Մարդը մարդուն գայլ է (լատին․՝ Homō hominī lupus կամ ամբողջական ձևով` Homō hominī lupus est), լատիներեն արտահայտություն, որը նշանակում է «Մարդը գայլ է մեկ այլ մարդու համար»։ Արտահայտությունը կիրառվում է բնութագրելու այնպիսի մարդկային հարաբերություններ և բարքեր, որոնցում գերակշռում են ծայրահեղ էգոիզմը, թշնամությունը և անտագոնիզմը, երբ մարդն իր բնույթով վարվում է այնպես, ինչպես գայլը՝ բնության մեջ։ Այս օրինակում համարվում է, որ գայլը, որպես արարած, ունի գիշատիչի, անմարդկայինի հատկանիշներ, այսինքն՝ ավելի շատ նման է կենդանու, քան՝ քաղաքակրթվածի։

Մաքսիմիլիան Պիրներ - «Մարդը մարդուն գայլ է» (1901)

Պատմություն խմբագրել

Ասացվածքի տարբերակներից մեկը հանդիպում է հռոմեացի կատակերգու Տիտոս Մակկիոս Պլավտուսի «Ավանակներ» («Asinaria») կատակերգությունում[1]՝ «Lupus est homō hominī, nōn homō, quom quālis sit nōn nōvit»[2], որը թարգմանվում է «Մարդն օտարի համար գայլ է, ոչ թե՝ մարդ», կամ առավել ճշգրիտ՝ «Մարդը գայլ է և ոչ թե մարդ մեկ այլ մարդու նկատմամբ, ում դեռ չի հանդիպել»։

Որպես հակընդեմ միտք Լուցիուս Աննեուս Սենեկան իր «Epistulae Morales ad Lucilium» աշխատությունում գրել է «homō, sacra rēs hominī»[3], որը թարգմանվում է՝ «մարդը մարդու աչքում ակնածանքի առարկա է»։

Էրազմ Ռոտերդամցին ասացվածքի Պլավտուսի տարբերակն օգտագործել է իր «Adagia» աշխատությունում՝ գրելով․ «Այստեղ մեզ նախազգուշացվում է չվստահել անծանոթ մարդկանց, այլ զգուշանալ ինչպես որ գայլից»[4]։

Փիլիսոփա, աստվածաբան և իրավաբան Ֆրանցիսկո դե Վիտորիան (լատին․՝ Franciscus de Victoria) իր «Relectiones Theologicae» աշխատությունում գրել է, որ հռոմեացի բանաստեղծ Պուբլիուս Օվիդիուս Նասոն համաձայն չէր ասացվածքի հետ։ Մարդը, գրում է Օվիդիուսը, իր ընկերակից մարդու համար մարդ է, և ոչ թե՝ գայլ։

Թոմաս Հոբսն իր «De Cive» աշխատությունում անդրադարձել է այս ասացվածքին․ «Եթե անաչառ լինենք, ապա երկու արտահայտություններն էլ շատ ճիշտ են. այն, որ մարդը մարդու նկատմամբ՝ ինչպես Աստվածը, և որ մարդը մարդու նկատմամբ՝ ինչպես գայլը։ Առաջինը ճիշտ է, երբ մենք քաղաքացիներին համեմատում ենք միմյանց հետ, իսկ երկրորդը՝ երբ համեմատում ենք քաղաքները։

Հոբսը նկարագրել է նույն հասարակության մեջ այլ մարդկանց նկատմամբ մարդու արդար և մեծահոգաբար վարվելու միտումը և հասարակության խաբուսիկ և դաժան գործելու միտումն այլ հասարակությունների նկատմամբ։

Զիգմունդ Ֆրոյդն իր «Քաղակակրթության անհարմարությունը» աշխատությունում համաձայնվել է ասացվածքի հետ՝ գրելով․ «Միշտ կա գայթակղություն մերձավորին ձեր ագրեսիվությունը բավարարելու միջոց դարձնել, օգտագործել նրա աշխատուժն առանց վարձատրության, օգտագործել նրան որպես սեքսուալ օբյեկտ՝ չհարցնելով նրա համաձայնությունը, զրկել գույքից, նվաստացնել, ցավ պատճառել, տանջել և սպանել։ Homo homini lupus։ Ո՞վ կունենա համարձակություն վիճարկելու այս դատողությունը՝ ունենալով կյանքի և պատմության մեծ փորձ»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ՄՈԴԵԼՆԵՐԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ. ԹԵՐ ԵՎ ԴԵՄ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Titus Maccius Plautus. «Asinaria». The Latin Library. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  3. Lucius Annaeus Seneca. «Epistulae morales ad Lucilium». The Latin Library. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  4. Erasmus, Desiderius (2001) [1500-1536]. Barker, William (ed.). The Adages of Erasmus. University of Toronto Press. էջ 41. ISBN 0802048749. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.