Մերի Ռեյբի, ծնյալ՝ Հեյդոք (անգլ.՝ Mary Reibey, մայիսի 12, 1777(1777-05-12)[1], Բերի, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - մայիսի 30, 1855(1855-05-30)[1], Newtown), Անգլիայում ծնված վաճառական, նավատեր ու առևտրական, որն Ավստրալիա է տեղափոխվել որպես ոճրագործ։ Ազատությունը վերստանալուց հետո իր ժամանակակիցների կողմից համարվել է ընդօրինակման արժանի կերպար և դարձել գաղութի հաջողակ կին գործարարը։

Մերի Ռեյբի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1777(1777-05-12)[1]
ԾննդավայրԲերի, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 30, 1855(1855-05-30)[1] (78 տարեկան)
Մահվան վայրNewtown
ԳերեզմանBalmain Cemetery
ՔաղաքացիությունԱվստրալիա
Մասնագիտությունգործարար
ԱմուսինThomas Reibey?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներThomas Haydock Reibey?[2], Eliza Reibey?[2] և Elizabeth Ann Reibey?[2]
 Mary Reibey Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ռեյբին, որը մկրտության ժամանակ ստացել է Մոլլի Հեյդոք անունը, ծնվել է 1777 թվականի մայիսի 12-ին Անգլիայի Մեծ Մանչեսթեր կոմսության Բերի քաղաքում։ Գործարար կին էր ու առևտրական։ Ծնողների մահից հետո նրան դաստիարակել է տատիկն ու ուղարկել որպես սպասուհի ծառայելու։ Նա փախել է և 1791 թվականի օգոստոսին ձերբակալվել ձի գողանալու համար[3]։ Ծպտվել է տղայի հագուստով և կրել Ջեյմս Բարրոու անունը[4]։ Դատապարտվելով յոթ տարվա ազատազրկման՝ «Ռոյալ Ադմիրալ» նավով 1792 թվականի հոկտեմբերին ժամանել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքը։

 
Նամակ, որը գրել է Ռեյբին իր մորքրոջը՝ Պենելոպե Հոուպին 1792 թվականի հոկտեմբերի 8-ին Սիդնեյի Բոթնի բեյ ծովածոց ժամանելու հաջորդ օրը, նավի վրայից[5]

Կյանք և գործունեություն Ավստրալիայում խմբագրել

1794 թվականի սեպտեմբերի 7-ին 17-ամյա Մերին ամուսնացել է «Բրիտանիա» նավի կրտսեր սպա Թոմաս Ռեյբիի հետ՝ վերջինիս կողմից մի քանի անգամ ամուսնական առաջարկներ ստանալուց հետո։ Թոմաս Ռեյբիին տարածք էր շնորհվել Հոքսբերի գետի շրջակայքում, որտեղ իրենց ամուսնությունից հետո զույգը բնակություն է հաստատել։ Նրանք Ռեյբիքրոֆթ կոչվող ագարակատուն են կառուցել, որն այժմ ընդգրկված է Ավստրալիայի անշարժ գույքի ազգային գրանցամատյանում[6]։

Թոմաս Ռեյբին Հոքսբերի գետով բեռների առևտրով էր զբաղվում դեպի Սիդնեյ և հետագայում տեղափոխվել է այնտեղ։ Նրա բիզնես նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել և հնարավորություն տվել նրան 1804 թվականին Մաքվերի Փլեյս կոչվող տարածքում կառուցել քարե հարուստ առանձնատուն, որից հետո Հոքսբերի գետի շրջակայքում ձեռք է բերել ևս մի քանի ագարակ ու զբաղվել քարածխի, եղենափայտի, մորթու և կաշվի առևտրով։ Գործընկերության մեջ է մտել Էդվարդ Ուիլսի հետ և առևտրային գործունեությունն ընդլայնվել է դեպի Բասսի նեղուց, խաղաղօվկիանոսյան կղզիներ, իսկ 1809 թվականից՝ դեպի Չինաստան ու Հնդկաստան[4]։

1811 թվականի ապրիլի 5-ին ամուսնու մահից հետո Մերին միանձնյա ստանձնել է յոթ երեխաների պատասխանատվությունն ու բազմաթիվ առևտրական ձեռնարկությունների ղեկավարությունը։ Նա նորեկ չէր այս բնագավառում, որովհետև Սիդնեյից ամուսնու հաճախակի բացակայությունների ընթացքում կառավարել էր նրա գործերը։ Ամուսնու բիզնեսների շնորհիվ նշանակալիորեն հարուստ կին լինելով՝ շարունակել է ընդլայնել դրանց շրջանակը։ 1812 թվականին Ջորջ Սթրիթում նոր մեծածախ վաճառքի խանութ է բացել, իսկ 1817 թվականին ընդլայնել առաքման գործունեությունը՝ մի քանի նոր նավեր գնելով։ Նույն տարում Մաքվերի Փլեյսի նրա առանձնատանը հիմնադրվել է Նոր Հարավային Ուելսի բանկը[7][8]։

