Մարգարետա Աբենիուս
Մարգարետա (Մարգիտ) Ուլրիկա Աբենիուս (շվեդ.՝ Margareta "Margit" Ulrika Abenius, հուլիսի 14, 1899[1][2], Orsa församling, Orsa Municipality, Դալարնա, Շվեդիա[2][3][4] - օգոստոսի 3, 1970[1], Lena Parish, Շվեդիա[1]), շվեդ գրաքննադատ, 1930-1970 թվականների ամենաազդեցիկ գրականագետներից մեկը, էսսեիստ, գրող և թարգմանիչ։
Մարգարետա Աբենիուս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1899[1][2] |
Ծննդավայր | Orsa församling, Orsa Municipality, Դալարնա, Շվեդիա[2][3][4] |
Մահացել է | օգոստոսի 3, 1970[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Lena Parish, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | գրական քննադատ և հետազոտող |
Ծնողներ | հայր՝ Վիլհելմ Աբենիուս[1][2][3][…] |
Անդամություն | Q105084423?[5] |
Margit Abenius Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարգիտ Աբենիուսը ծնվել է 1889 թվականին, Օրսայում։ Նա Վիլհելմ և Մարիա Աբենիուսների չորս զավակներից ամենամեծն էր։ Առաջին տարիներին նա ծնողների հետ ապրել է Բուրոս քաղաքում, այնուհետև նրանք տեղափոխվել են Էրեբրու, որտեղ հայրն աշխատանքի էր անցել Համալսարանի արվեստի, արհեստների և դիզայնի քոլեջում, որը այդ ժամանակ կոչվում էր «Տեխնիկական դպրոց» (շվեդ.՝ Tekniska skolan):
Մարգիտը իր մորից ժառանգել է հետաքրքրություն պոեզիայի, ժողովրդական մեղեդիների և բանավոր պատմվածքների նկատմամբ։ 1917 թվականի աշնանը Էրեբրոի Ռիեսբերգի գիմնազիան ավարտելուց հետո Մարգիտ Աբենիուսը ընդունվել է Uppsala Enskilda Läroverk-ի մասնավոր դպրոցի եռամյա ուսումնական դասընթացները, որտեղ սովորել է հունարեն, լատիներեն և անգլերեն։ Շվեդերենի և անգլերենի ուսուցիչ Օլոֆ Գերդմանը առանձնապես ուժեղ ազդեցություն է ունեցել Մարգիտի մտավոր զարգացման և հետագա կյանքի վրա, և նրանց մտերմությունը տևել է մինչև Գերդմանի մահը` 1965 թվականին։
1919 թվականի գարնանը դպրոցն ավարտելուց հետո` այդ տարվա աշնանը, Մարգիտը ընդունվել է Ուփսալայի համալսարան, բայց առողջության վատթարացման պատճառով նա ստիպված է եղել հետաձգել ուսումը մինչև 1920 թվականի աշուն։ Ուսումնառության ընթացքում նա հետաքրքրվել է ոճաբանության ուսումնասիրությամբ, որում նրան աջակցել են սկանդինավյան լեզուների պրոֆեսոր, իսկ հետագայում նաև Շվեդիայի ակադեմիայի անդամ Բենգթ Հեսելմանը։ Նա իր ուսումնասիրության նյութերը հրապարակել է Nysvenska studier-ում 1923, 1928 և 1930 թվականներին։
1925 թվականին՝ սկանդինավյան լեզուների, անգլերենի և գրականության պատմության գիտական աստիճան և 1928 թվականին սկանդինավյան լեզուների բակալավրի կոչում ստանալուց հետո, Մարգիտ Աբենիուսը կենտրոնացավ Յուհան Հենրիկ Չելգրենի ստեղծագործությունների ուսումնասիրության վրա և գրել է իր ատենախոսությունը Stilstudier i Kellgrens prosa թեմայով։ Նա սկսեց հրատարակվել նաև Vår lösen ամսագրում (վերջին հոդվածը լույս է տեսել 1967 թվականին)։ 1931 թվականին իր դիսերտացիան պաշտպանելուց հետո Մարգիտ Աբենիուսը հեռացել է Ուփսալայի համալսարանից և նվիրվել գրականագիտությանը, էսսեներ գրելուն և թարգմանություններ կատարելուն։ 1933-1964 թվականներին եղել է Bonniers Litterära Magasin-ի խմբագիրը, որը հիմնադրվել է մեկ տարի առաջ։ Ամսագրում նա հրապարակել է շվեդական և արտասահմանյան հրատարակությունների ակնարկներ։ 1933-1964 թվականներին հրապարակվել է նաև Ord och Bild ամսագրում։
