Մասի Ալինեժադ

իրանցի լրագրող, բլոգեր

Մասի Ալինեժադ (պարս.՝ مسیح علینژاد, սեպտեմբերի 11, 1976(1976-09-11), Ղոմի կոլա, Էսբու Կոլա, Կենտրոնական շրջան, Բաբոլի մարզ, Մազանդարան, Իրան), «Իմ ծածուկ ազատությունը» (անգլ.՝ My Stealthy Freedom) ֆեյսբուքյան էջի հեղինակն է։ Էջում հրապարակվում են Իրանում հիջաբների կրման պարտադրանքին և դրա դեմ տարվող պայքարին վերաբերող գրառումներ։ Էջին հետևող օգտատերերի քանակը գնալով աճում է, և Ալինեժադը նաև հնարավորություն է ստացել հրապարակելու հասարակական հնչեղություն ունեցող այլ նորություններ։ Դրանցից շատերը չեն լուսաբանվում Իրանի պաշտոնական լրատվամիջոցների կողմից։ «Իմ ծածուկ ազատությունը» լուսաբանում էր Սպահանում կանանց վրա ծծմբաթթվով կատարված հարձակումների միջադեպը[1]։

Մասի Ալինեժադ
 
Կրթություն՝ Oxford Brookes University?
Մասնագիտություն՝ լրագրող, բլոգեր և գրող
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1976(1976-09-11) (47 տարեկան)
Ծննդավայր Ղոմի կոլա, Էսբու Կոլա, Կենտրոնական շրջան, Բաբոլի մարզ, Մազանդարան, Իրան
Քաղաքացիություն  ԱՄՆ,  Միացյալ Թագավորություն և  Իրան

Կենսագրություն խմբագրել

Վաղ կենսագրությունը և կալանավորումը խմբագրել

Մասումե (Մասի) Ալինեժադը ծնվել է 1976 թվականին հյուսիսային Իրանում գտնվող Բաբոլ գյուղի շրջակայքում։ Վաղ տարիքից նա ցուցաբերում էր քաղաքական ակտիվ կեցվածք։ 1996 թվականին Իրանի հետախուզության գործակալաները կալանավորում են Ալինեժադին, նրա եղբորը և նախկին ամուսնուն։ Նրանց մեղադրում են պատերի վրա Իսլամական Հանրապետությանը պախարակող գրառումներ կատարելու մեջ։ Ալինեժադն այդ ժամանակ հղի է լինում։ Հեղափոխան դատարանը հետաքննություն է անցկացնում առանց մեղադրյալներին փաստաբան տրամադրելու։ Ալինեժադին շուտով բաց են թողնում, սակայն նրա ամուսինը և եղբայրը երկուս ու կես տարվա ազատազրկման են դատապարտվում։

Լրագրողական գործունեությունը Իրանում խմբագրել

Այդ դեպքից հետո Ալինեժադը որոշում է տեղափոխվել Թեհրան։ 2001 թվականին Ալինեժադն աշխատանքի է ընդունվում ռեֆորմիստական Համշահրի (պարս.՝ همشهری‎, «Համաքաղաքացի») թերթում։ Ալինեժադը համագործակցում է նաև այլ ռեֆորմիստական հրատարակչությունների հետ, ինչպիսիք էին Շարղը (պարս.՝ شرق‎, «Արևելք») և Բահարը (պարս.՝ بهار‎, «Գարուն»), որոնք շուտով արգելվում են։ Ալինեժադը դառնում է Իրանի աշխատավորական նորությունների գործակալության (անգլ.՝ Iranian Labor News Agency (ILNA)) թղթակից։

