Հռենոսի ոսկին
Հռենոսի ոսկին (գերմ.՝ Das Rheingold), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա, «Նիբելունգի մատանին» շարքի առաջին օպերան՝ նախերգը։ Լիբրետտոն գրվել է Վագների կողմից 1849-1852 թվականների ընթացքում Ցյուրիխ քաղաքում, երաժշտությունը՝ 1853-1854 թվականների ընթացքում։
Հռենոսի ոսկին գերմ.՝ Das Rheingold | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Երաժշտական դրամա |
Կոմպոզիտոր | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի հեղինակ | Ռիխարդ Վագներ |
Սյուժեի աղբյուր | Սկանդինավյան դիցաբանություն |
Գործողությունների քանակ | 1 արար |
Կերպարներ | Ալբերիք, Donner?, Erda?, Fafner?, Fasolt?, Floßhilde?, Freia?, Fricka?, Froh?, Loge?, Mime?, Wellgunde?, Woglinde? և Wotan? |
Առաջնախաղի տարեթիվ | սեպտեմբերի 22, 1869 |
Առաջնախաղի վայր | Մյունխեն |
Կատալոգի համար | 86A |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Das Rheingold Վիքիպահեստում |
Առաջին անգամ բեմադրվել է 1869 թվականի սեպտեմբերի 22-ին Մյունխենում Ֆրանց Վյուլների ղեկավարությամբ։ Վագները դեմ էր բեմադրմանը, քանի որ համոզված էր, որ օպերան պետք է կատարվի «Նիբելունգի մատանին» շարքի հետ միասին։ Այդ մտահղացումը ի կատար ածվեց միայն՝ Բայրոյթի առաջին փառատոնի ընթացքում, որտեղ «Հռենոսի ոսկին» բեմադրվեց 1876 թվականի օգոստոսի 13-ին՝ Հանս Ռիխթերի ղեկավարությամբ։
ՍյուժեԽմբագրել
Անշտապ հոսում է զորեղ Հռենոսը: Նրա ալիքներում խայտում են ջրահարսները՝ Հռենոսի անհոգ և զվարթ դուստրերը: Նրանք պահպանում են գետի հատակում հանգչող ոսկե գանձը: Իսկ գետնի տակ, ժայռերի ծերպերում ապրում են կարճլիկ նիբելունգները՝ հմուտ դարբինները: Նրանցից մեկը՝ Ալբերիխը ապարդյուն ձգտում է արժանանալ ջրահարսների սիրուն. Հռենոսի դուստրերը սահելով դուրս են պրծնում նրա ձեռքերից՝ ծիծաղելով նրա դանդաղաշարժության և զայրույթի վրա: Նրանց ուրախ շաղակրատանքից Ալբերիխն իմանում է գանձի գաղտնիքը. նա, ով Հռենոսի ոսկուց մատանի կռի, կդառնա աշխարհի տիրակալը և անհամար գանձերի կտիրանա: Բայց մատանին կռելը հեշտ չէ. դրա համար հարկավոր է հրաժարվել մարդկային լավագույն զգացմունքից՝ սիրուց: Ալբերիխն անիծում է սերը և Հռենոսի ոսկին նրա ձեռքում է: Անմատչելի լեռնային բարձունքներում վեր է խոյանում աստվածների վսեմ պալատը՝ Վալհալլան: Ոչ մի թշնամի սարսափելի չէ գերագույն աստված Վոթանի համար: Վալհալլան կառուցել են Ֆազոլտը և Ֆավները՝ զորեղ, բայց պարզհոգի եղբայր հսկաները: Վոթանը պայմանագիր է կնքել նրանց հետ՝ երդվելով, որ իբրև վարձատրություն նրանց կհանձնի երիտասարդության դիցուհի Ֆրեյային, որ պահպանում է աստվածներին հավերժ երիտասարդություն պարգևող կախարդական ոսկե խնձորները: Սակայն, անառիկ ամրոցն ստանալուց հետո, Վոթանը չի շտապում բաժանվել Ֆրեյայից: Կնոջ, որ Ֆրեյայի քույրն է, Ֆրիգգի նախատինքները, նրա եղբայրների՝ երիտասարդ Ֆրոյի և որոտի աստված ռազմաշունչ Դոնների զայրույթը, ավելի ամրապնդում են նրա մերժման որոշումը: Կրակի աստված Լոգեն, որ հրի նման ճկուն է ու անհավատարիմ, և մի ժամանակ աստվածներին նենգաբար խորհուրդ էր տվել պայմանավորվել հսկաների հետ, պատմում է Հռենոսի ոսկու մասին: Հսկաները պատրաստ են հրաժարվել Ֆրեյայից, եթե Վոթանն իրենց հանձնի նիբելունգների մատանին: Իսկ առայժմ նրանք իրենց մոտ են պահում Ֆրեյային՝ իբրև պատանդ: Նույն պահին աստվածները կորցնում են իրենց զորությունը և մեկ ակնթարթում դառնում ծեր ու զառամյալ: Միայն Լոգեն առաջվա պես ուրախ է ու ծիծաղկոտ: Այդժամ Վոթանը որոշում է. ինքը Ալբերիխից կխլի ոսկին, որպեսզի փրկագնի Ֆրեյային: Լոգեի ուղեկցությամբ նա ուղևորվում է դեպի նիբելունգների ստորգետնյա թագավորությունը:
