«Ճանճերի տերը», 1954 թվականին հրատարակված այլաբանական վեպ, հեղինակ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, անգլիացի գրող Վիլյամ Գոլդինգ։ Գիրքը պատմում է անմարդաբնակ կղզում հայտնված անգլիացի երեխաների և այն մասին, թե ինչպես են նրանք փորձում գոյատևել կղզում, ինչը, սակայն, ունենում է աղետալի հետևանքներ։

Ճանճերի տերը
Lord Of The Flies
ՀեղինակՎիլյամ Գոլդինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրայլաբանական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1954
Կազմի հեղինակԷնթոնի Գրոս
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՀրատարակիչFaber and Faber
Հրատարակման տարեթիվ17 սեպտեմբերի, 1954
Թարգմանիչ հայերենԱրտաշես Էմին
Հրատարակում հայերեն1990
OCLC47677622
Կայքwilliam-golding.co.uk/books/lord-of-the-flies(անգլ.)

Նախաբան

խմբագրել

1954 թվականին հրատարակված Ճանճերի տերը Գոլդինգի առաջին վեպն էր։ Չնայած որ ի սկզբանե այն մեծ հաջողություններ չգրանցեց (մինչև 1955 թվականին հրատարակումից դուրս գալը ԱՄՆ-ում վաճառվել էր մոտ 3000 օրինակ) շուտով այն դարձավ բեսթսելլեր։ Գրքի հիման վրա երկու անգամ նկարահանվել է անգլերեն ֆիլմ, առաջինը՝ 1963 թվականին Փիթեր Բրուքի, երկրորդը՝ 1990 թվականին Հարի Հուքի կողմից։ 1976 թվականին վեպն էկրանավորվել է նաև ֆիլիպիներենով։

Գրքում նշվում է, որ իրադարձությունները տեղի են ունենում ինչ-որ անորոշ միջուկային պատերազմի տարիներին։ Լքված կերպարներից ոմանք հասարակ աշակերտներ են, մի մասն էլ ղեկավար ունեցող երգչախմբի անդամներ են։ Երգչախմբի անդամներ Սեմից ու Էրիքից բացի մնացած բոլորն իրար առաջին անգամ են տեսնում։ Գրքում ներկայացվում է այն, թե ինչպես են լավ կրթություն ստացած քաղաքակիրթ երեխաները հեռավոր կզղում կամաց-կամաց դառնում վայրենիներ։

Գոլդինգը գիրքը գրել է որպես Ռ․ Մ․ Բալանթայնի ''Մարջանի կղզին'' երիտասարդական վեպի հակակշիռ[1]։ Այդ պատճառով էլ վեպում առկա են մի քանի հղումներ, ինչպես օրինակ փրկարար նավի սպայի խոսքերը․ «Քեֆներիդ քեֆ չէր հասնի։ Ճիշտ և ճիշտ «Մարջանի կղզու» նման»[2]։ Ենթադրվում է, որ վեպի երեք գլխավոր կերպարների՝ Ռալֆի, Խոզուկի և Ջեքի միջոցով Գոլդինգը ծաղրել է Մարջանի կղզու գլխավոր հերոսներին[3]։

Սյուժե

խմբագրել

Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր շիկահեր Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին և, հետևաբար, կօգներ փրկվել։ Տղաները որոշակի ժողովրդավարություն են հաստատում՝ որոշելով, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսելու իրավունք կունենա նա, ում ձեռքին կլինի խեցին։

Ջեքն իր երգչախմբի տղաներին դարձնում է որսորդներ, ովքեր պատասխանատու էին սնունդ հայթայթելու համար։ Ռալֆը, Ջեքն ու Սայմոն անունով մի լուռ, երազկոտ տղա շուտով իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը, սակայն առաջնորդը շարունակում է մնալ Ռալֆը։ Խոզուկը, ով Ռալֆի իրական խորհրդատուն էր, շուտով դառնում է մյուս տղաների հալածանքի և ծաղրի առարկան, իսկ Ջեքն ուղղակի ատում է նրան։ Սայմոնը, ով պատասխանատու էր ապաստարաններ կառուցելու համար, բնազդաբար զգում էր, որ պետք է պաշտպանել փոքրիկներին։

