Ծնվել էմարտի 11, 2001
ԾննդավայրՏավուշի մարզ, գյուղ Վերին Կարմիրաղբյուր
Մահացել էհոկտեմբերի 30, 2020
Մահվան վայրԱրցախ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայություն» մեդալ

Վահե Արմենի Մխիթարյան, արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայող, որը նահատակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի պաշտպանության համար մղված մարտերի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կենսագրություն

խմբագրել

Վահե Մխիթարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 11-ին ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Ընտանիքի անդրանիկ զավակն էր, ունի նաև կրտսեր քույր։ Հայրը՝ Արմեն Սամվելի Մխիթարյանը, ունի միջնակարգ կրթություն և զբաղվում է արտագնա աշխատանքով, իսկ մայրը՝ Լուսիկ Վիլիկի Մանուչարյանը, ավարտել է Բերդի հումանիտար քոլեջը տեխնիկ-մենեջերի մասնագիտությամբ ու աշխատել գյուղի մանկապարտեզում։ Հայրական կողմի պապիկի եղբայրը՝ Վասակ Հակոբի Մխիթարյանը, զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 29-ին սահմանամերձ Այգեպար գյուղի պաշտպանության մարտերի ընթացքում՝ գլխին ստացած հրազենային վնասվածքներից։ Վահեի մորեղբայրը՝ Արթուր Վիլիկի Մանուչարյանը, 1990-2007 թվականների ընթացքում ծառայել է ՀՀ զինված ուժերի հյուսիս-արևելյան սահմանամերձ զորամասերից մեկում՝ զբաղեցնելով դասակի հրամանատարից մինչև մարտկոցի հրամանատարի պաշտոն․ այժմ պահեստազորի սպա է՝ կապիտան։

Մեծանալով ընտանիքում հարազատների հերոսությունների մասին պատմությունների ազդեցության տակ ու նրանց խիզախության օրինակն աչքի առաջ ունենալով՝ Վահեն դաստիարակվել է որպես հայրենապաշտ ու ազգանվեր հայ, որի համար հայրենիքը բարձրագույն արժեք է, իսկ նրան ծառայելը՝ բարձրագույն պատիվ։

Հաճախել է մանկապարտեզ, 2006 թվականի սեպտեմբերին ընդունվել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ու այնտեղ սովորել մինչև 10-րդ դասարան։ 2017 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան, և Վահեն ուսումը շարունակել է Գրիգոր Զոհրապի անվան N 97 ավագ դպրոցում։ Ուսումնառության ընթացքում իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ու պարտաճանաչ աշակերտ, կատակասեր ու կամեցող ընկեր։

2019 թվականի հուլիսի 5-ին զորակոչվել է հայկական բանակ, Արմավիրի մարզի ուսումնական 4-րդ գումարտակում ստացել մեխանիկ-վարորդի մասնագիտություն ու տեղափոխվել Արցախի Հանրապետության Իվանյանի տանկային զորամաս։

2020 թվականի արցախյան Երկրորդ պատերազմի առաջին օրերից որպես տանկիստ մասնակցել է մարտական գործողություններին ու աչքի ընկել անձնվեր խիզախությամբ։ Թշնամուն պատճառել է մեծաքանակ մարդկային կորուստներ, ինչպես նաև թափանցելով նրանց դիրքերը՝ առգրավել երկու տանկ[1]։ Ընկերոջ հետ շրջափակման մեջ է ընկել Ջրականում, դուրս գալուց հետո ասել․ «Եթե այսքանից հետո փրկվեցինք, ուրեմն՝ անմահ ենք»։ Վերջին անգամ ծնողների հետ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում[2]։ Մարտադաշտում հերոսաբար պայքարելով 33 օր՝ նահատակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ԱԹՍ-ի պատճառած բեկորային վնասվածքից։

Լրացուցիչ տեղեկություն

խմբագրել
  Արտաքին տեսաֆայլեր
  Հուշ-երեկո` նվիրված հերոս Վահե Մխիթարյանի ծննդյան 20-ամյակին

Վահեի ամենասիրած տոնը եղել է Նոր Տարին, անտարբեր չի եղել նաև քաղցրավենիքի հանդեպ։ Երկրպագել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, լսել հիմնականում պարային երաժշտություն, շատ է սիրել «Չենք տա Շուշին մենք ուրիշին» երգը։ Նպատակ է ունեցել ծառայությունն ավարտելուց հետո աշխատել ու հիմնել սեփական բիզնեսը։

Պարգևներ

խմբագրել
 
Մարտական ծառայություն մեդալն ու վկայականը

Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի N454-Ա հրամանագրով Վահե Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ձեզ բացակա չենք դնի․ Վահե Արմենի Մխիթարյան». yerkirmedia.am. Վերցված է 2021-03-20-ին.
  2. Journalist.am. ««Ասա մայրիկին, որ ընկնելու պահին հասցրել եմ նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա» | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ». Վերցված է 2021-03-20-ին.

Կատեգորիա:Վերին Կարմիրաղբյուր գյուղում ծնվածներ Կատեգորիա:Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)