Հրաչուհի Բասենց

օպերային երգչուհի, սոպրանո

Հրաչուհի Բասենց (իրական անունը՝ Հրաչուհի Խումարյան, անգլ.՝ Hrachuhi Bassenz, հուլիսի 30, 1978, Երևան), օպերային երգչուհի, սոպրանո։

Հրաչուհի Բասենց
Ի ծնե անունՀրաչուհի Խումարյան
Նաև հայտնի է որպեսԲասենց
Ծնվել էհուլիսի 30, 1978(1978-07-30) (45 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
ԿրթությունՀայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բեմական անուն խմբագրել

Հրաչուհի Խումարյանը հանդես է գալիս Հրաչուհի Բասենց բեմական ազգանվամբ՝ ի հիշատակ Արևմտյան Հայաստանի հայրենի բասեն գավառի։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հայաստանում՝ արվեստասերների ընտանիքում։ Սովորել է Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի, երաժշտության դպրոցի ջութակի բաժնում։ Գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի ավան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը՝ պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարանը։ Խաչատրյան եղբայրների հիմնած Գյումրիի «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջին օրից ելույթներով հանդես է եկել նվագախմբի համերգային շրջագայություներում։ Հրաչուհին ունի բեմական միջազգային մեծ աշխարհագրություն, Հայաստանից դուրս հանդես է եկել Ռուսաստանում, Կիպրոսում, Լեհաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ 2007 թ․ նրան հրավիրում են Դարմշթադթի օպերային թատրոն Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգը կատարելու։ 2006-2008 թ․ երգում է Սիմիի, Դեզդեմոնայի, Միքաելայի, Էլեոնորայի, դոննա Էլվիրայի և Սելիկայի դերերգերը։ 2008 թվականի սեպտեմբերից աշխատում է Նյուրնբերգի օպերային թատրոնում, որտեղ երգում է Թերեզայի, Միմիի, Էլվիրայի և մի շարք այլ դերերգեր։ 2009 թվականի դեբյուտով հանդես է եկել Գդանսկի Բալթիկ օպերայի թատրոնում դիրիժոր Ժոզե Մարիա Ֆլորենցիոյի ղեկավարությամբ։ 2009-2010 թթ․ Ալբրեխտ Դյուրերի անվան նյուրնբերգյան օպերային պարահանդեսում երգել է Նորմայի հայտնի «Casta Diva»-ն և Վիոլետայի արիան «Տրավիատա» օպերայից։ 2010 թվականին ելույթ է ունեցել Նյուրնբերգի Վիվա Վերդի գալահամերգում։

Գերմանիա տեղափոխվելուց ի վեր ամուսնու՝ բարիտոն Գոռ Հարությունյանի հետ ակտիվորեն մասնակցել է հայ համայնքի մշակութային իրադարձություններին։ Գերմանիայում հանդես է եկել Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Բեռլինի, Էռլանգենի և այլ հայկական կազմակերպությունների ու համայնքների կազմակերպած մշակութային միջոցառումներին։ Աննախադեպ էր հատկապես հրաչուհու 2011 թվականի հուլիսի 24-ի ելույթը Եվրոպայի ամենամեծ բացօթյա համերգում, Նյուրնբերգի «Լուիդփոլդհայնում», որտեղ տասնյակ հազարավոր ներկաներ առաջին անգամ Դիրք Քաֆթանի ղեկավարած Նյուրնբերգի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնարավորություն ունեցան ունկնդրելու հայ կոմպոզիտորների Ալեքսանդր Հարությունյանի «Երգիր ինձ համար», Ալեքսանդր Դոլուխանյանի «Ծիծեռնակ» և Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ» ստեղծագործությունները։ 2011 թ․ Գերմանիայի Բավարիա երկրամասի գիտության, գիտական հետազոտությունների և արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշը պարգևատրել է նրան արվեստն ու գրականությունը խրախուսող տարվա բարձրագույն բավարական մրցանակով՝ իր արվեստի բնագավառում նշանակալի հաջողությունների համար։

Հրաչուհի Բասենցի երգացանկում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վիոլետայի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայից, որը 2012 թ․ բեմադրել է հանրահայտ ռեժիսոր Պետեր Կոնվիչնին[1]։

Մրցանակներ խմբագրել

2006 թվականին Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքի երաժշտական թատրոնից ստանում է աշխատանքային հրավեր և ընդամենը վեցամսյա գործունեությունից հետո արժանանում թատրոնի բարձրագույն մրցանակին, ապա նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2013 թ․ Վերդիի ծննդավայր Բուսսետոյում անցկացվող «Վերդյան ձայներ» ամենամյա միջազգային մրցույթում գրավել է 2-րդ մրցանակը։ 2014 թ․ հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ «Երաժշտական օլիմպուս 2014» ամենամյա երաժշտական փառատոնին մասնակցելու։

Ընտանիք խմբագրել

Հրաչուհու կրտսեր եղբայրը ուսանում է Շտուտգարտի Ջոն Կրանկո բալետի ակադեմիայում (John Cranko Ballettakademie Stuttgart, Germany) և ելույթներով հանդես է գալիս տարբեր բեմերում, իսկ մայրը՝ Ամալյա Բաբլոյանը, Հայաստանում ղեկավարում է «Փառքի ու Գեղեցկության» մշակույթի կենտրոնը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշխարհի հայ երաժիշտները. Երևան. 2014.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6173

Արտաքին հղումներ խմբագրել