Ալինեժադն առանձնանում էր իր անզիջում և կտրուկ գրելաոճով, ինչը նրա դեմ էր տրամադրում երկրի պետական գործիչներից շատերին։ 2005 թվականին Ալինեժադին հոդված է հրապարակում, որում բացահայտվում էր պատգավորներին վճարված ամանորյա դրամական բոնուսների ծավալը։ Հոդվածում ներկայացված էին կատարված փոխանցումները հաստատող վճարման կտրոնները։ Հոդվածի հրապարակումը մեծ իրարանցում է առաջացնում։ Ալինեժադը սպառնալիքներ է ստանում, նրա մուտքը խորհրդարան արգելվում է։ 2009 թվականին Իրանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Հետըտրական շրջանում ցուցարարների և կառավարական ուժերի միջև բախումներ են տեղի ունենում։ Ալինեժադին հաջողվում է պարզել և հրապարակել 57 ցուցարարների անունները, որոնք սպանվում են հավաքների ժամանակ։ Իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքները։ Ընտրություններից հետո Իրանի ղեկավարությունը լայնածավալ բռնություններ է կիրառում լրատվամիջոցների և բլոգերների դեմ։ Լրագրողներից և բլոգերներից շատերը կալանավորվում են։ Ուժգնացող վտանգի պատճառով Ալինեժադը որոշում է լքել Իրանը և տեղափոխվել Անգլիա։ Այդ շրջանում Ալինեժադը հրապարակում է իր ինքնակենսագրական աշխատությունը, որը կոչվում էր «Փշե պսակ» (անգլ.՝ A Crown of Thorns):

«Իմ ծածուկ ազատությունը» խմբագրել

2014 թվականի մայիսին, Ալինեժադը ստեղծում է «Իմ ծածուկ ազատությունը» ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակում է իր նկարն առանց իսլամական գլխաշորի։ Ալինեժադը խնդրում է իրանցի կանանց առցանց ուղարկել սեփական նկարները՝ գլխաշոր կրելու իրենց փորձի նկարագրությամբ։ Ալինեժադի կոչին արձագանքում են ոչ միայն կանայք։ Բազմաթիվ իրանցի տղամարդիկ ուղարկում են իրենց նկարները, որտեղ նրանք գլխաշոր էին կրում՝ դրանով ցույց տալով իրենց համերաշխությունը իրանցի կանանց հետ։

Ալինեժադը շարունակում է վիրավորանքներ և սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ ստանալ։ Իրանական հանրային ալիքներից մեկը տեսահոլովակ է ցուցադրում, որում ասվում էր որ Ալինեժադը բռնաբարության է ենթարկվել իր որդու ներկայությամբ։ Այն նպատակ ուներ ցույց տալու, որ Ալինեժադը «բարոյապես արատավոր» է, և նման բախտ է վիճակված ցանկացած կնոջ, ով կհրաժարվի հիջաբ կրել։ Ալինեժադը զրպարտության մեղադրանքով դատարան է դիմում, սակայն Իրանի իրավական մարմինները ոչինչ չեն ձեռնարկում։

2014 թվականին հոկտեմբերին Սպահանում մի խումբ կանանց վրա հարձակում է կատարվում։ Պաշտոնական հաղորդագրությունները հայտնում էին չորս վիրավոր կանանց մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվն ավելի մեծ էր։ Սպահանի բնակիչները կատարվածի նկարները ուղարկում են Ալինեժադին, որից հետո հստակեցվում է կատարվածի իրական պատկերը։ Իրանական իշխանություններն անտարբեր են մնում այս բացահայտումների նկատմամբ։

Գործունեությունը ԱՄՆ֊ում խմբագրել

2014 թվականին Ալինեժադը Անգլիայից տեղափոխվում է ԱՄՆ։ Նա շարունակում է իր հանրային պայքարը համացանցում ։ Ալինեժադը վարում է երգիծական շոու Ամերիկայի Ձայնի Պարսակական ծառայությունում (անգլ.՝ Voice of America’s Persian Service) և հանդիսանում է պարսակական Ազատություն ռադիոկայանի (անգլ.՝ Radio Farda) թղթակից։

Ճանաչումը խմբագրել

2015 թվականի փետրվարին, Ժենեվայի մարդու իրավունքերին և ժողովրդավարությանը նվիրված գագաթնաժողովում, 20 հասարակական կազմակերպություններից բաղկացած խումն Ալինեժադին է շնորհում կանանց իրավքուների պաշտպանության պարգևը՝ ճնշվածներին ձայն տրամադրելու, մարդկության խիղճն արթնացնելու և Իրանի կանանց, իրենց հիմնարար իրավունքների համար տարվող, պայքարին օժանդակելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասի Ալինեժադ» հոդվածին։