Մի գիշեր, երբ տղաները քնած էին, կղզու մոտակայքում տեղի է ունենում օդային մարտ, ինչի ընթացքում օդաչուներից մեկը նետվում է ինքնաթիռից և վայրէջք կատարելիս մահանում։ Նրա մարմինն անկարգելի հետ միասին սահում է սարի վրայով և կառչում գագաթի ծառերից մեկից։ Մինչ Ջեքը շարունակում է դավեր նյութել Ռալֆի դեմ, երկվորյակներ Սեմն ու Էրիքը, ովքեր այդ գիշեր պատասխանատու էին խարույկը վառ պահելու համար, մթության մեջ նկատում են օդաչուի դին ու անկարգելը։ Կարծելով, որ դա գազանն է, նրանք հևիհև վազում են քոլիկների մոտ, որոնք Ռալֆն ու Սայմոնը կառուցել էին որպես ապաստարան։ Այս անակնկալ հանդիպումը կրկին սրում է Ռալֆի և Ջեքի միջև լարվածությունը։ Մի փոքր անց Ջեքը որոշում է փոքրիկ խմբով ուղևորվել կղզու մյուս ծայրը, որտեղ նրա կարծիքով գազանի որջն էր։ Համաձայնում են գնալ միայն Ռալֆն ու Ռոջեր անունով մի կասկածելի տղա, ով Ջեքի ամենամտերիմ աջակիցն էր։ Մի փոքր գնալուց հետո Ռալֆը որոշում է վերադառնալ, սակայն շուտով երեքն էլ տեսնում են օդաչուի կախված դին, ում գլուխը տարուբերվում էր քամուց։ Նրանք այժմ համոզվում են, որ գազանն իրականում գոյություն ունի։ Քոլիկների մոտ վերադառնալուն պես Ջեքը ժողով է հրավիրում և փորձում բոլորին հանել Ռալֆի դեմ՝ նրանց խնդրելով Ռալֆին հեռացնել առաջնորդությունից։ Սակայն ոչ մի աջակցություն չստանալով՝ Ջեքը միայնակ ընդվզում է և որոշում իր սեփական ցեղը հիմնել։ Նրան միանում է նախ Ռոջերը, ապա ավելի ու ավելի շատ տղաներ։ Իսկ մնացածներին Ջեքի ցեղը շարունակում է հրապուրել՝ խոստանալով խոզի թարմ մսով խնջույքներ։ Ցեղի անդամները սկսում են ներկել դեմքերն ու տարօրինակ ծեսեր կատարել, այդ թվում նաև զոհեր մատուցել գազանին։

Սայմոնը, ով հաճախ էր ուշաթափվում, քանի որ ենթադրաբար էպիլեպսիայով էր հիվանդ[4][5],գաղտնի թաքստոց ուներ, որտեղ գնում էր մենակ մնալու համար։ Մի օր, երբ նա այնտեղ էր, նկատում է, թե ինչպես են Ջեքն ու իր որսորդները որսած խոզի գլուխը հագցնում սրած փայտին և թողնում գազանին նվեր։ Շուտով գլուխը պատվում է անթիվ-անհամար ճանճերով։ Սայմոնը գլխի հետ մտածացին խոսակցություն է ունենում և նրան կոչում է «Ճանճերի տեր»։ Գլուխը ծաղրում է Սայմոնին, երբ նա ասում է, թե գազանն իրական է, և հնարավոր է նրան գտնել ու սպանել։ Սրան ի պատասխան Ճանճերի տերը բացահայտում է գաղտնիքը. գազանը հենց իրենք՝ տղաներն են, գազանը նրանց բոլորի ներսում է։ Գլուխը նաև Սայմոնին զգուշացնում է մոտալուտ վտանգի մասին, և կանխագուշակում է նրա մահը։ Սայմոնը միայնակ բարձրանում է սարը և բացահայտում, որ գազան կոչվածն ընդամենը անկարգելով ընկած մարդու դի է, որ տարուբերվում է քամուց։ Նա շտապում է ներքև, որպեսզի տղաներին պատմի իրականությունը։ Վայրենի տղաները, ովքեր այդ պահին իրենց ծիսական պարն էին պարում, նրան շփոթում են գազանի հետ, հարձակվում վրան և կծելով սպանում։

Ջեքն ու իր ապստամբները որոշում են, որ իշխանության խորհրդանիշը ոչ թե խեցին է, այլ Խոզուկի ակնոցը, որը կրակ վառելու միակ միջոցն է։ Նրանք հարձակվում են Ռալֆի քոլիկների վրա, խլում ակնոցը և վերադառնում Ամրոց։ Ռալֆը, ում կողքին այժմ միայն Խոզուկն էր ու երկվորյակները, որոշում է գնալ Ամրոց և Ջեքին ստիպել վերադարձնել ակնոցը։ Նրանք չորսով գնում են Ամրոց, գտնում ցեղը և պահանջում վերադարձնել արժեքավոր իրը։ Հաստատելով իրենց անհնազանդությունը Ռալֆին և նրա իշխանությանը՝ նրանք Ջեքի հրամանով բռնում և կապկպում են երկվորյակներ Սեմին ու Էրիքին։ Ռալֆն ու Ջեքը սկսում են կռվել, որը, սակայն, ոչ մեկին չի հաջողվում հաղթել։ Խոզուկը կրկին փորձում է դիմել տղաներին։ Սադիստ ու դաժան Ռոջերն իր վերևի դիտակետից դիտմամբ ներքև է գլորում մի մեծ քար։ Խոզուկը դաժանաբար սպանվում է, իսկ խեցին՝ փշրվում։ Ռալֆին հաջողվում է փախչել, իսկ Սեմին ու Էրիքին Ռոջերն այնքան է տանջում, մինչև նրանք համաձայնում են միանալ Ջեքի ցեղին։

