Մասնակից:Son Melkumyan/Խորանաշատի ավետարան
«Խորանաշատի» ավետարան (Մատենադարան, ձեռագիր No 4823), Ջաջուռ Խաղբակյանի դուստր և Կուկ Սևադյանց իշխանի կին Վանենու պատվերով 1224 թվականին ընդօրինակված և նկարազարդված ձեռագիր։ Խորանաշատում ընդօրինակված լինելու պատճառով ձեռագիրը կոչվում է «Խորանաշատի» ավետարան։ 13-րդ դարի հայկական մանրանկարչության նմուշներից մեկն է[1]:
Պատմություն խմբագրել
Վանական Վարդապետը 1211-1222 թվականներին Խորանաշատի վանքը կառուցելուց հետո, այստեղ հիմնադրում է իր սեփական դպրոցը։ Վանքում առկա էր նաև դպրոցի և ծիսակատարությունների համար անհրաժեշտ գրականություն - Մատենադարան ստեղծելու նպատակ ունեցող գրչության մեծ արհեստանոց, որտեղ և ընդօրինակվել է Խորանաշատի ավետարանը[2]։Ընդօրինակվելուց 5 տարի անց՝ 1229 թվականին, խույս տալով Ջալալեդդինի հրոսակների ասպատակություններից Վանականն իր աշակերտների հետ պատսպարվում է Տավուշ բերդի դիմաց գտնվող մի քարայրում։ 1236 թվականին մոնղոլները պաշարում են քարայրը և Վանականին ստիպում դուրս գալ այնտեղից։ Գերեվարելով ուսուցչին, նրա աշակերտներին և այնտեղ ապաստանած շրջակայքի բնակիչներին, մոնղոլները բռնագրավում են նրանց մոտ եղած գույքը, նաև եկեղեցական սպասքը՝ շուրջառներ, անոթներ, արծաթե խաչեր և երկու արծաթակազմ ավետարան, որոնցից մեկը «Խորանաշատի» ավետարանն էր, մյուսը անհայտ է․ ամենայն հավանականությամբ չի պահպանվել[2][3]։
Օտարումից 3 տարի անց (1239թ․) թալանված զանազան իրերի հետ մոնղոլները հիշյալ ավետարանը վաճառքի են հանում Տփխիսում, այդ միջոցին այնտեղ է լինում նաև Վանականը։ Նրա խնդրանքով հայոց Ս․ Քառասունից եկեղեցու քահանաների ու քաղաքի տանուտերերի ջանքերով ավետարանը կրկին վերադարձվում է Խորանաշատ։ 1517 թվականին ձեռագիրը տարվում է Տաթև, ուր Ալեքսանոս աբեղան փոխում է արծաթյա կազմը, նոր կոստղազարդ կաշվե կազմ է դնում՝ մետաղյա անկյունազարդերով և Ա փեղկին մետաղյա մի խաչ։ Ծախսերը կատարում է ոմն Ղասում[4]։ Այդ կազմով էլ ձեռագիրը հասել է մեզ։ Որոշ ժամանակ անց այն կրկին գերվում է, և 16-րդ դարի վերջին այն փրկագնում է Մելիք-Հովասափը և իր, կնոջ, զավակների ու գերդաստանի հիշատակի համար նվիրում Վանի Ս․ Վարդան Զորավար եկեղեցուն։
1915-1916 թվականներին բանասեր Սմբատ Տեր-Ավետիսյանը, մշակութային հուշարձանների նկարագրման և հավաքման նպատակով Վասպուրական կատարած իր այցելության ժամանակ, Վանի նշված եկեղեցում տեսնում է այդ ընտիր ձեռագիրը և քաղաքի նահանգապետ Դիտմենի միջոցով ուղարկում Էջմիածին[5]։
Մանրանկարներ խմբագրել
«Խորանաշատի» ավետարանը աչքի է ընկնում եզակի մանրանկարներով: Ձեռագրի գրիչն ու ծաղկողը հայտնի չեն: Ավետարանն ունի 4 ավետարանիչների պատկերներ, խորաններ, կիսախորաններ, զանազան լուսանցազարդեր[4]:
Ավետարանիչները ներկայացված են ոսկու ֆոնի վրա, որը մասամբ թափվել է՝ թողնելով կղմինդրակարմրավուն հատակը: Կերպարների հոգեկան դրսևորման կենտրոնը դեմքերն են. լայն բացված նշաձև աչքերը, շեշտակիորեն աջ կամ ձախ թեքված բիբերը, իսկ կամարաձև հոնքերից վեր ընդգծված ճակատի աղեղնաձև կնճիռները Արցախի մանրանկարչության ոճատիպային բնորոշ հատկանիշներից են: Գունաշարը մեղմ է, կարմիրը, մանուշակագույնը, կանաչը, կապույտը, սև-շագանակագույնը թանձր են ու հագեցած, մասամբ սպիտակի խառնուրդներով: Դրանց հարաբերությունները՝ ոսկու նուրբ ֆոնի վրա, թավշյա փափկություն են հաղորդում, ստեղծում ակնահաճո տպավորություն[1]:
