Մեսրոպ Մաշտոցի դիմանկար (Ստեփանոս Ներսիսյան)

Ստեփանոս Ներսիսյանի նկարը

Մեսրոպ Մաշտոցի դիմանկար, Ստեփանոս Ներսիսյանի 1882 թվականին ստեղծած կտավն է, որտեղ պատկերված է հայկական գրի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը հոգեկան ընդվզման ամենալարված պահին՝ առաջին տառերն ուրվագծելիս[1]։

Մեսրոպ Մաշտոցի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՍտեփանոս Ներսիսյան
տարի1882
բարձրություն106 սանտիմետր
լայնություն88 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութՅուղաներկ կտավի վրա
գտնվում էԷջմիածնի Մայր Տաճար
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն խմբագրել

Ստեփանոս Ներսիսյանն իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել ժամանակի լուսավորության ու հասարակական մտքի զարգացմանը նվիրված անձանց[1]։ Մաշտոցի դիմանկարը Ստեփանոս Ներսիսյանը ստեղ­ծել է կյանքի վերջին տարիներին՝ 1882 թվականին։ Նույն ժամանակ ստեղծել է նաև հայոց գրերի ստեղծման գործում Մաշտոցին սատարող, կաթողիկոս Սահակ Պարթևի դիմանկարը։ Երկու նկարն էլ լայն տարածում են գտել և ժողովրդականություն են վայելել։

Աշխատանքը կատարվել է գանձակեցի մեծահարուստ Տեր-Ներսիսյանի պատվերով, որոշ ժամանակ պահպանվել է նրա տան դահլիճներից մեկում, ապա՝ Թարգմանչաց եկեղեցում։ Նկարի տարբերակը եղել է Թիֆլիսի Վանքի եկեղեցում, իսկ այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր Տաճարում[1]։

Նկարի սյուժե խմբագրել

Նկարը միաֆիգուր կոմպոզիցիա է։ Մեսրոպ Մաշտոցը նկարում պատկերված է ոգեշնչման պահին, մոխրաշականակագույն զգեստով, լեռան լանջին նստած։ Նա կիսով չափ թեքված է, գլուխը բարձրացրած։ Հայացքն ուղղել է դեպի երկինք, ձեռքը դրել է կրծքին։ Երկնքի ֆոնին հստակ ընդգծված է Մաշտոցի մարմինը։ Այն տիրապետող է կոմպոզիցիայում։ Ստեղծագործական երկունքի պահն է և նա ծնկին դրած մատյանում գրի է առնում հայերեն տառերը։ Բնության տեսարանը երկնքի պատկերը, այստեղ կատարում է լրացուցիչ դեր կերպարի լրիվ բացահայտման համար։ Հորիզոնում երևացող վաղորդյան արշա­լույսի ցոլքերը լուսավորել են Մեսրոպի դեմքը[2]։ Նկարի վերին ձախ անկյունում, առկայծվող լույսի մեջ պատկերված է թևատարած փոքրիկ աղավնի նշանագրերով փոքր տախտակը կտցին[1]։

Սյուժեի հիմք խմբագրել

Սյուժեի հիմքում դարերի ընթաց­քում, ժողովրդի մեջ արմատավորված պատկերացումն է, թե հայերեն տառերը հորինելիս Մեսրոպը ներշնչվել է վերուստ՝ երկնքից իջած տեսիլքի ձևով։ Դրան հիմք է ծա­ռայել պատմահայր Մովսես Խորենացու գրած առասպելը։ Իր «Պատմություն հայոց» գրքում Մովսես Խորենացին գրել է, որ Մեսրոպ Մաշտոցը հայ տառերը հորինել է «երկնային շնորհով»։

Մաշտոցի կերպար խմբագրել

Կերպարի կերտման հիմք է ծառայել Մովսես Խորենացու պատումը։ Խորենացին նշել է, որ Մեսրոպ Մաշտոցը «մարմնով փառահեղ» էր։ Ստեփանոս Ներսիսյանը առաջին պլան է բերել Մեսրոպին, որն էլ ավելի ընդգծել խոշոր մարմնի «փառահեղ» լինելը։ Կերպարի մկանուտ լինելու մասին վկայում է մարմնի բաց մասի՝ վզի հատվածը[2]։ Կերպարն իր ներքին էությամր օժտված է որոշ սրբացման երանգով։ Մեսրոպը պատկերում 40-ն անց առույգ, ամրակազմ, հաղթանդամ տղամարդ է, մի տարիք մարդու համար, երբ նրա ստեղծագործական միտքր հանդես է գալիս իր ողջ կարողությամբ[1]։

Հաստատելու համար Խորենացի պատմահոր «նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք» արտահայտությունը, Ներսիսյանը պատկերել է խելացի հայացքով հայ առնական տղամարդու՝ գեղեցիկ դիմագծերով, սև բեղերով, կարճ մորուքով, երեսը մի փոքր մազակալած։ Ըստ արվեստաբան Ե․ Մարտիկյանի Ստեփանոս Ներսիսյանը «Մեսրոպին պատկերել է մարդկային կոնկրետ, ռեալ նկարագրի հատկանիշներով»[3]։ Ըստ Մանյա Ղազարյանի՝ «նկարիչը հեռացել է մեսրոպյան կերպարի ավանդական պատկերումից. սուրբ, որը հրաշքի զորությամբ տեսնում է հայ նշանագրերը։ Ներսիսյանի համար կարևոր է դարձել ոչ թե միայն երևույթի հրաշքային կողմը, այլև մարդու ստեղծագործական միտքը, նրա ներքին կամքն ու ձգտումը»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Մ․ Ղազարյան, Մեսրոպ Մաշտոցը հայկական կերպարվեստում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 Մանաս Սարգսյան, Ստեփանոս Ներսիսյան, Երևան, 1985 թ. էջ 109-112
  3. Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 1-2, Ե․, 1971–75