Բիոէթիկա, գիտություն է կենսաբանության և բժշկության մեջ առաջընթաց գրանցելիս ծագած էթիկական խնդիրների մասին: Բիոէթիկան նաև բարոյագիտական դիսցիպլինա է և առնչություն ունի առողջապահական քաղաքականության ու պրակտիկայի հետ: Բիոէթիկան վերաբերում է այնպիսի էթիկական հարցերին, որոնք ծագում են բնական գիտությունների և բիոտեխնոլոգիայի, բժշկության և բժշկական էթիկայի, քաղաքականության, իրավունքի, կրոնագիտության և փիլիսոփայության միջև փոխհարաբերություններում:[1] Այն իր մեջ ներառում է այնպիսի արժեքների ուսումնասիրությունը, որոնք վերաբերելի են բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը և բժշկական գիտությունների այլ ճյուղերին (այլ խոսքով՝ ընդհանուր էթիկա): Էթիկան կապված է նաև այլ գիտությունների հետ, որոնք դուրս են կենսաբանական գիտությունների ուսումնասիրման առարկայից:

Ստուգաբանություն խմբագրել

Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926թ. Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկական իմպերատիվի մասին հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը[2]: 1970թ.-ին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց սույն տերմինը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը: Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության, էկոլոգիայի, բժշկության և մարդկային արժեքների միջև եղած փոխհարաբերությունների մասին:[3][4]

Սարգենտ Շրիֆերը՝ Յունիս Քենեդի Շրիֆերի կինը, պնդում է, որ բիոէթիկա տերմինն ինքն է հայտնագործել 1970թ.-ին Մերիլենդի Բաթեսդայի իր տան հյուրասենյակում: Նա նշում է, որ այդ տերմինի մասին սկսեց մտածել այն ժամանակ, երբ երեկոյան տուն վերադարձավ Ջորջթաունի համալսարանում տեղի ունեցած քննարկումից հետո, որտեղ քննարկման առարկա է դարձել Քենեդի ընտանիքի կողմից հնարավոր հովանավորությունը համալսարանում, որը կենտրոնացած էր բժշկության մեջ առկա երկընտրելի իրավիճակների նկատմամբ բարոյական փիլիսոփայության կիրառման վրա:[5]

Նպատակ և շրջանակներ խմբագրել

Բիոէթիկայի բնագավառն ուղղված է մարդկային ուսումնասիրությունների լայն շրջանակին՝ սկսած մարդու կյանքի սահմաններին, փոխնակությանը, օրգանների փոխպատվաստումներին վերաբերող բանավեճերից մինչև բժշկական միջամտություններից հրաժարվելը կրոնական կամ մշակութային պատճառներով: Բիոէթիկայի մասնագետները շատ հաճախ վիճում են այն հարցի շուրջ, թե բիէթիկայի սահմանները արդյոք կարող են ձգվել և արծարծել բժշկության ու կենսաբանության բոլոր էթիկական հարցրերը, թե միայն դրանց մի մասը:[6] Մի շարք մասնագետները կարծում են, որ բիոէթիկայի առաքելությունը սահմանափակվում է միայն բժշկական միջամտության, տեխնոլոգիական առաջընթացի և բժշկական միջամտություն իրականացնելու կամ բուժման ժամկետների հետ կապված էթիկական հարցերով: Մասնագետների մեկ այլ խումբ այն կարծիքին է, որ բիոէթիկան ավելի լայն է և պետք է ներառի էթիկական հարցերի այն շրջանակը, որը վերաբերում է բժշկական ցանկացած միջամտությանը, որը այս կամ այն կերպ կարող է վնասել կամ բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա կամ վախ առաջացնել կենդանի օրգանիզմի մոտ:

Բիոէթիկայի շրջանակը կարող է ընդլայնվել բիոտեխնոլոգիայի բնագավառում՝ ընդգրկելով կլոնավորումը, գենային թերապիան, կյանքի տևողության երկարաձգումը, մարդու գենային ինժիներիան, աստրոէթիկան և կյանքը տիեզերքում[7], ինչպես նաև բազային կենսաբանության մանիպուլյացիան ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն և սպիտակուցներ փոփոխելու միջոցով[8]: Այս զարգացումները ազդեցություն կունենան հետագա էվոլյուցիայի վրա, և կարող են այնպիսի նոր սկզբունքներ ստեղծելու պահանջ առաջացնել՝ ուղղված կյանքին՝ որպես ամեն ինչի հիմքի, ինչպիսիք են կենսաբանական էթիկա, որն արժևորում է կյանքը հենց իր կենսաբանական գործընթացների և կառուցվածքի վրա հիմնված, և ձգտում է դրա ընդլայնմանը:[9]