Ավետարանի առաջին զույգ խորանները ընդհանուր միակերպ կառուցվածք ունեն: Գլխազարդը և քիվից ցած գտնվող սյուների դաշտը հավասար են, սյուների խարիսխներն ու խոյակները կազմված են կրկնագիծ շրջանակներից, որոնց ներսում, ոսկու ֆոնի վրա, կապույտ ու վարդագույն եռատերևիկներ են: Ընդհանուր պատվանդան ծառայող հիմքը պատում են գորգարվեստից հայտնի «ատամնազարդերը»: Խորանաշատի ավետարանում յուրաքանչյուր զույգ խորան մյուսից ընդմիջվում է երկու մաքուր էջերով: Որպես ընդունված կարգ, բոլոր խորաններն ունեն երեք սյուն: Դրանց խարիսխները և խոյակները կազմված են կիսաշրջան ու եռանկյուն զարդաձևերից, ներսում ոսկու ֆոնի վրա ոճավորված տերևամոտիվներ են: Սյուները ծածկված են տարբեր գույներով: Կենտրոնական սյան սև ֆոնի վրա արմավազարդեր են, եզրային սյուներին՝ ատամնազարդեր: Սևի, մուգ շագանակագույնի և թավշականաչի համակցությունը խորանի կառուցվածքին տալիս է ամրություն: Հաջորդ 4 խորաններում հիմնականում նույն զարդամոտիվներն են, միայն թե յուրաքանչյուր դեպքում՝ տեղավորված ու դասավորված խորանի տարբեր հատվածներում: Գունաշարը հիմնականում նույնն է. գերիշխում է թավ կապույտը, որը փայլ է ստանում բաց վարդագույնի ու կանաչի համակցությամբ: Աչքի են ընկնում նաև անթափանց մուգ-շագանակագույն ֆոնի վրա վառ կարմիրով ու կանաչով արված բուսական հյուսվածքները[1]:
Խորանաշատի ավետարանը հարուստ է արտախորանային հարդարանքով՝ սիրամարգ, աքաղաղ, կաքավ, ճնճղուկ և այլն: Որոշակի կարգով դասավորված այդ թռչնապատկերները նուրբ մշակման շնորհիվ զանազանվում են իրենց տեսակներով: Այս Ավետարանում զգացվում է չափավորություն ու նրբության երանգ. դա վերաբերում է նաև խորանների հիմքերի ու քիվերի վրա պատկերված բուսամոտիվներին[1]:
«Խորանաշատի» ավետարանում կան մի քանի նոր զարդամոտիվներ. առաջին հերթին նռնաքարի ձևը: Յուրաքանչյուր «քար» տրվում է տարբեր գունավորմամբ: Նռնաքարի նախշազարդերը հայկական մանրանկարչությանը հայտնի են վաղ շրջանի հուշարձաններից՝ դեռևս «Էջմիածնի» 989 թվականի ավետարանից: Վերջինիս օրինակն այս դեպքում առավել հատկանշական է, քանի որ այն ստեղծվել է Արցախին անմիջապես հարևան Սյունիքում (Բղենո Նորավանք): Մշակութային այդ ընդհանուր միջավայրում շատ բան էր փոխպայմանավորված. հենց դրանով է բացատրվում նաև այն, որ նռնաքարից զատ, «Խորանաշատի» ավետարանում հանդիպող մյուս զարդերի մի զգալի մասը ևս ավելի վաղ արտահայտվել է նույն Էջմիածնի ավետարանում՝ արմավենու ոճավորված կիսատերևիկների հյուսվածքները, միմյանց շարունակող ականթատերևները, անտիկ զարդանկարչությունից եկող բուսական ոլորանախշերը[1]:
Խորանաշատի ավետարանն արժեքավոր հուշարձան է նաև հայ գրչության արվեստի և հայերենի կետադրության պատմության ուսումնասիրության համար. ունի կետադրության նշանների մի մասը՝ վերջակետ, ստորակետ, բութ, շեշտ, հարցական նշան, ապաթարց, ենթամնա և այլն[5]:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան, Հրավարդ (1989). Արցախ-Ուտիքի Մանրանկարչությունը XIII-XIV դդ. Երևան: «Խորհրդային գրող».
- ↑ 2,0 2,1 Կիրակոս Գանձակեցի «Պատմություն Հայոց». Երևան. 1961.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մինասյան, Թամարա (2020). Ուտիքի գրչության կենտրոնները. Մատենադարան.
- ↑ 4,0 4,1 Հակոբյան, Հայկ (2016). Խորանաշատի վանքն որպես Արցախի կրոնաքաղաքական ու մշակութային կյանքի ևս մի վառ վկա. Ստեփանակերտ: Գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու). էջեր 58–62.
- ↑ 5,0 5,1 Վարդանյան, Յու. (1979 թ. No 5). «Խորանաշատի գրչագրի դեգերումները». «Գրքերի աշխարհ».