Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծ Տիլ (այլ կիրառումներ)

Մեծ Տիլ (էստ․՝ Suur Tõll), էստոնական դիցաբանության հերոս, որ ապրել է Սաարեմաա կղզում։ Մեծ Տիլը գյուղացի է, դյուցազուն, որ պայքարում է իր ժողովրդի թշնամիների դեմ։

1959 թ. Էնո Ռաուդը Տիլի մասին գիրք է գրել, իսկ 1980 թ. Տալլինֆիլմ կինոստդիայում նկարահանվել է «Մեծ Տիլ» մուլտֆիլմը, որ համամիութենական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի[1]։

Առասպելի սյուժեն

խմբագրել

Մեծ Տիլն ապրում էր Տիլուստե գյուղում իր կնոջ՝ նույնպես հսկա Պիռետի հետ։ Մեծ Տիլը գյուղի կառավարիչն էր, սակայն մյուս գյուղացիների նման զբաղվում էր հողագործությամբ, ձկնորսությամբ։ Նա հաճախ էր այցելում իր եղբորը՝ հսկա Լեյգերին, որ ապրում էր Հիյումաա կղզում։ Տիլն այնքան մեծ էր, որ կարող էր քայլել ծովով, իսկ նրա գավազանը, որ պատրաստված էր եղևնու գերանից, ուներ 10.5 մ բարձրություն։ Նա սիրում էր կաղամբ, գարեջուր ու շոգեբաղնիք։ Տիլը բռնկվող բնավորություն ուներ, բայց բարի էր ու միշտ օգնության էր հասնում գյուղացիներին։

Մեծ Տիլը մի թշնամի ուներ. հսկա Անմաքուրը (վանապագան) ձգտում էր ամեն կերպ վնասել Տիլին։ Մի անգամ, երբ Տիլը տանից հեռու էր, Անմաքուրն ավերեց Տիլի տունը։ Դա տեսնելով՝ Տիլի կինը մահացավ։ Ի վերջո Տիլը հաշվեհարդար է տեսնում Անմաքուրի հետ։

Երբ կղզու վրա հարձակվում են ասպետները, Տիլը գնում է կռվելու նրանց դեմ, սակայն հարձակվողներն այնքան շատ էին, որ նրանք հաղթում են Տիլին ու կտրում վերջինիս գլուխը։ Վերցնելով իր գլուխը (Տիլը գլուխն անցկացնում է թրի վրա, այլ տարբերակներում՝ դնում թևի տակ)` Տիլը գնում է մեռնելու` խոստանալով վերադառնալ ու օգնել մարդկանց։ Եթե թշնամիները նորից հարձակվեն, թող միայն կանչեն իրեն։ Սակայն չարաճճի երեխաները նրան ծաղրելու համար կանչում են. «Տի՜լ, Տի՜լ, վեր կաց, կռիվ է»։ Հսկան վեր է կենում, սակայն տեսնելով, որ իրեն խաբել են, նորից պառկում է գերեզմանում՝ երդվելով, որ այլևս չի վերադառնա։

Ավանդության արմատներն ու հերոսների նախատիպերը

խմբագրել
 
Մեծ Տիլը

Մեծ Տիլը ժողովրդի առաջնորդի կերպար է[2]։ Հնարավոր է, որ նախկինում գոյություն է ունեցել նրա իրական նախատիպը, որ եղել է շատ բարձրահասակ։ Տիլի մասին պատմության որոշ հատվածներ վերաբերում են հեթանոսական շրջանին, սակայն կան նաև քրիստոնեական շրջանին վերաբերող դեպքեր, օրինակ՝ վանապագանի հետ կռվի պատմությունը ձևավորվել է քրիստոնեության ընդունումից հետո, քանզի վանապագանը նկարագրվում է այնպես, ինչպես քրիստոնեական դևերը։

Առասպելում հիշատակվում են աշխարհագրական մի շարք օբյեկտներ, օրինակ՝ Պիռետիկիվի ապառաժը («Պիռետի քար»)։ Երբ Պիռետը շոգեբաղնիքի համար քար էր հավաքում, դրանցից մեկն ընկավ նրա ոտքին։ Պիռետը ցավից լացեց ու քարը շպրտեց։ Ընկած տեղում էլ քարը մնում է մինչև օրս, և նրա շուրջը միշտ խոնավ է։ Առասպելում հիշատակվում է նաև Հարիլայդ թերակղզին։ Վանապագանն ուզում է կամուրջ կառուցել, որ մարդկային հոգիներն այդ կամրջով գնան դևի մոտ։ Տիլից փախչելու ժամանակ Վանապագանը նետում է ավազը, որի տեղում էլ առաջանում է Հարիլայդ կղզին։ Ըստ ավանդության՝ Սաարեմաա ու Հիյումմա կղզիները միացնող ցամաքի նեղ շերտը սարքել են Լեյգերն ու նրա որդիները, որպեսզի Տիլը ցամաքով այցելի իր եղբորը։ Իսկ այն տեղից, ուր ընկել է Տիլի նետած նիզակը, բխել է սառնորակ աղբյուր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայրենական կինոյի հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Советская этнография. Институт этнографии имени Миклухо-Маклая, 1972. էջ 189.

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Рейн Раамат. Большой Тылль. Художник Юри Аррак. По мотивам эстонского народного сказания. Перевод с эст. М. Тальсон. Таллин, «Периодика», 1982 г.
  • Эстонский фольклор. Ответственный редактор Р. Вийдалепп. Академия наук Эстонской ССР. Институт языка и литературы. Таллин, «Ээсти раамат», 1980 г.
  • Карл Карлович Сийливаск, История Эстонской ССР. Таллин, «Периодика», 1979 г.
  • Эно Рауд, Великан Тылль, 1959 г.
  • Мифологический словарь/Гл.ред. Е. М. Мелетинский. М.։ «Советская энциклопедия», 1990 г.