Մահու բլրի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 607 թվականին։ Այն ղեկավարվում էր Գայլ Վահանի որդու՝ Սմբատի կողմից, որը շարունակում էր հոր գործը։ 607 թվականին Հայաստան են ներխուժում պարսիկները, որոնց զորքի թիվը հասնում էր 20 հազարի։ Մտածելով, որ տարոնցիները ի վիճակի չեն պաշտպանվել՝ Վախթանգը հայերի դեմ ուղարկում է միայն 9 հազարանոց զորք, որը պարտություն է կրում և նահանջում։ Դրանից հետո Մահու բլրի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտը, որտեղ հաղթում են հայերը[1]։

Մահու բլրի ճակատամարտ
Հայ-պարսկական պատերազմներ
Թվական 607
Վայր Մահու բլուր
Արդյունք Հայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Սմբատ Մամիկոնյան Վախթանգ

Նախապատմություն խմբագրել

590-ական թվականներին միջազգային դրությունը նշանակալի փոփոխություններ է կրում, որը նպաստավոր իրավիճակ է ստեղծում Բյուզանդիայի համար։ Պարսկաստանում գահակալական կռիվներ էին ընթանում, որտեղ Բյուզանդիայի օգնությամբ գահի վրա կարողանում է հաստատվել Խոսրով Բ Փերվեզը։ Նրան օգնելու համար Բյուզանդիան զորք է ուղարկում Արևելք, որին աջակցում էր նաև 15-հազարանոց հայկական բանակը՝ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Խոսրովը, ի նշան երախտագիտության, գահը զավթելուց հետո՝ 591 թվականին, Հայաստանի մի շարք տարածքներ զիջում է Բյուզանդիային, որը հայոց պատմագիտության մեջ հայտնի է որպես Հայաստանի երկրորդ բաժանում։ Բյուզանդիայի կայսր Մորիկի մահից հետո նրա գահը ժառանգում է Փոկասը, որի օրոք Խոսրովը փորձում է վերականգնել Պարսկաստանի նախկին սահմանները։ Մինչև ակտիվ ռազմական գործողությունների սկիզբը, Խոսրովը փորձում է Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանին իր կողմը քաշել, սակայն մերժում է ստանում։ Ռազմական գործողությունների ղեկավարումն իր վրա է վերցնում Մուշեղ Մամիկոնյանի որդին՝ Գայլ Վահանը, որը կարողանում է խորամանկել և հաղթանակ տանել՝ մի քանի անգամ պարսիկներին ծուղակը գցելով[1]։

Ներխուժում խմբագրել

607 թվականին պարսից արքայի հանձնարարությամբ Հայաստան է արշավում Վախթանգ հրամանատարը, որի տրամադրության տակ կար 20 հազար զինվոր։ Սակայն նա այդ 20 հազար զինվորներից միայն 9 հազարին է ուղարկում Տարոն՝ կարծելով, որ երկար տարիներ շարունակվող պայքարից հետո տարոնցիները վերջապես թուլացած կլինեն և հեշտ պարտություն կկրեն։ Հայոց զորքերի հրամանատարությունն իր վրա է վերցնում Գայլ Վահանի որդին՝ Սմբատ Մամիկոնյանը, որը շուտով շրջափակվում է պարսիկների կողմից։

Իրենց հաղթանակի վրա վստահ լինելով՝ պարսիկները հարձակումը հետաձգում են հաջորդ օրվան, որից էլ օգտվում է հայոց հրամանատարը։ Նա իր զորքին հրամայում է գիշերային անակնկալ հարձակում սկսել, որն ուղեկցվելու էր ջահերով և աղմուկ-աղաղակով, որպեսզի պարսիկները խուճապահար լինեին։ Այս ռազմական գործողությունը կատարվում է, որի արդյունքում պարսից 9 հազարանոց զորքից 200-ն են կարողանում ազատվել։

Սակայն այս ճակատամարտը չի կարողանում վերջնական լուծել պատերազմը։ Դրա համար անհրաժեշտ է լինում ևս մեկ ճակատամարտ, որին դեռևս պատրաստ չէր հայոց զորքը։ Սմբատը փորձում էր խուսափել վճռական ճակատամարտից։

  (Սմբատը) ութ օր շարունակ խույս էր տալիս և իր զորքն էր կազմում ու դասավորում։ Ութ օրից հետո Վախթանգը եկավ հասավ այնտեղ՝ պատերազմի դաշտը. և վաղ առավոտյան պատրաստվեցին ճակատամարտի։
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն երրորդ
 