Սկզբունքներ խմբագրել

Ժամանակակից բիոէթիկայի մասնագետների կողմից առաջին թիրախավորված ոլորտներից է մարդու նկատմամբ փորձարկումներ կատարելը: Կենսաբժշկական և վարքագծային հետազոտությունների սուբյեկտների իրավունքների պաշտպանության ազգային կոմիտեն առաջին անգամ հիմնադրվեց 1974թ.-ին հետազոտելու համար այն հիմնական էթիկական սկզբունքները, որոնք պետք է ելակետ և ուղենիշ հանդիսանան մարդու վրա կենսաբժշկական և վարքագծային հետազոտություններ իրականացնելու համար: Ինչևէ, հիմնական սկզբունքները, որոնք հրապարակվել են Բելմոնդի Զեկույցում (1979), հատկապես մարդու նկատմամբ հարգանքը, կարեկցանքը և արդարությունը, մեծ ազդեցություն են թողել բիոէթիկայի շրջանակներում ձևավորված մտածողության վրա: Այս հիմնական արժեքների ցանկին ավելացել են նաև վնաս հասցնելուց զերծ մնալը, մարդկային արժանապատվության հարգումը, ինչպես նաև կյանքի անձեռնմխելիությունը: Ընդհանուր առմամբ, Բելմոնդի զեկույցն առաջնորդում է հետազոտությունների իրականացումն այն ուղղությամբ, որը կենտրոնացած է խոցելի սուբյեկտների վրա, ինչպես նաև ապահովում է թափանցիկությունը հետազոտողի և փորձարկման սուբյեկտի միջև:

 
Հիպոկրատը հրաժարվում է նվերից

Սակայն վերջինի 40 տարիների ընթացքում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված Բելմոնդի զեկույցով ամրագրված սկզբունքները վերանայման կարիք ունեն:[10] Բիոէթիկայի մյուս կարևոր սկզբունքը վերջինիս ներկայացումն ու քննարկումն է: Բիոէթիկայի բազում քննարկումների վրա հիմնված բազում խմբեր գոյություն ունեն Միացյալ Նահանգների համալսարաններում` հենց այդպիսի նպատակներին հասնելու համար: Որպես օրինակ կարող են ծառայել Օհայոյի նահանգի Բիոէթիկայի Պետական Կազմակերպությունը[11] և Կորնելի Կենսաէթիկայի Կազմակերպությունը[12]: Սույն կազմակերպությունների մասնագիտական մակարդակն անհամեմատ բարձր է: Բիոէթիկայի բազում մասնագետներ, հատկապես բժիշկ-գիտնականներ, նախապատվությունը տալիս են ինքնավարության սկզբունքին: Նրանք խորապես համոզված են, որ յուրաքանչյուր պացիենտ ինքնուրույն պետք է որոշի, թե բժշկական ինչ միջամտություն պետք է կատարվի իր նկատմամբ: Այլ խոսքով, պացիենտը պետք է միշտ ազատ լինի իր բուժման տարբերակն ընտրելու հարցում:[13]

Բժշկական էթիկա խմբագրել

Էթիկան մեծ ազդեցություն ունի բուժաշխատողների և պացիենտների կողմից կայացրած բժշկական որոշումների վրա:[14] Բժշկական էթիկան գիտություն է այնպիսի բարոյական արժեքների ու որոշումների մասին, որոնք կիրառելի են բժշկության մեջ: Հիմնական բարոյական սկզբունքները չորսն են: Դրանք են ինքնավարության հարգումը, օգտակարությունը, չվնասելը և արդարությունը: Այս չորս սկզբունքների օգտագործումը և բուժաշխատողի վերաբերմունքը, գործնականում ուղղված լինելով վերջինիս բաժին հասած ֆունկցիայի ճիշտ կատարմանը, հնարավորություն կտան նրան բարոյական որոշումներ կայացնել:[15]

Որպես գիտական ուսմունք, բժշկական էթիկան իր մեջ ներառում է գործնական կիրառելիությունը կլինիկական պայմաններում, ինչպես նաև պատմության, փիլիսոփայության, կրոնագիտության և սոցիոլոգիայի ոլորտներում ունեցած իր ահռելի դերակատարությունը:

