Տրանսպորտ խմբագրել

Արուշային հիմնականում սպասարկում է Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է արևելքից 60 կիլոմետր (37 մղոն) հեռավորության վրա, Մոշի քաղաքի կես ճանապարհին։ Օդանավակայանում իրականացվում են միջազգային և ներքին չվերթներ։ Արուշայի օդանավակայանը ավելի փոքր է, հանդիսանում է քաղաքի արևմտյան մասի ներքին օդանավակայանը, ներկայումս ընթանում է դրա ընդլայնումը։ Արուշայի օդանավակայանը տարեկան սպասարկում է ավելի քան 87 հազար ուղևորի։ Ուղևորատար գնացքները դեպի Արուշա չեն գնում, բայց կանոնավոր ավտոբուսային սպասարկում կա դեպի Նայրոբի, Դոդոմա և Դար-էս-Սալաամ, ինչպես նաև տեղական այլ քաղաքներ:

Մշակույթ խմբագրել

Արուշան ունի բարեխառն կլիմա, տեղակայված է գեղատեսիլ տեղանքի հարևանությամբ։ Տանզանիայի հիփ հոփը ներկայումս տարածված է երիտասարդների շրջանում: Այն հիմնականում կատարվում է սուահիլիով, աֆրո-ամերիկյան երաժշտական զանազան ժանրերի ազդեցություններով, տեղականն ձևով հայտնի է որպես Բոնգո Ֆլավա: Այս ժանրի որոշ ներկայացուցիչներ են X Plastaz խումբը, երգիչներ Nakaaya, Nako 2 Nako, Watengwa և Waturutumbi:

Արուշայում են անցկացնում Տանզանիայի բազմաթիվ փառատոններ, նաև տանզանական մի շարք կորպորատիվ հովանավորներ ունեցող ամենամյա փառատոն, որին մասնակցում են ամբողջ աշխարհից տարբեր արվեստագետներ: Արուշա այցելել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Շեգին և Ջեֆրի Աթքինսը:

Արուշայում անցկացվում է նաև Նանե Նանե գյուղատնտեսական ամենամյա ցուցահանդեսը: Նանե Նանեն Տանզանիայում անցկացվող շատ պայծառ տոներից է, որը տեղի է ունենում օգոստոսի 8-ին (ութերորդ ամիս, Նանե Նանեն սուահիլի լեզվով նշանակում է «ութ-ութ»։ Ֆերմերները և հետաքրքրվող այլ անձինք կիսվում են գիտելիքներով ու բիզնեսով: Այն տարեկան իր շուրջն է գրավում մինչև կես միլիոն մարդ:

Արուշան հայտնի է նաև իր աշխույժ գիշերային կյանքով, այնտեղ տեղակայված են տեղական հայտնի գիշերային ակումբներ, ինչպիսիք են Velocity, Colobus Club և Blue Triple 'A':

Արուշայում է տեղակայված նաև հին գերմանական Բոմի Բնության պատմության ազգային թանգարանը: Թանգարանը փոքր է և բաղկացած է Արուշայի շրջանի հնագույն մարդու, բույսերի և կենդանիների երեք ցուցադրություններից և Արուշայի գաղութատիրական շրջանի պատմության մշակույթից[1]

Կրթություն խմբագրել

Արուշայի և նրա շրջակայքում կան չորս միջազգային դպրոցներ՝ Մոշիի միջազգային դպրոցը (համալսարան), Արուշայի միջազգային դպրոցը, Բրեբերնի դպրոցը և Սուրբ Կոնստանտինի միջազգային դպրոցը:

Սուրբ Յուդի դպրոցը անվճար կրթություն է տրամադրում աղքատ ընտանիքների երեխաներին:

Մոշիի միջազգային դպրոցը հիմնադրվել է 1969 թվականին և ներկայումս 46 ազգությունների 460 աշակերտ սովորում է Մոշի և Արուշայի երկու դպրոցներում։ Արուշայի դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին և ներկայումս այնտեղ հաճախում է 200 ուսանող, դպրոցը առաջարկում է դասընթացներ նախադպրոցական մանկապարտեզից մինչև 10-րդ դասարան: 10-րդ դասարանից հետո ուսումը շարունակվում է Միջազգային բակալավրիատում՝ նախնական PYP նախապատրաստական ծրագրով և MYP-ի հիմնական ծրագրի համաձայն, աֆրիկյան և միջազգային հեռանկար ունեցող ուսումնական պլանով[2]:

Կան նաև մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Զբոսաշրջության ազգային քոլեջ Արուշայում, Արուշայիի տեխնիկական քոլեջ, Համայնքների զարգացման ինստիտուտ Տենգերուում, Նելսոն Մանդելայի անվան Աֆրիկայի գիտության և տեխնիկայի ինստիտուտ, Արևելքի և Հարավային Աֆրիկայի կառավարման ինստիտուտ, Զարգացման համագործակցության ուսուցման կենտրոն (MS-TCDC), Արուշայի հաշվապահության ինստիտուտ, Օլմոտոնյի անտառտնտեսության ինստիտուտ, Տանզանիայի վայրի բնության գիտահետազոտական ինստիտուտ, Մակումիրի համալսարանական քոլեջը, Արուշայի համալսարանը և Մերու լեռան համալսարան: Ընթանում են Աղա Խան-Արուշի համալսարանի շինարարության նախապատրաստությունները:

Մշակույթում խմբագրել

Արուշայում 1962 թվականին նկարահանվել է Hatari ֆիլմը, ռեժիսոր` Հովարդ Հոուքս, գլխավոր դերում՝ Ջոն Ուեյն:

Միջազգային նշանակություն խմբագրել

Արուշան բազմիցս եղել է համաաֆրիկյան և միջպետական խորհրդաժողովների և հանդիպումների անցկացման վայր: 1967 թվականից մինչև 1977 թվականը այս քաղաքում տեղակայված էր Արևելաֆրիկյան միավորման շտաբակայանը: 1967 թվականին Տանզանիայի նախագահ Ջուլիուս Նյերերը հրապարակել է «Արուշայի հռչակագիրը», որում նա հռչակել է Տանզանիայի զարգացման սոցիալիստական ուղին: 1995 թվականից ի վեր այստեղ տեղակայված է Ռուանդայի միջազգային տրիբունալը: Արուշայում գտնվում են կաթոլիկ և բողոքական եպիսկոպոսական կենտրոններ:

  1. Natural History Museum | AroundArusha.com Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
  2. International Baccalaureate