Ճակատամարտ խմբագրել

Վախթանգը ցանկանում էր ցանկացած գնով վճռական ճակատամարտով ավարտել պատերազմը, որի հետևանքով հայերի դեմ հետապնդում է սկսում և կարողանում են հասնել նրանց։ Սմբատը, հասկանալով, որ ճակատամարտն անխուսափելի է, որոշում է պատրաստվել դրան։ Նա հայոց զորքը բաժանում է 6 մասի, որից երեքը կազմելու էին հակառակորդի դեմ դուրս եկող աջ, կենտրոնական և ձախ թևերը, մյուս մեկը լինելու էր պահեստազոր։ Մնացած երկու զորամասերը պետք է գիշերն անցնեին պարսիկների թիկունք և ամրանային արդեն պատրաստված թաքստոցներում։ Պարսիկների դեմ բաց կռվի էին դուրս գալու հայկական զորքերից միայն 8 հազարը, իսկ 4 հազարանոց զորքը, որը թաքնված էր հակառակորդի թիկունքում, գրոհելու էր ճակատամարտի վճռորոշ պահին։

  «Այստեղ Սմբատը երկու հազար հեծյալ զինվորներ անջատեց զորքից և գիշերով գաղտնի անցկացրեց պարսիկների թիկունքը՝ նախապես պատրաստած թաքստոցը։ Երկու հազար էլ անցկացրեց բլրի հակառակ կողմը. և այսպես երկու կողմերից գաղտնի բանակներ կազմեց ու պատրաստ պահում էր։ Ապա ինքը մնացած ութ հազարը առանձին ճակատների բաժանելով՝ դասավորեց մինչև լուսաբաց, որպեսզի գաղտնի դարանի մասին ոչինչ չհասկացվի և վաղ առավոտյան փութանակի ուղիղ թշնամու վրա շարժվեց։
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն երրորդ
 

Ի վերջո պարսիկները ճակատային գրոհ են սկսում հայերի դեմ և ճակատամարտի սկզբնական փուլում բարդ իրավիճակ ստեղծում հայոց զորքի համար։ Սմբատը բախումը փորձում է տեղափոխել ռազմաճակատի մի անկյուն, որով հնարավորություն կտար թաքնված հայոց զորքին ավելի հեշտ կատարել իրենց առջև դրված պարտականությունները և նպաստավոր դիրք կստեղծեր նրանց համար։ Վախթանգն այս քայլը դիտարկում է որպես հայոց զորքի նահանջ և, կարծելով, որ հաղթանակը արդեն իր կողմն է, պարսից պահեստազորին ուղարկում է հայերին հետապնդելու, սակայն Սմբատը հակագրոհով անակնկալի է բերում պարսիկներին։ Նույն պահին պարսիկների թիկունքից դուրս են գալիս հայոց զորամասերը և հարվածում նրանց։ Սրա հետևանքով պարսկական զորքը երեք կողմից շրջապատվում է, սպանվում է հրամանատար Վախթանգը։

  Բայց ահա, երբ միմյանց դեմ դուրս եկան Վախթանգն ու Սմբատը… Սմբատը հարձակվելով՝ խփեց կտրեց նրա ազդրի սռնապանը, խոցեց նրան ուժգին և կամենում էր գետին տապալել։ Բայց Վախթանգը հասցրեց տեգով հարվածել նրա կրծքին, որը ցցվեց նրա լանջապանի մեջ, բայց ներս չթափանցեց… (Սմբատը) տեգով ուժգին հարվածեց Վախթանգի թիկունքին, պատռեց [երկաթյա] զրահը և սրտի մեջ մխրճելով՝ մյուս կողմից դուրս բերեց. ապա հանեց սուրը, թափով խփեց կտրեց Վախթանգի գլուխը։
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն երրորդ
 

Շրջափակումից հետո պարսից զորքը դեռևս երկար դիմադրություն է ցույց տալիս, սակայն ի վերջո հայերը կոտրում են պարսիկների դիմադրությունը և հաղթանակ տանում։ Երկու կողմից էլ բազմաթիվ զոհեր են լինում։

  Մեծավ հաղթությամբ վերադարձան բոլորը։ Զորքերն էլ շրջապատելով պարսիկներին, բոլորին կոտորեցին ու նույն տեղում վայր թափեցին, և ոչ մեկը նրանցից կենդանի չմնաց, բացի այն չորս հարյուր հոգուց, որոնք ուղտապաններ էին։ Նրանց հրամայեց չսպանել, այլ վերցրեց նրանցից հազար քառասունչորս ուղտ և ութ հազար ձի ու ջորի։ Իսկ երբ ավարտվեց պատերազմը, հրամայեց նրանց (ճակատամարտում ընկած պարսիկների) դիակները լցնել ձորերն ու հեղեղատները. և բլրի անունն էլ կոչեցին Մահու բլուր։
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն երրորդ
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 113–118.