Ճապկի վրացական

բույսերի տեսակ

Ճապկի վրացական (լատին․՝ Cornus iberica), հոնազգիների ընտանիքին պատկանող, ճապկի ցեղի ծածկասերմ փոքր ծառ կամ խոշոր թուփ, որն ունի 4-5 մետր բարձրություն, համարյա գնդաձև սաղարթ և գորշամոխրավուն ճյուղեր։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ճապկի վրացական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Հոնածաղկավորներ
Ընտանիք Հոնազգիներ
Ցեղ Ճապկի
Տեսակ Ճապկի վրացական
Լատիներեն անվանում
Cornus iberica
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???

Երիտասարդ ընձյուղները գորշականաչավուն են, խիտ, պատված մազմզուկներով, ավելի ուշ՝ գորշ և գրեթե մերկ։ Տերևադասավորությունը հակադիր է։ 2,5-9 սմ երկարությամբ, 1-3,5 սմ լայնությամբ, կարճ կամ երկար սրածայր գագաթով տերևները երկարավուն էլիպսաձև են, մեծ մասամբ սեպաձև հիմքով, ամուր, վերևի կողմից՝ փայլուն, մուգ կանաչ, ներքևի կողմից՝ անփայլ, ավելի բաց գույնի, երկու կողմից էլ կարճ (ներքևից ավելի խիտ և խորդուբորդ), 0,6-1,5 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը կոթունավոր են, վահանաձև, 4-6 սմ լայնությամբ, խիտ մազմզուկապատ առանցքով։ Պսակաթերթիկները նշտարաձև են կամ նեղ նշտարաձև։ Սկավառակը տափակ է, իսկ սռնակի գագաթը՝ լայնացած։ Կորիզապտուղը գնդաձև է, 0,6-0,8 սմ տրամագծով, սև, կորիզը նույնպես գնդաձև է։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 3, 8, 9-10, 18-20, 22-28, 32[1]:

Տարածված է արևելյան Կովկասում և Հարավային Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում և Մեղրիում, ստորին և միջին լեռնային գոտիների նոսր անտառներում և անտառի եզրերին, ծովի մակարդակից 900-1800 մետր բարձրություններում[1]։

Նկարագրություն խմբագրել

Նեղ և երկարավուն տերևները հակադիր են, երկար սրացած։ Առանց փաթեթի ծաղկաբույլը հովանոցանման է։ Ծաղիկները սպիտակ են, իսկ պտուղները՝ կլորավուն, հյութալի[2]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Հանդ գյուղի շրջակայքում։ Հայաստանից բացի աճում է նաև Վրաստանում[2]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700–800 մ բարձրությունների վրա, անտառի եզրին, սոսու պուրակում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[2]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաերի հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 156։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.