Մասնակից:Վանիկ Մեժլումյան/Ավազարկղ 8

Ասպնջակ, հասարակական-քաղաքական, գրական-մշակութային, ազգագրական պարբերական, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1990–1996 և 2001–2006 թվականներին Երևանում (առաջին շրջանում՝ 16 համար՝ անկանոն պարբերականությամբ, երկրորդում՝ կիսամսյա, ապա՝ ամսաթերթ)։

Պարբերականի հիմնադիր-խմբագիրն է Մերուժան Տեր-Գուլանյանը: 2001 թվականից ձևավորվել է խմբագրական խորհուրդ՝ Հովհաննես Այվազյանի նախագահությամբ, իսկ խմբագիրը եղել է Վահան Սաղաթելյան։ Ծանոթացրել է միության աշխատանքներին, հատուկ ուշադրություն է դարձրել Ջավախքում հայապահպանության խնդիրներին, կրթական և մշակութային կյանքին։ Անդրադարձել է վրացական մամուլում Ջավախքի և վրացահայության մասին տպագրված հոդվածներին, տարածաշրջանի հայության ազգագրությանը, ավանդույթներին, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի գործունեությանը։ Տպագրել է ազգագրագետ Վարդ Բդոյանի «Ջավախք. պատմաաշխարհագրական ակնարկ» աշխատությունը։ Լուսաբանել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին (1992–94) ջավախքահայության մասնակցությունը։ Հոդվածներ է հրապարակել երևելի ջավախքահայերի կյանքի ու գործունեության մասին, անդրադարձել Ջավախքում ավանդաբար կազմակերպվող ջիվանիական, տերյանական, հավասիական գրական-երաժշտական տոնահանդեսներին։

1996 թվականին ունեցել է հատուկ թողարկում՝ նվիրված Ջիվանու ծննդյան 150-ամյակին (խմբագիր՝ Ռոզա Մահտեսյան)։

2006 թվականին տպագրվել է «Հայրենիք» վերնագրով (մի քանի համար)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։