Միջատաբանությունը Հայաստանում

Միջատաբանության հիմնական հետազոտությունները հանրապետությունում կատարվել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաբանության ինստիտուտում այժմ էլ շարունակվում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կազմում գործող Կենսաբանության ինստիտուտում։

Միջատները Հայաստանում խմբագրել

Հանրապետության ֆաունայում միջատները կազմում են անողնաշար կենդանիների տեսակային բազմազանության 90 %-ը՝ շուրջ 15-16 հազար տեսակ։ Ոաումնասիրվել են գիտության ու տնտեսության համար ուշագրավ միջատների տարբեր խմբեր՝ Գ. Ավագյանը՝ ուղղաթևները, Ն. Ակրամովսկին՝ ճպուռները, Մ. Տեր-Գրիգորյանը՝ կոկցիդները, է. Ակրամովսկայան՝ կիսակարծրաթևները, Ս. Վարդիկյանը և Ռ. Հարությունյանը՝ թիթեռները, Հ. Ավետյանը, Ե. Հերթևցյանը և Գ. Առաքելյանը՝ թաղանթաթևները, Հ. Տերտերյանը, Վ. Հովհաննիսյա նը և Լ. Միրումյանը՝ երկթևները։ Միջատների ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են «Հայաստանի ֆաունայի» առանձին հատորներում։ Առավել խորությամբ ուսումնասիրվել են (Ա. Ռիխտեր, Ն. Պլավիլշչիկով, Մ. Տեր-Մինասյան, Ս. Յաբլոկով Խնձորյան, Մ. Քալաշյան, Մ. Մարջանյան) բզեզները։

Որդան կարմիրի հետազոտություններ խմբագրել

 
Որդան կարմիր

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում միջատաբանության զարգացման բնագավառում ունեցած ավանդի համար 1985 թվականին Ս. Յաբլոկով-Խնձորյանն արժանացել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական մրցանակի։ Ռ. Սարկիսովը, Ն. Մկրտչյանը, Ա. Սլտումյանը, Վ. Զախարյանը մանրակրկիտ ուսումնասիրել են Արարատյան հարթավայրի բնաշխարհիկ արարատյան որդան կարմիրը, մշակել են փակ գրունտում նրա բազմացման եղանակները։ Ինստիտուտի ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որդան կարմիրի պահպանման նպատակով, 1978 թվականին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ Հոկտեմբերյանի շրջանում (այժմ՝ Արմավիրի մարզ) ստեղծվել է արգելավայր (200 հա)։

Վնասատու միջատների դեմ ուղղված հետազոտություններ խմբագրել

Կենսաբանության ինստիտուտում Ս. Սարգսյանը, Ա. Ազիզյանն աշխատանքներ են կատարել նաև հանրապետության պտղատու մշակաբույսերի վնասատուի՝ խնձորենու պտղակերի դեմ գենետիկական պայքարի ուղղությամբ։ Միջատների ֆաունայի գնահատման աշխատանքների հիման վրա բացահայտվել են բազմաթիվ վտանգված տեսակներ, որոնցից 139-ն ընդգրկվել են «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում» (2010)։ ՀԳԻ-ում զբաղվել են լվիճների կենսաբանության հարցերով։ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում պարզաբանվել են մալարիային և ոչ մալարիային մոծակների տեսակային կազմերը, նրանց տարածվածությունն ու կենսաբանությունը։ Հակաժանտախտային կայանում (այժմ՝ ՀՀ Առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն) աշխատանքներ են կատարվել լվերի տեսակային կազմի և նրանց կենսաբանության վերաբերյալ։

