Ճահուկ (Սյունիք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահուկ (այլ կիրառումներ)
Ճահուկ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում, Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) և Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳավառի անվան առաջին ստուգաբանողը եղել է ճահուկցի կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին[1], որի մասին Ղևոնդ Ալիշանը գրում է[2].
Ղազար կաթողիկոս՝ բնիկ երկրին՝ ախորժե ստուգաբանել. «Վասն» պատուականութեան տեղեացն ճահ և ըմբոն, այսինքն գեղեցիկ հարկաւոր և կարի պատշաճ։ |
Անվանահիմքը «ճահ» կամ «ջահ» նշանակում է «ջոկ», «խումբ» կամ «առանձին»[3]։ Երևի գավառանունը Նախիջևանից անջատվելու կապակցությամբ է ստացել այդ անունը, որովհետև նրա մեջ մտնող մի շարք գյուղեր առաջներում եղել են Նախիջևան գավառում։ Շահապունիս քաղաքը հայտնի էր հնուց, որի մասին Ստեփանոս Օրբելյանը գրել է[4].
Երկուտասներորդ՝ Ճահուկ գաւառ, որ և ձորն որ Շահապաւնս կոչի։ |
Պատմիչի եկեղեցական հարկացուցակում նշված է նաև Ճահուկ գյուղ։ Իսկ միաբան Ա. Սեդրակյանը Ճահուկ գավառի բնակիչներին անվանվել է «ջահկեցիներ»։ Գավառը մինչև 18-րդ դարը ունեցել է 334 հայկական գյուղ[5]։ Ճահուկ գավառ կար նաև Կորճեքում[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՀյուսիսից և հյուսիս-արևելքից և հարավից՝ Երնջակ և Նախճավան, արևմուտքից՝ Այրարատի Շարուր գավառներին։ Կազմված էր Ճահուկ և Շահապոնք վիճակներից՝ համանուն կենտրոններով։ Մակերևույթը լեռնադաշտային է, զգալիորեն անտառավետ, կլիման՝ ցամաքային, հողը՝ բերրի։
Պատմություն
խմբագրելԱրշակունիների ժամանակ (1-5-րդ դարեր) Ճահուկը եղել է Շահապունի իշխանական տան ժառանգական տիրույթը։ 6-րդ դարում Ճահուկը հիշատակվում է որպես բյուզանդական և պարսկական նվաճողների դեմ պայքարող հայկական ուժերի զորաճամբար։ 10-րդ դարում Ճահուկը մտնում էր Սյունյաց գահերից իշխան Սմբատի տիրույթների մեջ։ Սյունյաց իշխանության քաղաքական դերի նվազումից հետո, 12-րդ դարում, Ճակուկը անցնում է Համտունյաց իշխանությանը, ապա՝ Օրբելյան իշխան Ելիկումին, այնուհետև՝ Պռոշյաններին։ Ճահուկ ավանի սուրբ Աստվածածին վանքը 14-18-րդ դարերում եղել է ունիթորների միաբանության կենտրոն։ 16-18-րդ դարերում Ճահուկը Նախիջևանի խանության կազմում էր և կոչվում էր Ջահրի։ 19-րդ դարի երկրորդ կեսից Ճահուկը մտնում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 60)։ |