Արդեն հեռվից լսվում է զնդանի վրա տեղացող մուրճերի հարվածների ձայները, երևում է քուրաներում ցոլցլացող կրակը և լսվում են նիբելունգների ճիչերն ու լացի ձայները: Նրանք օր ու գիշեր կռում են Ալբերիխի գանձերը, ով ստրկացրել է իրենց ոսկե մատանու զորությամբ: Եվ այժմ Ալբերիխը երազում է ամբողջ աշխարհը նվաճելու մասին: Ալբերիխի վախկոտ, անվերջ փնթփնթացող եղբայր Միմեն նրա համար կռել է մի հրաշալի ոսկե սաղավարտ. նա, ով կկրի այն, կարող է ընդունել ցանկացած կերպարանք և նույնիսկ անտեսանելի դառնալ: Լոգեն, իմանալով դրա մասին Միմեի մոտ, Ալբերիխի հետ գալիս է խորամանկ համաձայնության, և երբ նիբելունգը դնելով այն, դառնում է փոքրիկ դոդոշ, աստվածները բռնում են նրան և կապում: Որպես փրկագին Վոտանը պահանջում է ոսկին: Ալբերիխը տալիս է այն ամենը, ինչ կռել էին կարճլիկները, նույնիսկ կախարդական սաղավարտը, բայց երբ Վոթանը հանում է նրա մատից կախարդական մատանին, նիբելունգն արտասանում է սարսափելի մի անեծք. այսուհետ նա, ով կկրի մատանին, կբերի մահ և դժբախտություն: Վոթանը միայն ծիծաղում է չար և անուժ կարճլիկի վրա, չէ՞ որ այժմ իշխանությունն ու հարստությունը ի՛ր ձեռքում են: Բայց ոսկով պետք է վճարի հսկաներին, իսկ նրանք ցանկանում են ստանալ այնքան ոսկի, որ Ֆրեյային ոտքից գլուխ ծածկի: Նիբելունգների հարստությունը չի բավականացնում, և Վոթանը ոսկու կույտի վերն է նետում կախարդական սաղավարտը: Ֆազոլտը, որ սիրահարվել էր Ֆրեյային, ի զորու չէ բաժանվել նրանից: Նա պնդում է, որ արանքից դեռ երևում է աստվածուհու հայացքը: Հսկաները պահանջում են նաև ոսկե մատանին: Վոթանը հրաժարվում է, իսկ վախեցած աստվածների աղերսանքն ի զորու չէ սասանել նրա որոշումը: Վոթանին ստիպում է մատանին հսկաներին հանձնել միայն սարսափելի մարգարեությունը ճակատագրի աստվածուհի Էրդայի, որ հանկարծ հայտնվում է երկրի ընդերքից: Եվ այդ վայրկյանին էլ կատարվում է նիբելունգի անեծքը. ոսկու պատճառով վեճ է ծագում և Ֆավները ծանր լախտով սպանում է եղբորը: Աստվածներին համակում է սարսափը. նրանց լուսավոր աշխարհ սողոսկեցին սպանությունն ու մահը: Որոտի աստված Դոնները հավաքում է ամպերը, ճայթեցնում է ամպրոպը և պարզված երկնակամարում տարածվում է ծիածանը՝ բազմերանգ կամուրջը, որով աստվածները հանդիսավորությամբ ընթանում են դեպի Վալհալլա: Ոչ Հռենոսի խաբված դուստրերի աղիողորմ լացը, ոչ էլ Լոգեի թունոտ ծաղրը չեն կարող խախտել Վոթանի հրճվանքը. նա արբեցած է իր ամենակարողությամբ ու իշխանությամբ:
ԵրաժշտությունԽմբագրել
«Հռենոսի ոսկին» հեքիաթային-էպիկական բովանդակությամբ օպերա է՝ դանդաղ զարգացող գործողություններով և մի քանի իրադարձություններով: Այն կառուցված է առանց ընդմիջման իրար հաջորդող չորս գունեղ տեսարանների համադրությամբ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ գույնը: Առաջին տեսարանը ներկայացնում է Հռենոսի դուստրերի համերաշխ աշխարհը: Նվագախմբային կատարումները պատկերում են գետի հանդիսավոր հոսքը: Ջրահարսների երգի լուսավոր երաժշտական թեմաներն արտահայտում են խաղաղություն և ուրախ տրամադրություն: Իսկ նվագախմբի կենտրոնական դրվագը, որ ներկայացնում է արևի ճառագայթների տակ ոսկե գանձի փայլփլելը, աչքի է ընկնում վառ հնչեղությամբ և գույների շքեղությամբ: Հակադրությունը բերվում է առաջին տեսարանի փոթորկուն և տագնապալից ավարտին:
