընկեր թուրք Բեսիմ Էոմեր (Օմեր) փաշայի բարեխոսությամբ և դոկտոր Մեհմեդ Ալի բեյի անմիջական ջանադրությամբ։

Մահացել է 1924 թվականի փետրվարի 5-ին, Կ. Պոլսում՝ 66 տարեկանում։ Թաղվել է Կ. Պոլսի Բալըքլըի ազգային գերեզմանոցում։

Ժառանգներ խմբագրել

Ունեցել է երեք որդի։ Լևոնը մահացել է մանուկ հասակում։ Սարգիսը եղել է անվանի ճարտարապետ և բնակվել Լոզանում, ապա՝ Ժնևում։ Սարգիսը ունեցել է դուստր Սոնային, որը եղել է բալետի պարուհի և ապրել Փարիզում։ Սա ունեցել է դուստր, որը մանկական տարիքում հիվանդացել է մանկական պարալիչով և մահացել 18 տարեկանում։

Հայկը եղել է բանկիր և Կ. Պոլսում ունեցել օճառի գործարան։ Ունեցել է մեկ որդի՝ Ճևեհիրճյան Միսաքին (Կ. Պոլիս, 22-11-1922 - Երևան, 24-06-2009)։ Սա մասնագիտությամբ եղել է մեխանիկ և 1958 թվականին ներգաղթել է Խորհր­դա­յին Հա­յաս­տան և բնակվել Երև­ա­նում։ Ունեցել է Հայկին (Երևան, 30-031962), որը մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Սա ունեցել է երկու որդի՝ Միսաքին և Սարգսին, որոնք բժիշկ Միսաք Ճևեհիրճյանի կոռներն են և 2010 թվականի դրությամբ ծնողների հետ բնակվում են Ռու­սաս­տա­նի Դո­նի Ռոս­տով հայաշատ քաղաքում։

Միսաքը (1989) ուսանում է Դոնի Ռոստովի բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետում, իսկ Սարգիսը (1991)` Ժո­ղովր­դա­կան տնտե­սու­թյան ինս­տի­տու­տի տնտե­սա­գի­տա­կան ֆա­կուլ­տե­տում։ Բժշկի թո­ռը` Միսաքի կինը՝ Նինան, 2010 թվականի ապրիլի 18-ին տողերիս հեղինակի հիմնած Հայ բժշկության թանգարանին նվիրել է բժշկին պատկանած երկու փոքրիկ մկրատ, իսկ թոռների համար, որպես մասունք, պահել բժշկի բնօրինակ լուսանկարը և նրա ձեռքով պատրաստված, ուլունքակար կազմ ունեցող դրամապանակը, որի երեսին ուլունքներով գործված է. «Կեց­ցե Սահ­մա­նադ­րու­թիւ­նը, 1909 թ., Մ. Ճ.»։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է մի քանի պատվանշաններով։

Գրականություն խմբագրել

  • Ընդարձակ օրացոյց Ս.Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Պալաքեան Գրիգորիս ծ.վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ, Գահիրէ, 1937։
  • Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
  • Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավա գե ան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12
  • Բժշկիթոռ Միսաք Ճևեհիրճյանի կնոջ՝ Նինայի հայտնած տեղեկությունները, 18-042010։
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։