Մասնակից:Չալիկյան Քրիստինա/Սևագրություն 2

Հայկական Կարմիր խաչի ընկերություն Armenian Red Cross Society
Ընկերության տեսակՄարդասիրական ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն
Հիմնադրված է1920 թվական
ՎայրԵրևան, Պարոնյան 21/1
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏնօրենՄխիթար Մնացականյան
Մայր ընկերությունԿարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում
Կայքredcross.am

Հայկական կարմիր խաչի ընկերություն, ՀՀ-ում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Հայաստանի Հանրապետության տարածքում Կարմիր խաչի միակ ազգային ընկերությունն է։ Ունի 11 մարզային, 1 տարածաշրջանային և 52 համայնքային մասնաճյուղեր[1]։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում[2]։

Հայաստանում ԿԽՄԿ գործունեության իրավապայմանագրային հիմքը հանդիսանում է 1993 թվականին կնքված «ՀՀ կառավարության և ԿԽՄԿ միջև Հայաստանի Հանրապետությունում ԿԽՄԿ կարգավիճակի մասին» համաձայնագիրը[3]: 1993 թվականի մարտի 31-ին Հայաստանը պաշտոնապես միացավ Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ կոնվենցիային, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց միակ կամավոր, անկախ և ինքնավար ազգային ընկերությունը, որը համագործակցում է մարդասիրական ոլորտում ՀՀ կառավարության հետ ու իր գործունեությունն իրականացնում է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին համապատասխան։ 1995 թվականին Հայկական կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ու դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ[4]:

ՀԿԽԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր և հայտնի մարդասիրական կազմակերպություններից մեկն է ու իր գործունեության ընթացքում համատեղ ծրագրեր է իրականացրել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ[5]։

Պատմություն խմբագրել

Հայկական կարմիր խաչի ընկերությունն ստեղծվել է 1920 թվականի մարտի 19-ին: Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀԿԽԸ կանոնադրությունը, և ընկերությունը ստացավ «Հայաստանի կարմիր խաչի ընկերություն» անվանումը։ ՀԿԽԸ-ն իր գործունեությունն սկսեց ծավալել բավականին բարդ ժամանակներում, երբ հանրապետությունում տիրում էր սով, թշվառություն, համաճարակ, պատերազմական իրավիճակ և դրա հետևանքով բազմաթիվ փախստականների հոսք Արևմտյան Հայաստանից։ Անկախ այս հանգամանքից՝ մի խումբ բժիշկներ և գիտնականներ, հասարակական գործիչ Սպանդարատ Կամսարականի գլխավորությամբ, կարողացան հիմք դնել Հայաստանի Կարմիր խաչի ընկերությանը[6]: Չնայած սահմանափակ միջոցներին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության շնորհիվ բացվեցին ժամանակավոր բուժկետեր, ծննդատներ, կանանց կոնսուլտացիայի սենյակներ, ներկայիս Եղեգնաձորում բացվեց հիվանդանոց, իսկ Նորաշենում՝ բուժական և մթերային կետ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 15-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրամանագիր ստորագրեց՝ համաձայն որի որոշվեց վերսկսել ընկերության գործունեությունը և արդեն 1922 թվականի մայիսին վերահաստատվեց ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերության կանոնադրությունը։ Դրա գործունեությանն աջակցելու նպատակով որոշվեց ընկերությանը տրամադրել ընդհանուր հարկերի 5%-ը, արտասահմանյան անձնագրերի ձևակերպումներից ստացված գումարի 15%-ը, ժամանցային հիմնարկների եկամտի 2%-ը, ինչպես նաև արտասահմանից ստացված նվիրատվությունները[7]:

Գործունեության հենց սկզբից ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերությունն սկսում է առաջին հերթին օգնություն տրամադրել փախստականներին ու որբերին: Կառույցն իր իսկ միջոցներով Երևանում և Էջմիածնում բացում է որբանոցներ, իրականացնում երեխաների բժշկական սպասարկում, բացում ծննդատներ ու հիվանդանոցներ: ՀԿԽԸ-ն Երևանում նախաձեռնում է առաջին բուժքույրական դասընթացները, որի հիմքի վրա ավելի ուշ ստեղծվում է երկամյա քույրական դպրոց:

Հայաստանի Կարմիր խաչ ընկերությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բուժօգնություն է ցուցաբերել հիվանդ ու վիրավոր զինվորներին, սատարել Խորհրդային Հայաստանի տարածք ներգաղթած ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին։ Իսկ արդեն հարյուրավոր կամավորներ էլ օգնել են վիրավորներին ու հոգացել որբերի առողջության ու դաստիարակության մասին:

