Միջինհայերեն գրական ժառանգությունը

Միջինհայերեն գրական ժառանգությունը։ Միջին հայերենով ստեղծվել է հարուստ գրականություն։ Դրա մեջ հատկապես առանձնանում է հայ միջնադարյան գրականությունը, որը հայ գրականության ամենանշանակալից էջերից է։ Պատահական չէ, որ հայ գրականության մեծ գիտակ Վալերի Բրյուսովը, որը 1916 թվականին կազմեց և հրատարակեց «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր» ժողովածուն, խոսելով հայ միջնադարյան քնարերգության մասին, այն համարում է լավագույնը, որը հայ ժողովուրդը երբևէ ստեղծել է բանաստեղծության ասպարեզում։ Իր գոյության ամենատառապալից ու ծանր շրջաններից մեկում՝ թաթար-մոնղոլական լծի տակ եղած ժամանակ, հայ ժողովուրդն ստեղծել է բանաստեղծական գոհարներ։ «Այդ շրջանում ծաղկեց հայ պոեզիայի ծաղիկը»,- գրում է Վ․ Բրյուսովը և այն համարում է «հայոց ազնվության վկայագիրը»։ Ստեղծագործություններն ունեն ամենատարբեր թեմատիկա։ Դրանց հիմնական հատկանիշներն են աշխարհիկ բովանդակությունը, կապը իրականության հետ, մարդու զգացմունքներն ու բնության գեղեցկություններն արտացոլելու միտումները և, իհարկե, բուռն հայրենասիրությունը։ Այսպես՝ Ֆրիկի ստեղծագործություննորն ունեն ընդգծված սոցիալական ուղղվածություն, Հովհաննես Սարկավագ Իմաստասերն իր «Բան առ ձագն․․․» բանաստեղծության մեջ գովերգել է իրական կյանքը, բանաստեղծության աղբյուրը համարել բնությունը։ Հայրենասիրական վառ զգացմունքներով է հանդես եկել Ներսես Շնորհալին, որն իր ստեղծագործության նյութը նույնպես վերցրել է կյանքից։ Սակայն հայ միջնադարյան քնարերգության մեջ գերակշռում է սիրո թեման, որը նորովի է հնչում բանաստեղծներ Հովհաննես և Կոնստանդին Երզնկացիների, Մկրտիչ Նաղաշի և իհարկե Նահապետ Քուչակի երկերում։

Նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցի հիմնականում ստեղծագործել են միջին հայերենով։ Նրանց առակներում արտացոլվոլ է միջնադարյան Հայաստանի կյանքը՝ իր ողջ բազմազանությամբ Միջին հայերենով գրված երկերի մեջ հատուկ տեղ են գրավում նաև գիտական ուսումնասիրությունները։ Հայտնի են Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացու բժշկարանները, Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը»։ Վերջինս նշանավոր է նրանով, որ անմիջական պատկերացում է տալիս միջնադարյան Հայաստանում գործող իրավական հարաբերությունների մասին։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց լեզվի 11-րդ դասարանի դասագիրք