Բժշկական էթիկան նեղ իմաստով հանդես է գալիս որպես կիրառական գիտություն, մինչդեռ բիոէթիկան ավելի լայն հասկացություն է և արծարծում է գիտության փիլիսոփայությունը և բիոտեխնոլոգիայի հարցերը: Երկու գիտություններն էլ իրենց կարգավորման առարկայով համընկնում են, և դրանց տարբերությունները կրում են ավելի շատ ձևական բնույթ, քան մասնագիտական: Բժշկական էթիկայի սկզբունքները կիրառելի են առողջապահական էթիկայի այլ ճյուղերում, ինչպես օրինակ բուժքույրական էթիկա: Բիոէթիկայի մասնագետները օգնում են առողջապահությանն ու գիտահետազոտական հանրությանը բարոյական հարցերի հետազոտման հարցում, որոնք վերաբերում են մեր պատկերացումներին կյանքին և մահվան մասին, ինչպես նաև հնարավորություն են տալիս լուծել այնպիսի էթիկական խնդիրներ, որոնք առողջապահության և գիտության ոլորտում առաջացնում են երկընտրանք: Որպես օրինակ կարող են ծառայել առողջապահության ոլորտում իրավահավասարության և խտրականության արգելման հիմնախնդիրները, ինչպես նաև մշակութային հարցերի ու բժշկական օգնության խաչվելը, կենսաբանական ահաբեկչության հարցերը և այլն:[16]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wynar, Bohdan S. (2007). American Reference Books Annual, Volume 38. Libraries Unlimited.
  2. Sass, Hans-Martin (2007). Fritz Jahr's 1927 concept of bioethics. Kennedy Inst Ethics J. 17 (4): 279-95.
  3. Lolas, Fernando (2008). "Bioethics and animal research: A personal perspective and a note on the contribution of Fritz Jahr". Biological Research (Santiago). 41 (1): 119–23. doi:10.4067/S0716-97602008000100013. PMC 2997650. PMID 18769769
  4. Goldim, J. R. (2009). Revisiting the beginning of bioethics: The contributions of Fritz Jahr (1927). Perspect Biol Med, Sum, 377–80.
  5. Goldim, J. R. (2009). Revisiting the beginning of bioethics: The contributions of Fritz Jahr (1927). Perspect Biol Med, Sum, 377–80.
  6. Bracanovic, T (June 2012). "From integrative bioethics to pseudoscience". Developing World Bioethics. 12 (3): 148–56. doi:10.1111/j.1471-8847.2012.00330.x. PMID 22708689.
  7. Bracanovic, T (June 2012). "From integrative bioethics to pseudoscience". Developing World Bioethics. 12 (3): 148–56. doi:10.1111/j.1471-8847.2012.00330.x. PMID 22708689.
  8. Freemont PF, Kitney RI (2012). Synthetic Biology. New Jersey: World Scientific. ISBN 978-1-84816-862-6.
  9. Mautner MN (October 2009). "Life-centered ethics, and the human future in space" (PDF). Bioethics. 23 (8): 433–40. doi:10.1111/j.1467-8519.2008.00688.x. PMID 19077128. Archived (PDF) from the original on 2012-11-02.
  10. Friesen P, Kearns L, Redman B, Caplan AL (July 2017). "Rethinking the Belmont Report?". The American Journal of Bioethics. 17 (7): 15–21. doi:10.1080/15265161.2017.1329482. PMID 28661753.
  11. "The Bioethics Society of Ohio State". Thebioethicssociety.org.ohio-state.edu. Archived from the original on 2013-06-13. Retrieved 2013-09-17.
  12. "Bioethics Society of Cornell". Cornell University. Archived from the original on 17 June 2012.
  13. Entwistle VA, Carter SM, Cribb A, McCaffery K (July 2010). "Supporting patient autonomy: the importance of clinician-patient relationships" (PDF). Journal of General Internal Medicine. 25 (7): 741–5. doi:10.1007/s11606-010-1292-2. PMC 2881979. PMID 20213206.
  14. "Medical Ethics". medlineplus.gov. Retrieved 2019-05-06.
  15. Gillon R (July 1994). "Medical ethics: four principles plus attention to scope". BMJ. 309 (6948): 184–8. doi:10.1136/bmj.309.6948.184. PMC 2540719. PMID 8044100.
  16. Horne LC (October 2016). "Medical Need, Equality, and Uncertainty". Bioethics. 30 (8): 588–96. doi:10.1111/bioe.12257. PMID 27196999.