Սպիտակի երկրաշարժը մեծ ազդեցություն է ունեցել ՀԿԽԸ վերակազմավորման ու զարգացման վրա: Կառույցը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և միջազգային այլ կազմակերպությունների ու անհատների կողմից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության հայթայթման, համակարգման և տրամադրման աշխատանքներում։ Երկրաշարժից 10 օր անց որոշվեց Երևանում կառուցել Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոն, որը պետք է սպասարկեր հենաշարժողական համակարգի վնասվածքներով տառապող հաշմանդամներին: «Գրացիա» անունը կրող միջազգային վերականգնողական կենտրոնը հիմնադրվեց 1992 թվականին[8][9]:

1993 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց Կարմիր խաչի միակ ազգային, անկախ և ինքնավար ընկերությունը։ Արդեն 1995 թվականին ՀԿԽԸ-ն ճանաչվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, ինչպես նաև դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ։

2012 թվականին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնություն է ցուցաբերել նաև սիրիահայերին, որոնք քաղաքացիական պատերազմի պատճառով արտագաղթել էին Հայաստան[10]։

Գործունեություն խմբագրել

Հայկական կարմիր խաչի ընկերությունն առաջնորդվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման սկզբունքներով, որոնց թվում են մարդասիրությունը,անկողմնակալությունը, չեզոքությունը, անկախությունը, կամավորությունը, եզակիությունը և համընդհանրությունը[11]։ Դրանք ամրագրված են նաև ԿԽՄԿ կանոնադրության մեջ։

Որպես իր գործունեության ռազմավարական գլխավոր ուղղություններ՝ ՀԿԽԸ-ն սահմանել է աղետների կառավարումը, բնակչության տեղաշարժը, առաջին օգնությունը, որոնողական ծառայությունները, սոցիալական ոլորտը, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանքն ու մարդասիրական արժեքների տարածումը[12]:

ՀԿԽԸ գործունեության առաջնահերթություններից է առաջին օգնության հմտությունների ուսուցումն ու տարածումը։ Ընկերության Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնն Առաջին օգնության դասընթացներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դրանք կազմակերպվում են համայնքների բնակիչների, տարբեր կազմակերպությունների շահառուների և կրթական հաստատությունների համար[13]:

1992 թվականի նոյեմբերի 3-ին հիմնադրվել է նաև ՀԿԽԸ շրջանակներում գործող Երիտասարդական Կարմիր խաչը։ Վերջինս իր գործունեությունը ծավալում է ՀԿԽԸ մարզային և տարածքային մասնաճյուղերում ու իրականացնում սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրեր, անցկացնում միջոցառումներ առողջապահության ոլորտում, ռեսուրսների հայթայթման համար կազմակերպում քարոզարշավներ, դրամահավաքներ, հանգանակություններ, բարեգործական երեկոներ[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. One, Studio. «Մեր մասին». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-21-ին.
  2. «Armenian Red Cross Society | UCP Knowledge Network: Applied knowledge for action». civil-protection-knowledge-network.europa.eu. Վերցված է 2024-04-21-ին.
  3. «ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ». www.mfa.am. Վերցված է 2024-04-21-ին.
  4. «Armenian Red Cross Society | ReliefWeb». reliefweb.int (անգլերեն). 2021-01-13. Վերցված է 2024-04-21-ին.
  5. One, Studio. «Մեր մասին». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-21-ին.
  6. «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 100 տարեկան է». A1Plus. 2024-04-21. Վերցված է 2024-04-21-ին.
  7. One, Studio. «Պատմություն». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-21-ին.
  8. «ՄԵՐ ՄԱՍԻՆ – Cross Health Center». Վերցված է 2024-04-22-ին.
  9. One, Studio. «Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-22-ին.
  10. info@f-s.am, FutureSystems. «100 տարի առաջ ու 100 տարի անց՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր պատմությունը սկսել է նույն էջով (տեսաֆիլմ)». Newmag Publishing House. Վերցված է 2024-04-21-ին.
  11. One, Studio. «Հիմնարար սկզբունքները». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-22-ին.
  12. One, Studio. «Մեր մասին». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-22-ին.
  13. One, Studio. «Առաջին օգնություն». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-22-ին.
  14. One, Studio. «Երիտասարդական Կարմիր խաչ». The Armenian Red Cross Society. Վերցված է 2024-04-22-ին.

Կատեգորիա:Կարմիր խաչ Կատեգորիա:Կարմիր խաչի ազգային ընկերություններ