Ճնճղապաշար

բույսերի տեսակ
Ճնճղապաշար
Ճնճղապաշար
Ճնճղապաշար
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Polygoneae
Ցեղ Մատիտեղ (Polygonum)
Տեսակ Ճնճղապաշար (P. aviculare)
Միջազգային անվանում
Polygonum aviculare

Ճնճղապաշար, ծտապաշար, մատիտեղ թռչնի, ճնճղկապաշար (լատին․՝ Polygonlum aviculare), մատիտեղազգիների ընտանիքի միամյա բույս։ Ցողունը կանգուն է կամ գետնատարած, փռվող։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, ծաղիկները տերևածոցերում են, սպիտակ կամ վարդագույն։ Աճում է ամենուրեք, թուրմը բժշկության մեջ օգտագործվում է որպես արյունահոսությունը դադարեցնող և միզամուղ դեղամիջոց։ Սխալմամբ ճնճղապաշարը նույնացվում է ծտապաշարի (Capsella) հետ, որը խաչածաղկավորների ընտանիքի միամյա կամ երկամյա բույսերի ցեղ է։ Տերևները նստադիր են, ամբողջական։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն։ Պտուղը պատիճակ է։

Նկարագրություն խմբագրել

Միամյա մոլախոտ է։ Ցողունները միջին հաշվով ունեն 30-40 սմ երկարություն։ Տալիս է 5300 սերմնապտուղ։ Ծլում է վաղ գարնանը։ Ծաղկումը սկսվում է հունիսից և շարունակվում ամբողջ ամառվա ընթացքում։ Սերմերը երկար տարիներ հողում կարող են պահպանել իրենց ծլունակությունը։ Աճում է գրեթե բոլոր հողերում։ Ունի լավ զարգացած առանցքային արմատ, որի վերին ծայրին առաջացող բողբոջներից բույսը խիստ ճյուղավորվում է՝ տալով կարճ, շեշտված հանգույցներ։

Հենց այդ հանգույցներից էլ սկսվում են սրավուն-էլիպսաձև տերևներն ու նրանց ծոցից՝ 2-5-ական մանր, սպիտակ, կանաչավուն կամ վարդագույն ծաղիկները։ Բույսի սերմերը հեշտությամբ թափվում են՝ աղբոտելով հիմնականում հողը, ապա սերմնանյութը։ Պտուղը եռանիստ է, թխագորշ, շատ մանր։ Ծաղիկները կանաչ են՝ սպիտակ կամ վարդագույն ծածկույթներով[1]։ Լավ մշակված հողում արագ զարգանում է՝ ձևավորելով համատարած գորգ՝ խեղդելով մյուս բույսերին։ Այս բույսերից ստանում են ներկեր (արմատներից-կապույտը)։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հայաստանի ցածրադիր, նախալեռնային ու լեռնային գոտիներում։ Ավելի շատ հանդիպում է ճամփեզրին, առուների ափերին, գյուղամիջյան ճանապարհներին։ Հանդիպում է նաև Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Սկանդինավիայում։

Նշանակություն խմբագրել

Մատղաշ տերևները կարելի է օգտագործել որպես սնունդ աղցանների, ապուրների և տերևներից պատրաստված խյուսերի մեջ։ Դաղստանում այն օգտագործում են որպես կարկանդակի միջուկ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Knotgrass: Polygonum aviculare». NatureGate. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Ռ․Ս․Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս, 1980

Արտաքին հղումներ խմբագրել