ՄԱԿ-ը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը

Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) և Ղարաբաղյան Ազատագրական Պատերազմ. ՄԱԿ-ը պետությունների միջազգային կազմակերպություն է։ Հիմնադրվել է ժողովուրդների խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու, պետությունների համագործակցությունը զարգացնելու նպատակով։ ՄԱԿ-ի կանոնադրությունը սկզբնապես ստորագրել են 50 հիմնադիր պետություններ՝ 1945 թվականի հունիսի 26-ին, ուժի մեջ է մտել 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ ՄԱԿ-ի գործունեությունն իրականացնող գլխավոր մարմիններն են Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խուհուրդը (ԱԽ), Տնտեսական և սոցիալական խուհուրդը, Խնամակալության խորհուրդը, Միջազգային դատարանը, ՄԱԿ-ի քարտուղարությունը։ Գործունեությունն ամբողջացնում են ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններն ու այլ հիմնարկներ։ 2004 թվականի հունվարի 1-ի ղրությամբ ՄԱԿ-ի անդամ և 191 պետություն։

Միավորված Ազգերի Կազմակերպության դրոշը

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվականի փետրվարին։ Երևանում գործում է ՄԱԿ-ի գրասենյակը (1992 թվականից)։

ՄԱԿ-ը Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձել է դեռևս մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը։

ՄԱԿ-ի անդամ երկրների քարտեզը

1991 թվականի մարտի 5-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է ԼՂԻՄ-ում տիրող իրավիճակը և նշվել, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։ ՄԱԿ-ի ԱԽ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993 թվականին ընդունել է չորս բանաձև։

822 բանաձև խմբագրել

822 բանաձեվը (ընդունվել է ապրիլի 30-ին), պահանջել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում և տեղական հայկական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից։ Կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ վերսկսել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունները։

853 բանաձև խմբագրել

853 բանաձևը (հուլիսի 29) հակամարտության երկու կողմերին կոչ է արել կատարել 822 բանաձևի պահանջները, դատապարտել է Ադրբեջանին հայաբնակ շրջանների ռմբակոծման և քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար, որպես պատասխան քայլ՝ հայկական ուժերի կողմից Աղդամ քաղաքի գրավումը։

Մինչև օգոստոսի 8-ը տևած նիստում ընդունվել է «ՄԱԿ-ի ԱԽ 822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը»։

874 բանաձև խմբագրել

874 բանաձևը (հոկտեմբերի 14) կոչ է արել կողմերին արդյունավետ և մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, վերահաստատել է ԱԽ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին, ողջունել Մինսկի խմբի առաջարկած ԱԽ 822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների հարմարեցված ժամանակացույցը և կոչ արել կողմերին անհապաղ իրականացնել այդ ժամանակացույցում մատնանշված միջոցառումները։

884 բանաձև խմբագրել

884 բանաձևը (նոյեմբերի 12) տագնապով նշել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ու ռազմական գործողությունների ծավալումը, և որպես հետևանք ու պատասխան, հայկական ուժերի կողմից Զանգելանի շրջանի և Հորադիս քաղաքի գրավումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։