Ձև և բովանդակություն (փիլիսոփայություն)

Ձև և բովանդակություն փիլիսոփայական կատեգորիաներ, որոնք արտահայտում են իրականության առարկաների և երևույթների երկու փոխպայմանավորված կողմերը։

ԲովանդակությունԽմբագրել

Բովանդակությունն առարկայի տարրերն ու պրոցեսներն են, իսկ ձևը դրանց կազմակերպման եղանակը, ձևի շնորհիվ է, որ որոշակիանում է բովանդակությունը՝ ստանալով առկա գոյություն տվյալ առարկայի կամ երևույթի տեսքով։

ՁևԽմբագրել

Իմացաբանական առումով ևս ձևը հանդես է գալիս որպես հարափոփոխ և բազմազան բովանդակության կայունացման, որոշակիացման և համակարգման, միօրինականացման միջոց։ Մարդկային ճանաչողությունն աշխարհի փոփոխվող անվերջ բազմազանությունն ընդգրկելու և արտահայտելու համար բովանդակությունը կաղապարում է որոշակի վերջավոր ձևերի մեջ, ինչպիսիք են լեզվական-քերականական և տրամաբանական կառուցվածքային ձևերը, բովանդակությունից վերացարկված մաթեմատիկական ձևերը և այլն։

Հիրավի, մարդկային ճանաչողությանն ի սկզբանե հատուկ է ձևայնացման միտումը։ Այս առանձնահատկությամբ են պայմանավորված այն ուսմունքները, որոնք պնդում են ձևի ակտիվությունը (Արիստոտել, Լայբնից) և նույնիսկ նրա առաջնայնությունը, հատկապես մաթեմատիկական ձևերի ինքնաբավ և հիմնարար նշանակությունը բովանդակության նկատմամբ (պյութագորականությունը, պլատոնականությունը փիլիսոփայության մեջ և մաթեմատիկայում, «ֆիզիկական» իդեալիզմը և այլն)։

Մատերիալիստական փիլիսոփայության և բնագիտության դասականներն ամեն մի բովանդակություն հանգեցրել են հարափոփոխ և բազմազան երևույթների մնայուն ենթահիմքին՝ նյութական-իրային սուբստրատին, մատերիային, իսկ ձևը, գերիշխող մեխանիստական մտածելակերպի պայմաններում, վերածել են մեխանիկական հատկությունների և դրանց փոխակերպումների։

Հեկկելը, հաղթահարելով բովանդակության և մատերիայի նույնացման այս նեղ, մետաֆիզիկական-մեխանիստական ըմբռնումը, համապարփակ նշանակություն է տվել ձևը և բովանդակության կատեգորիաներին. բնության և ոգու ամեն մի երևույթ բնութագրվում է այդ երկու կողմերով, ընդ որում բովանդակություն կարող են լինել նաև ոչ մատերիական, վերացական էություններ, կապեր, հարաբերություններ։

Կ. Մարքսը զարգացրեց ձևի և բովանդակության դիալեկտիկական ըմբռնումը՝ հաղթահարելով Հեգելի դիալեկտիկային հատուկ մտա հայեցողությունը։ Սոցիալ-տնտեսական հարաբերությունների կոնկրետ վերլուծությամբ Մարքսը ցույց է տվել, որ նյութական-իրային ձևի մեջ թաքնված է սոցիալական բովանդակություն։

Մարքսը մշակեց «փոխակերպված» ձևի գաղափարը։ Առանձնահատուկ նշանակություն ունի մտածողության ձևի և բովանդակության խնդիրըը։

Ձևական տրամաբանությունը նկատի է առնում ոչ թե մտածողության կոնկրետ բովանդակությունը, այլ բովանդակության բաղկացուցիչ մասերի կապակցման եղանակը՝ մտածողության տրամաբանական կառուցվածքը, որպես մտածողության հիմնական ձևեր առանձնացնելով հասկացությունը, դատողությունը, մտահանգումը։

Ժամանակակից ձևական տրամաբանությունԽմբագրել

Ժամանակակից ձևական տրամաբանության մեջ տրամաբանական հաշիվները ձևական լեզվական կառուցվածքներ են, որոնք բովանդակություն են ստանում մեկնաբանության միջոցով։ Արվեստի երկի ձևի և բովանդակության գեղագիտության և արվեստագիտության հանգուցային հարցերից է։

Երկի բովանդակությունն իրականությունն է իր գեղագիտական կողմերով, որն արտահայտվում է երկի թեմայի և գաղափարի մեջ, իսկ գեղագիտական ձևը՝ երկի ներքին կառուցվածքը, կազմակերպվածքն է, որը ձեռք է բերվում գեղարվեստական պատկերման և արտահայտչական այն միջոցներով, որոնք ծառայում են բովանդակության մարմնավորմանը։ Դրանք են սյուժեն, կոմպոզիցիան, լեզուն, պատկերման և արտահայտչական նյութական միջոցները։

Ձևապաշտությունը գեղարվեստի էությունը հանգեցնում է ձևին, իսկ նատուրալիզմը գերագնահատում է արվեստի երկի բովանդակությունը (հատկապես սոցիալական թեման և սոցիալական գաղափարը)՝ ի հաշիվ գեղարվեստական ձևի։ Մինչդեռ, ըստ մարքսիստական գեղագիտության, արվեստի իսկական երկը պետք է բավարարի ձևի և բովնդակության ներդաշնակ միասնության չափանիշը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 698