Մինչև 1828 թվականին առևտրի մեջ ակտիվ ներգրավվածությունից աստիճանաբար հանգստի անցնելը քաղաքում ձեռք էր բերել խոշոր գույքային սեփականություներ։ 1820 թվականի մարտին դուստրերի հետ Անգլիա է վերադարձել իր հարազատ գյուղն այցելելու և Սիդնեյ վերադարձել հաջորդ տարի[4]։ Այսպիսով, 1828 թվականի մարդահամարի ժամանակ, երբ նրան խնդրել են նկարագրել իր կարգավիճակը, նա հայտարարել է, որ «ժամանել է 1821 թվականին որպես ազատ քաղաքացի»։

Նոր Հարավային Ուելսի ազատագրական ընկերությունում հարգանք է վայելել իր բարեգործական աշխատանքների և եկեղեցով ու կրթությամբ իր հետաքրքրվածության համար։ 1825 թվականին նշանակվել է ազատ քերականական դպրոցի կառավարիչներից մեկը։

Մոտավորապես 1836 թվականին Նոր Հարավային Ուելսի Հանթերս Հիլ արվարձանում տնակ է կառուցել, որտեղ ապրել է որոշ ժամանակ։ Լեյն Քով գետի ափին գտնվող այդ տնակը հետագայում ձեռք են բերել Ժուբեր եղբայրները և ընդարձակել այն։ Այժմ հայտնի է «Թզնենու տուն» անունով և գրանցված է անշարժ գույքի ազգային գրանցամատյանում[6]։

Հանգստի անցնելուց հետո Սիդնեյի Նյութաուն թաղամասում տուն է կառուցել, որտեղ բնակվել է մինչև 1855 թվականի մայիսի 30-ին թոքաբորբից իր մահը․ նա 78 տարեկան էր[9]։

Լինելով ուժեղ անհատականությամբ օժտված նախաձեռնող ու վճռական անձնավորություն՝ իր կյանքի ընթացքում հարգանք է վայելել որպես խորաթափանց ու հաջողակ գործարար կին։ 1994 թվականից պատկերված է ավստալիական քսան դոլլարանոց թղթադրամի դիմերեսին[10]։

Մերի և Թոմաս Ռեյբիների ավագ որդին՝ Թոմաս Հեյդոք Ռեյբի II-ը (1821-1912, հոգևորական, ֆերմեր և քաղաքական գործիչ), հետագայում դարձել է Թասմանիայի վարչապետը 1876-1877 թվականների ընթացքում։

Վեպեր խմբագրել

Նրա կյանքի հիման վրա գրվել է առնվազն երեք վեպ։ Քեթրին Գասկինի «Սառա Դեյն» վեպը, որը վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակով, համեմատաբար քիչ է համապատասխանում իրականությանը․ 1982 թվականին դրա հիման վրա մինի սերիալ է ստեղծվել, որտեղ գլխավոր հերոսուհին երկրորդ անգամ է ամուսնանում․ մի բան, որ իրականում չի եղել[11]։ Ավելի ճշգրիտ է Քեյթլին Փուլենի «Մերի Ռեյբի» վեպը[12]։ Անտեսված, բայց հետաքրքիր ավստրալիացի մանկական գրող Նանս Դոնկինի «Տունը գետափին» մանկական պատմավեպը մասամբ է պատմում Մերի Ռեյբիի պատմությունը․ նույն հեղինակը գրել է նաև «Ազատագրողը» վերնագրով Մերի Ռեյբիի կենսագրությունը մանուկների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. Daily Telegraph, 12 May 2009, p.37
  4. 4,0 4,1 4,2 Walsh, G. P. «Reibey, Mary (1777-1855)». Australian Dictionary of Biography. National Centre of Biography, Australian National University.
  5. «Penelope Hope - letter received from her niece Molly Haydock (Mary Reibey), Sydney, 8 October 1792». State Library NSW. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  6. 6,0 6,1 The Heritage of Australia, Macmillan Company, 1981, p.2/22
  7. «Bank of New South Wales». Dictionary of Sydney. 2008. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. Bank of New South Wales (1974). Australia's first bank : a brief history (2nd ed.). Bank of New South Wales. ISBN 978-0-909719-14-2.
  9. «Family Notices». The Sydney Morning Herald. Vol. XXXVI, no. 5601. 1855 թ․ մայիսի 31. էջ 8 – via National Library of Australia.
  10. «The Australian $20 Banknote». Reserve Bank of Australia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  11. Gaskin, Catherine (1954). Sara Dane. London & Sydney: Collins.
  12. Pullen, Kathleen J. (2011). Mary Reibey: The Women on the $20 Note. Sydney: New Holland. originally published by Ure Smith in 1975.

Գրականության ցանկ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ռեյբի» հոդվածին։