Միջազգային գետեր, երկու կամ ավելի պետությունների տերիտորիայով հոսող կամ սահման հանդիսացող նավարկելի գետեր։ Միջազգային գետեր են Դանուբը, Հռենոսը, Կոնգոն, Նիգերը, Ամազոնը, Լա Պլատան, Մեկոնգը և այլն։ Միջազգային գետերով նավարկելու ազատությունն ազդարարվել է 1814-1815 թվականների Վիեննայի կոնգրեսում, առանձին գետերի իրավական ռեժիմը՝ Քյուչուկկայնարջիի հաշտության պայմանագրում (1774), Փարիզի հաշտության պայմանագրում (1856 թ.), Բեռլինի կոնֆերանսում (1884-1885 թթ.), Բելգրադի կոնվենցիայում (1948 թ.) և այլն։ Միջազգային գետերի այն մասը, որն անցնում է համապատասխան պետության տերիտորիայով, ենթարկվում է նրա իրավասությանը։ Օտարերկրյա առևտրական նավերի անցման կարգը լուծվում է այդ պետությունների համատեղ համաձայնագրով, իսկ առավել կարևոր Միջազգային գետեի իրավական ռեժիմը՝ առափնյա բոլոր պետությունների միջև կնքված համաձայնագրով (օրինակ, Դանուբի ռեժիմը)։ Միջազգային գետերը տնտեսական և այլ նպատակներով օգտագործելու հարցերը, որպես կանոն, կարգավորվում են առափնյա պետությունների միջև կնքված համաձայնագրերով։

Դանուբ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 572