Հրայր Բազե Խաչերյան

լիբանանահայ լուսանկարիչ
(Վերահղված է Հրայր Խաչերյանից)

Հրայր Խաչերյան (առավել հայտնի է որպես Հրայր Բազե Խաչերյան, ապրիլի 23, 1962(1962-04-23) կամ 1961, Լիբանան և Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ լուսանկարիչ։

Հրայր Բազե Խաչերյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1962(1962-04-23) (61 տարեկան) կամ 1961
ԾննդավայրԼիբանան կամ Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունլուսանկարիչ և արվեստագետ
ԱշխատավայրՀորիզոն

Կենսագրություն խմբագրել

Հրայր Խաչերյանը ծնվել է 1962 թվականի ապրիլի 23-ին։ Հետագայում ստանալով Բազե մականունը՝ դարձել է Հրայր Բազե Խաչերյան.

  Մենք շատ բաներով նման ենք իրար, բազեն էլ լավ աչք ունի, սիրում է սավառնել և, երբ որս է անում, շատ լավ գիտի իր թիրախը[1]։  

Լուսանկարչությաբ հետաքրքրվել է 11-12 տարեկանում։ Դպրոցում հետաքրքրված է եղել մաթեմատիկայով, լուսանկարչությամբ և անգլերենով։ Հարցազրույցներից մեկում Հրայր Բազե Խաչերյանը խոսել է այն մասին, թե ինչպես է սկսել լուսանկարել.

  Դասընկերներիցս մեկի եղբայրը, ով տարիքով մեծ էր ավելի, լուսանկար ուներ ձեռքին։ «Ես հարցրեցի՝ ինչպե՞ս ես ստեղծել դա, իսկ նա քմծիծաղով ասաց՝ «սա քո գիտելիքներից վեր է, մեծանալ է պետք հասկանալու համար»։ Ես որոշեցի անպայմանն գտնել գաղտնիքը։ Ինձ համար մի լուսանկարչական փոքրիկ սարք գնեցի և սկսեցի նկարել դասընկերներիս՝ ֆուտբոլ խաղալիս, դասի պահին, ծառեր, փողոցներ… Հետզհետե կադրերն ինձ համար ավելի լուրջ խորք ունեցան»:Հետո մանկական անմեղ պատկերներին հաջորդեց լիբանանյան պատերազմի դառնությունը՝ պայթած ռումբերի հետքեր, կյանքի և մահվան միջև ապրող մարդիկ։  

Դպրոցն ավարտելուց հետո Հրայր Բազեն ԱՄՆ-ում սովորել է օդաչուի մասնագիտություն։ 1990-ական թվականներին առաջին անգամ եղել է Հայաստանում, ապա մեկնել Արցախ։ Արցախում 1992 թվականին լուսանկարել է խաչքարեր, այնուհետև Հայաստանում և բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական խաչքարեր։ 1993 թվականին մեկնել է Կանադա, այնտեղ էլ բժիշկները լուսանկարչի մոտ ախտորոշել են թոքի քաղցկեղ.

  «Բժիշկներն ինձ մոտ թոքի քաղցկեղ էին հայտնաբերել, ասացին որ այն տարածվել է արդեն, և ես ապրելու համար ունեմ ընդամենը տասը օր,- պատմում է Հրայրը,- առաջին բանը, որ մտքովս անցավ, երեխաներիս հարցն էր։ Սարսափով մտածում էի՝ ո՞նց եմ թողնելու երեք և չորս տարեկան աղջիկներիս, ախր իրենց առջև դեռ պարտավորություններ ունեմ։ Այդ հիվանդությունը շրջադարձային եղավ իմ կյանքում. դա զգացական չէր, այլ ռեալ, տրամաբանական՝ կամ պետք է հանձնվես՝ մահանաս, կամ ոչ, պետք է պայքարես ամեն գնով, որ զավակներիդ հետ մեծանաս։ Սենյակիս մեջ մի խաչ կար, որի առջև ուխտ արեցի՝ եթե փրկվեմ, ապա աշխարհով մեկ կգնամ, հայկական եկեղեցիներ կնկարեմ»։  

: Հրայր Բազեն կարողացել է հաղթահարել հիվանդությունը։

Ստեղծագործություններ խմբագրել

1997 թվականին լույս է տեսել Խաչերյանի՝ Արցախի մասին պատմող առաջին գիրք-ալբոմը՝ «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն»։ Նա առավել հայտնի է «40 մերկ մարմին» (2001 թվական), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002 թվական), «Երկիր» (2005 թվական), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010) և «Հայկական զարդատառ» (2012) և այլ գրքերով։ 2013 թվականի հուլիսի 17-ին Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հրայր Բազե Խաչերյանի «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» պատկերագրքի ներկայացումը[2]։ 2015 թվականին հանդես է եկել «100. 1915-2015» պատկերագրքով[3]։ 2017 թվականին փետրվարի 24-ին Մատենադարանում տեղի է ունեցել եռալեզու (հայերեն, անգլերեն և ֆրանսերեն) «Խաչքար» պատկերագրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը[4]։ Այդ գիրքը բաղկացած է 516 էջից, որտեղ պատկերված են Հայաստանի և Արցախի խաչքարերը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հրայր Բազե Խաչերյան. «Մենք այսօր պետք է հաղթանակած ընդառաջ գնայինք 100-ամյակին և ոչ թե ողբերգական դեմքով»». Hetq.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Հրայր Բազե Խաչերյան | | Թուրքագիտական պորտալ» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  3. ««100-1915-2015»…ՀՐԱՅՐ ԲԱԶԷ | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  4. Ադամյան, Սոնա (2017 թ․ փետրվարի 23). «Հայկական ժառանգությունը՝ Հրայր Բազեի նոր «Խաչքար» պատկերագրքում». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի նոր պատկերագրքում հազար խաչքար է ներկայացված». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.