Մայիսի 15-ի միջադեպ (ճապ.՝ 五・一五事件 Գոիտիգո ձիկեն), 1932 թվականի մայիսի 15-ին Ճապոնիայում ռազմական հեղաշրջման փորձ, որը ձեռնարկել է Ճապոնիայի կայսերական նավատորմի սպաների խումբը՝ Ճապոնիայի կայսերական բանակի կադետների և «Արյան լիգա» ուլտրաազգայնական կազմակերպության քաղաքացիական կողմնակիցների աջակցությամբ։ Վարչապետ Ինուկաի Ցույոսին գնդակահարվել է նավատորմի 11 սպաների կողմից, որոնք, ներկայանալով տրիբունալի առջև, դատապարվել են բանտարկության ոչ երկար ժամկետների։

Մայիսի 15-ի իրադարձությունների մասին «Ասահի սիմբունի» համարը

Նախադրյալներ խմբագրել

1930 թվականին Լոնդոնի ծովային պայմանագիրը ստորագրելուց հետո Ճապոնիայի կայսերական նավատորմի չափը սահմանափակվել է, որը խթանել է երիտասարդ սպաների շարժման աճի, որոնք ցանկանում էին տապալել կառավարությունը և ռազմական բռնապետություն հաստատել։ Դավադիրները կապ են հաստատել «Սակուրակայ» ընկերության և «Արյան լիգա» արմատական կազմակերպության հետ՝ ուլտրաազգայնական Նիսշյո Ինոուեի ղեկավարությամբ, որոնք հավատարիմ էին «Շյովայի վերականգնման» գաղափարին՝ կայսեր անսահմանափակ իշխանություն շնորհելուն։ 1932 թվականին «Արյան լիգա» ընկերության անդամներին հաջողվել է սպանել ֆինանսների նախկին նախարար Ձյուննոսկե Ինոուեին և «Միցուիի» գլխավոր տնօրեն Տակումուին։

Հեղաշրջում խմբագրել

Մայիսի 15-ին բանակի կադետների և աջերի աջակցությամբ (որոնցից են եղել Շյումեյ Օկավան և Միցուրու Տոյաման) սկսվել է դավադիրների գործողությունը։ Վարչապետի նստավայր ներխուժել են տասնմեկ երիտասարդ սպա (շատերը 20 տարեկանից ոչ ավելի են եղել), որոնք գնդակահարել են Ինուկաի Ցույոշիին, որը փորձել էր ապստամբների հետ երկխոսության դուրս գալ, սակայն մերժում է ստացել։

Սկզբնապես ապստամբության պլանն իր մեջ ներառել է նաև մեկ օր առաջ Տոկիո ժամանած Չարլի Չապլինի սպանությունը. Չապլինը պետք է ներկա գտնվեր պաշտոնական ընդունելությանը, և նրա սպանությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հարաբերությունների մեջ լարվածություն կառաջացներ, որը, դավադիրների կարծիքով՝ միայն կուժեղացներ ճապոնական հասարակությունը[1]։ Այդ ժամանակ Չապլինը վարչապետի որդու հետ սումոյի խաղի է եղել։

Հարձակումներ են իրականացվել նաև Ճապոնիայի մամուլի նախարար-պահապան Մակինո Նոբուակիի և «Ռիկկեն Շեյուկայ» կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Սայոնջի Կիմմոտիի, «Միցուբիսի» բանկի գլխավոր գրասենյակի և մի քանի ձեռքի նռնակներ են նետվել էլեկտրական ենթակայանների վրա։

Գիտակցելով, որ իրենց գործողությունները լայն աջակցություն չեն ստացել և հեղաշրջման փորձը չի ստացվել, դավադիրները տաքսիներով գնացել են ոստիկանության շտաբի մոտ և առանց որևէ դիմադրության հանձնվել քեմփեյթային։

Հետևանքներ խմբագրել

Վարչապետ Ցույոշիին գնդակահարած 11 սպաները կանգնել են ռազմական տրիբունալի առջև, սակայն մինչ դատավճռի կայացումը դատարանը հանրագիր է ստացել, որը ստորագրվել էր 350 հազար մարդու արյունով ամբողջ Ճապոնիայում՝ ի նշան մեղադրյալների հայացքների հետ համերաշխության և կայսրին նվիրվածության։ Ավելի ուշ դատարանին նամակ էին ուղարկել Նիիգատայի 11 պատանի, որոնք ցանկանում էին գլխատվել սպաների փոխարեն, ծրարում եղել են յոթ մատեր, որոնք կտրվել են ի նշան նրանց մտադրությունների լրջության[2]։

Տրիբունալի դատավճիռը, որը կայացել էր հանրային կարծիքի ճնշման տակ, շատ մեղմ էր՝ հաշվի առնելով ամբաստանյալների կողմից կատարած հանցագործության ծանրությունը. նրանք բոլորը մի քանի տարվա ազատազրկման էին դատապարտվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Erotic Grotesque Nonsense:The Mass Culture of Japanese Modern Times, p.1 — Miriam Silverberg, 2006 Univ of California Press.
  2. Spector, Eagle Against the Sun. c. 36

Գրականություն խմբագրել

  • Beasley, W.G. (2000). The Rise of Modern Japan, 3rd Edition: Political, Economic, and Social Change since 1850. Palgrave Macmillan. ISBN 0-312-23373-6.
  • Borkwith, Mark (1989). Pacific Century: The Emergence of Modern Pacific Asia. Westview Press. ISBN 0-8133-3471-3.
  • Oka, Yoshitake (1984). Five Political Leaders of Modern Japan: Ito Hirobumi, Okuma Shigenobu, Hara Takashi, Inukai Tsuyoshi, and Saionji Kimmochi. University of Tokyo Press. ISBN 0-86008-379-9.
  • Sims, Richard (2001). Japanese Political History Since the Meiji Renovation 1868—2000. Palgrave Macmillan. ISBN 0-312-23915-7.
  • Spector, Ronald (1985). Eagle Against the Sun: The American War With Japan. Vintage. ISBN 0-394-74101-3.
  • Toland, John (2003). The Rising Sun: The Decline and Fall of the Japanese Empire, 1936—1945 (reprint ed.). Modern Library. ISBN 0-8129-6858-1.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Инцидент 15 мая 1932 г. // Япония от А до Я. Энциклопедия. — EdwART, 2009.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայիսի 15-ի միջադեպ» հոդվածին։