1933-1967 թվականներին վարել է նաև ռադիոհաղորդումներ, որտեղ մեկնաբանել է արձակի և քնարերգության վերաբերյալ ակնարկները։ Մարգիտ Աբենիուսը դասախոսություններ էր կարդում նաև մշակութային միությունների համար։ 1944 թվականին նրան հրավիրեցին Ուփսալայում ղեկավարելու ընթերցասերների խմբակ, որը կոչվում էր «Yrkeskvinnors klubbs litterära cirkel» (աշխատող կանանց գրական ակումբ)։ Ուփսալայում նա մտավորական շրջանակի անդամ էր, որում ընդգրկված էին փիլիսոփա և քննադատ Ինգեմար Հեդենիուսը, Կնուտ Ենսսոնը, Տորա Դալը, Ստինա Արոնսոնը, Բրոր Հյորտը։ 1940-ականներին Մարգիտ Աբենիուսը կենտրոնացավ գրական գործունեության վրա։ 1944 թվականին նա Kontakter ժողովածուում հրապարակել է իր 20 էսսեները և հոդվածները, որով հաստատվեց որ նա այդ տասնամյակի կարևոր քննադատներից մեկն է։ 1950-ականներից ի վեր Մարգիտը աշխատել է Շվեդիայում ֆրանսիացի փիլիսոփա Սիմոն Վիլին ժողովրդականացնելու ուղղությամբ, հրատարակել նրա էսսեները և թարգմանել նրա գործերը շվեդերեն։ 1930-ականներից ի վեր նա ակտիվորեն քննադատել է ինչպես նացիզմը, այնպես էլ կոմունիզմը, նրա համակրանքներն ավելի ու ավելի էին հակված քրիստոնեության հանդեպ։ Մարգիտը, թեև շփվում էր կանանց իրավունքների պաշտպանների և սուֆրաժիստների հետ, նա երբեք իրեն չէր նույնացնում նրանց հետ։ 1949-1969 թվականներին նա եղել է շվեդական գրական ընկերության Samfundet De Nio («Իննի ընկերություն») անդամ։ 1963 թվականին նա ամփոփել է իր աշխատանքային գործունեությունը «Memoarer från det inre» գրքում, որը ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից, իսկ 1965 թվականին ստացավ վերջերս հիմնադրված Բիրգեր Շյբերգի մրցանակը։
Մարգիտ Աբենիուսը չի ամուսնացել։ Մահացել է 1970 թվականին, Ուփսալայում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Margareta (Margit) Ulrika Abenius1899-07-14 — 1970-08-03Forskare, litteraturkritiker
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Orsa kyrkoarkiv, Dalarnas län, Födelse- och dopböcker, SE/ULA/12919/C/11 (1895-1903), bildid: 00191793_00105, sida 102
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Margreta Ulrika, f. 1899 i Orsa Kopparbergs län (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 4,0 4,1 4,2 Margareta Ulrika, f. 1899 i Orsa Kopparbergs län (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Burman C., Johansson B., Meurling B. http://www.diva-portal.org/smash/get/diva2:1349610/FULLTEXT02.pdf (շվեդերեն) — P. 267. — ISBN 978-91-513-0748-0
- ↑ Margit Abenius (1899-1970)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետա Աբենիուս» հոդվածին։ |