Ձեռքսեղմում, ժեստ, ողջույնի կամ հրաժեշտի ծես, որը կատարվում է երկու հոգու կողմից՝ աջ ձեռքի ափերի փոխադարձ սեղմումով։ Ձեռքսեղմման էֆեկտն ուժեղացնելու համար նման սեղմումը կարող է ուղեկցվել ձախ ձեռքերի կիրառմամբ, սեղմման ուժի ավելացմամբ («ձեռքը ամուր սեղմել») և միացված ձեռքերը թափահարելով, ինչն արտացոլված է ձեռքսեղմման անգլերեն անվանման մեջ՝ անգլ.՝ handshake՝ բառացիորեն «ձեռքի թափահարում»։

Աջ ձեռքով սեղմում, ձախ ձեռքով՝ հավաստագրի փոխանցում
Ձեռքսեղմում

Ամենից հաճախ ձեռքսեղմումն օգտագործվում է ողջունելիս, հրաժեշտ տալիս, շնորհավորելիս, որպես հավանության, փոխադարձ համաձայնության կամ հաշտություն կնքելու նշան։ Ձեռքսեղմման նպատակը բարի մտադրությունների և բարի կամքի դրսևորումն է։ Ողջույնի այս մեթոդն առավել տարածված է տղամարդկանց շրջանում, կանայք, որպես կանոն, այն օգտագործում են միայն գործնական հանդիպումների ժամանակ։ Այնուամենայնիվ, այս ժեստը կարող է տեղի ունենալ նաև տղամարդու և կնոջ միջև կամ փոխարինվել տղամարդու կողմից կնոջ ձեռքը համբուրելով։ Մուսուլմանական երկրներում տղամարդու և կնոջ միջև ձեռքսեղմումը չի թույլատրվում, ավելին, Իսլամը թույլ չի տալիս ձեռքսեղմում այն մարդկանց միջև, որոնք մահրամ չեն։

Պատմություն խմբագրել

Այս ասպետական ծեսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է ձեռքերի շարժումից, որը ցույց էր տալիս, որ զենք չունեն։ Հունական արվեստում ձեռք սեղմող մարդկանց կերպարներ են հայտնաբերվել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Գրական աղբյուրներում ձեռքսեղմումը հիշատակվում է մեր թվարկությունից առաջ Օվիդիուսի «Փոխակերպումներ» պոեմում։

Սպորտաին մրցումներում խմբագրել

 
Ձեռքսեղմում մեծ թենիսում

Շատ սպորտային մրցումների ժամանակ ընդունված է մինչև մենամարտը սկսելը սեղմել մրցակցի ձեռքը։ Այս ավանդույթը պահպանվում է գրեթե բոլոր մարզաձևերում, բացառությամբ նրանցում, որտեղ ֆիզիկապես դժվար է դա անել, օրինակ՝ առագաստանավային մրցավազքում։

Շատ մարզաձևերում ձեռքսեղմումը կրում է ծեսի բնույթ։ Օրինակ՝ կարատեում կա մի ծես, երբ ավելի բարձր կարգ ունեցող մարզիկի ձեռքսեղմմանը, ի նշան հարգանքի, միշտ պատասխանում են երկու ձեռքով, իսկ մենամարտի վերջում երկուսն էլ երկու ձեռքով են սեղմում՝ ընդգծելով, որ մրցակիցը լավ մենամարտեց և արժանի է հարգանքի։

Հին ավանդույթներում ձեռքսեղմումն արտահայտում է բաց, բարյացակամ շփման պատրաստակամություն, դա փոխադարձ բարեհաճության յուրատեսակ նշան է։

Ձեռքսեղմման էթիկետ խմբագրել

Ըստ էթիկայի կանոնների՝ տղամարդկանց դեպքում առաջինը ձեռքը մեկնում է տարիքով մեծը կամ կարգավիճակով բարձրը։ Ձեռքսեղմումը պետք է նախաձեռնի ավագը։ Ներկաներից ամենափոքրը կարիք չունի շտապելու այդ հարցում։ Տղամարդն առաջինն է ձեռքը մեկնում կնոջը։ Կինը որոշում է՝ սեղմել տղամարդու ձեռքը կամ սահմանափակվել սովորական զուսպ ողջույնով։ Ներկայացնելիս առաջինը ձեռքը մեկնում է նա, ում ներկայացնում են։ Բայց ամեն դեպքում, եթե ձեռքը մեկնում են բարևելու համար, էթիկայի տեսանկյունից անհարգալից է այն թողնել օդում, ուստի պետք է սեղմել մեկնած ձեռքը։ Ողջույնին չպատասխանելը անքաղաքավարի է և կարող է վիրավորել դիմացինին[1][2][3]։

Նշանակություն խմբագրել

Ձեռքսեղմումը վստահության նշան է, այն օգտագործվում է որպես դիմացինի նկատմամբ բարի մտադրությունների երաշխիք, ինչպես նաև միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերելու նշան։ Հաճախ մեծ նշանակություն ունի, թե ով է առաջինը մեկնում ձեռքը։

Ձեռքը սեղմելուց հրաժարվելը կարող է նշանակել անբարեհաճ վերաբերմունք կամ համագործակցելու ցանկության բացակայություն։

Խնդիրներ խմբագրել

Ձեռքսեղման ժեստի լայն տարածման պատճառով որոշակի խնդիրներ են ունենում այն մարդիկ, որոնք ունեն ափի գերքրտնարտադրություն։ Այլ անձի կողմից իր թաց կամ սառը ձեռքին հպվելու անբարեհաճ արձագանքի ակնկալիքը կարող է հանգեցնել ձեռքսեղմումից խուսափելու գիտակցված ձգտման։

Ձեռքսեղման խորհրդանիշ Unicode-ում խմբագրել

Unicode-ում ձեռքսեղմման խորհրդանիշը հետևյալ բանալին է՝ U+1F91D 🤝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Искусство рукопожатия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  2. М. Г. Подопригора. «Этикет приветствий». Деловой этикет.
  3. «Почему у мужчин принято здороваться за руку?».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձեռքսեղմում» հոդվածին։