Ռալֆը գաղտնի հանդիպում է Սեմին ու Էրիքին, ովքեր նրան զգուշացնում են, որ Ջեքն ու Ռոջերը ատում են նրան, և որ Ռոջերը երկծայր սրած փայտ է պատրաստել. ցեղը պատրաստվում է խոզի նման հետապնդել Ռալֆին և սպանել նրան։ Հաջորդ առավոտյան Ջեքն ու ցեղը դուրս են գալիս որսի։ Վայրենիները կրակի են տալիս անտառը, մինչ Ռալֆը հուսահատ փորձում է չբռնվել։ Շուտով կրակը կուլ է տալիս կղզու մեծ մասը։ Որսորդները հետապնդում են Ռալֆին, ով վազելիս սայթաքում և ընկնում է։ Նայում է վերև և տեսնում մի համազգեստով մեծահասակի՝ նավի սպայի, ում նավը կանգ էր առնել կրակի պատճառն իմանալու համար։ Ռալֆը սկսում է ողբալ Խոզուկի մահը և «անմեղության վախճանը»։ Կեղտոտ ու անխնամ Ջեքն ու մյուս տղաները նույնպես սկսում են լաց լինել։ Սպան, բրիտանացի տղաների վայրենի տեսքից ու պահվածքից հիասթափված, շուռ է գալիս և հայացքը հառում իր նավին։

Թեմատիկա

խմբագրել

Որպես այլաբանություն՝ վեպի առանցքային թեման քաղաքակրթության և հասարակության կազմակերպման, օրենքներով խաղաղ ու ներդաշնակ ապրելու դեմ ընդվզող մարդկային բնազդն է և կամքն առ իշխանություն։ Թեմաներից է նաև խմբի և անհատի, իրատեսական և զգացմունքային ռեակցիաների, բարոյականի ու անբարոյականի միջև լարումը։ Այս ամենի արտացոլումը և հերոսներից յուրաքանչյուրի վրա ունեցած ազդեցությունը «Ճանճերի տերը» վեպի գլխավոր ենթատեքստն են կազմում։ «Ճանճերի տեր» անունը Բեհզեբուղ անվան բառացի թարգմանությունն է (Սատանայի անուններից մեկը)։

Արձագանք

խմբագրել
  • Գրքում ներկայացված մարդկային բնության և անհատի բարեկեցության պայքարն ընդդեմ համընդհանուր բարեկեցության թեմայի շնորհիվ վեպը Ամերիկայի գրադարանների միության՝ 1900-1999 թվականներին 100 ամենաշատ արգելված գրքերի ցանկում զբաղեցրել է 68-րդ տեղը։
  • Ժամանակակից գրականության 100 լավագույն վեպերի խմբագրի ցանկում այն զբաղեցրել է 41-րդ, իսկ ընթերցողի ցանկում՝ 25-րդ տեղը։
  • 2003 թվականին BBC-ի ներկայացրած 200 լավագույն գրքերի ցանկում գիրքը զբաղեցրել է 70-րդ տեղը[6]։
  • 2005 թվականին Թայմ ամսագիրը գիրքը դասեց 1923-ից 2005 թվականների ընթացքում 100 լավագույն անգլալեզու վեպերի շարքին։

Վերամշակումներ

խմբագրել

Գիրքն էկրանավորվել է երեք անգամ՝

Թատրոն

խմբագրել

Նիգել Վիլյամսը գրքի հիման վրա ներկայացում է գրել, որի առաջին բեմադրումը տեղի է ունեցել 1996 թվականի հուլիսին՝ Շեքսպիրյան արքայական ընկերության կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kundu, Rama (2006), New Perspectives on British Authors: From William Shakespeare to Graham Greene, Sarup & Sons, էջ 219, ISBN 978-81-7625-690-2
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. Singh, Minnie (1997), «The Government of Boys: Golding's Lord of the Flies and Ballantyne's Coral Island», Children's Literature, 25: 205–213, doi:10.1353/chl.0.0478
  4. Baker, James Rupert; Ziegler, Arthur P., eds. (1983). William Golding's Lord of the Flies. Penguin. էջ xxi.
  5. Rosenfield, Claire (1990). «Men of a Smaller Growth: A Psychological Analysis of William Golding's Lord of the Flies». Contemporary Literary Criticism. Vol. 58. Detroit, MI: Gale Research. էջեր 93–101.
  6. «The Big Read - Top 100 Books». BBC. 2003 թ․ ապրիլ. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.