Ողնաշարավորների ֆաունայի ուսումնասիրություններ խմբագրել

Ողնաշարավորների ֆաունան ուսումնասիրել են Կենդանաբանության, Բույսերի պաշտպանության ինստիտուտներում, Հակաժանտախտային կայանում, Երևանի Պետական համալսարանի և Մանկավարժական համալսարանի կենդանաբանության ամբիոններում, Սևանի ջրակենսաբանական կայանում և Երևանի կենդանաբանական այգում։ Ֆաունայի հետազոտությունների հիման վրա պարզաբանվել է (Ս. Դալ, Տ. Սոսնին, Ա. Լյայստեր, Ս. Չեռնով, Ա. Գումիլևսկի, Մ. Դադիկյան, Մ. Արամյան, Ն. Մարգարյան, Բ. Մարտիրոսյան, Ս. Պապանյան, U. Աղասյան, է. Յավրույան, Բ. Գաբրիելյան, Ս. Պիպոյան) ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմը, որը ներկայումս ընդգրկում է 535 տեսակ, այդ թվում՝ կաթնասուններ՝ 83, թռչուններ՝ 353, սողուններ՝ 53, երկկենցաղներ՝ 7, ձկներ՝ 39։ Կենսաբանության ինստիտուտում բազմակողմանիորեն ուսումնասիրվել են ինչպես վնասակար, այնպես էլ որսարդյունագործական և այլ կենդանիների՝ պահպանման ենթակա տեսակների էկոլոգիական առանձնահատկություններն ու քանակության շարժը։ Առաջին անգամ Հ. Դարևսկին բացահայտել և Ֆ. Դանիելյանի հետ ուսումնասիրել է ժայռային մողեսի կուսածնության երևույթը։ Սկյուռանմանների, սմբակավորների և կզաքիսների վազքի ու ցատկի կենսամեխանիկայի ուսումնասիրությամբ բացահայտվել են ֆիլոգենետիկ մեծ նշանակություն ունեցող մորֆոֆունկցիոնալ մի շարք օրինաչափություններ և դրանց պատճառները (Պ. Ղամբարյան)։ Կ. Այրումյանն ուսումնասիրել է դաշտամկների ներպոպուլացիոն մեխանիզմների կար գավորման հարցերը։ Ա. Անտոնյանն աշխատանքներ է կատարել հանրապետությունում անհետացման վտանգի տակ հայտնված վայրի ոչխարի (մուֆլոն) և բեզոարյան այծի պահպանության ուղղությամբ։ Ա. Աղասյանը, Ն. Մարգարյանը, Կ. Աղաբաբյանը, Մ. Ղասաբյանը, է. Յավրույանը, Ֆ. Դանիելյանը կա տարել են հանրապետության կենդ, աշխարհի՝ կաթնասունների, սողունների, երկկենցաղների և ձկների պոպուլացիոն, տեսակային ու լանդշաֆտային բազմա զանության գնահատման աշխատանքներ՝ ֆաունայի եզակի և տիպիկ բնական համալիրներն ու օբյեկտները, դրանց գենոֆոնդը պահպանելու նպատակով։

Հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը» (2010), որը ներառում է ողնաշարավոր կենդանիների 156 վտանգված տեսակներ, յուրաքանչյուրի համար պատրաստվել են բնութագրական ամփոփագրեր, տարածման քարտեզներ, գնա հատվել է կարգավիճակը՝ ըստ Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչների, տրվել են պահպանությանն ուղղված առաջարկներ։ Վերլուծվել են հանրապետության Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) վիճակը, սահմանները, ֆաունայի տեսակային կազմը, հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակը, դրանց կենսաէկոլոգիական առանձնահատկությունները, պահպանության վիճակը, ընդգրկման աստիճանը ԲՀՊՏ-ներում։

Առաջարկություններ են արվել վերանայելու գոյություն ունեցող ԲՀՊՏ-ների սահմանները և ստեղծելու նորերը։ Պարզաբանվել են որոշ կարգաբանական խմբերի ձևավորման առանձնահատկությունները, ֆիլոգենետիկ կապերը, էվոլյուցիոն և կարգաբանական մի շարք վիճելի հարցեր։ Ողնաշարավոր կենդանիների ֆաունայի պատմության (պալեոլիթից մինչև միջին դարեր) ուսումնասիրությամբ զբաղվել է Ս. Մեժլումյանը։ Աշխատանքները շարունակել է Ն. Մանասերյանը. ամփոփել է Հայաստանի կաթնասունների ֆաունայի վերաբերյալ բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները և ի մի բերել հետազոտվող տարածքի անտիկ ու միջնադարյան ավելի քան 80 հնագիտական հուշարձանների պեղումներից հայտնաբերված բազմաքանակ (շուրջ 24 հազար) ոսկրային մնացորդների հետազոտությունների արդյունքները, ըստ որի՝ հոլոցենյան ֆաունայում եղել է ողնաշարավոր կենդանիների 67 տեսակ։ Պարզվել է, որ կաթնասունների 25 տեսակից 10-ն անհետացել են բրոնզի դարից մինչև միջնադար ընկած ժամանակահատվածում։

Բույսերի պաշտպանության ինստիտուտում ուսումնասիրվել է գյուղատնտեսական վնասատու կրծողների կենսաբանությունը, մշակվել են դրանց դեմ պայքարի միջոցառումներ, համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում մշակվել են պայքարի միջոցներ մոխրագույն համստերիկի դեմ, պարզաբանվել է վայրի և տնային թռչունների դերն օրնիթոզների տարածման գործում։ ՀՀ ԱՆ-ի հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնում ուսումնասիրվում է կրծողների ու վայրի ֆաունայի տարբեր տեսակների դերը ժանտախտի և այլ վտանգավոր հիվանդությունների համաճարակաբանության հարցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։