Երկրորդ տեսարանը բացվում է Վոթանի հանդիսավոր ու վսեմ երգի թեմայով: Նրան հակադրվում է Ֆրիգգի փոքրիկ քնարական արիոզոն՝ «Ախ, դողում եմ քո հավատարմության վրա»: Ծանր հնչողությամբ, «տհաճ» ակորդները պատկերում են հսկաներին: Խիստ ընդգրկուն է կրակի աստված Լոգեի երաժշտական նկարագիրը. բորբոքուն կրակը պատկերող նվագախմբի հնչողությունը վերափոխվում է լիովին հմայիչ ու հիասքանչ «Որտե՞ղ է կյանքը շնչում ու հոսում» երկար խոսքին, իսկ աստվածների հանկարծակիորեն ծերանալու տեսարանն ուղեկցվում է ծաղրալից ակնարկներով:
Մռայլ գույներով է հագեցած՝ նիբելունգների թագավորությունը ներկայացնող երրորդ տեսարանը: Անդադար հնչում է մետաղը կռելու միալար ռիթմը (Վագները նվագախմբի կազմի մեջ է ընդգրկում 18 զնդան), դանդաղ, ասես մեծ դժվարությամբ, գլուխ է բարձրացնում նիբելունգների քրթմնջոցի ու լացուկոծի թեման: Նույն ռիթմն ուղեկցում է բողոքող Միմեի կարճ երգը. «Նախկինում մեր կանանց հետ մենք անհոգորեն փայլփլուն բարակ զգեստներ էինք պատրաստում»: Ալբերիխի գոռոզությունն ու սև զորությունը բացահայտվում են Վոթանի և Լոգեի հետ տեսարանում:
Չորրորդ տեսարանում ևս իշխում է միևնույն տրամադրությունը: Ողբերգական է նիբելունգների երթի տեսարանը, որոնք շալակած տանում են ոսկե գանձը: Ալբերիխի մենախոսությունը՝ «Դու ի ծնե նզովյալ ես, անիծյալ լինես, իմ մատանի», օպերայի կուլմինացիոն ավարտն է: Նրա ահարկու, կոպիտ հնչողությամբ երգի թեման դեռ շատ պիտի հայտնվի «Նիբելունգի մատանին» քառագրության մյուս օպերաների դրամատիկական պահերին: Տարբեր բնույթի է, խիստ և անկիրք ճակատագրի աստվածուհի Էրդայի մարգարեությունը՝ գալիք դժբախտությունների մասին («Այն ամենը, ինչ անցել-գնացել է, գիտեմ» արիոզոն): Օպերան ավարտվում է բնապատկերի տեսարանով. նվագախմբի փոթորկուն նվագի հետ հնչում է ամպրոպի աստծու զորեղ կանչը, որին օժանդակում է տարբեր գործիքների համահունչ նվագը, ապա որոտի երաժշտական արտահայտությանը հաջորդում է լարային նվագարանների ու տավիղների խաղաղ ու զուլալ երաժշտական թեման:
Գործող անձինքԽմբագրել
Դերերգ | Ձայնի տեսակ | Կատարողները[1] 1869 թ. սեպտեմբերի 22 (Դիրիժոր՝ Ֆրանց Վյուլներ) |
Ամբողջական շարքի առաջին ներկայացման կատարողները[2] 1876 թ. օգոստոսի 13 (Դիրիժոր՝ Հանս Ռիխթեր) |
---|---|---|---|
Աստվածներ | |||
Վոտան | բաս-բարիտոն | Ավգուստ Կինդերման (August Kindermann) | Ֆրանց Բեց (Franz Betz) |
Լոգե | տենոր | Հենրիխ Վոգլ (Heinrich Vogl) | Հենրիխ Վոգլ (Heinrich Vogl) |
Ֆրիկա | մեցցո-սոպրանո | Սոֆի Ստելե (Sophie Stehle) | Ֆրեդերիկե Գրյուն (Friederike Grün) |
Ֆրեյա | սոպրանո | Հենրիետ Մուլլեր (Henriette Muller) | Մարի Հաուպտ (Marie Haupt) |
Դոներ | բաս-բարիտոն | Կարլ Սամուել Հեյնրիխ (Karl Samuel Heinrich) | Եուգեն Գուրա (Eugen Gura) |
Ֆրոհ | տենոր | Ֆրանց Նախբաուր (Franz Nachbaur) | Գեորգ Ունգեր (Georg Unger) |
Էրդա | կոնտրալտո | Էմմա Սիհոֆեր (Emma Seehofer) | Լուիզ Ժադե (Luise Jaide) |
Նիբելունգներ | |||
Ալբերիխ | բարիտոն | Կառլ Ֆիշեր (Karl Fischer) | Կառլ Հիլլ (Karl Hill) |
Միմե | տենոր | Մաքս Շլյոսսեր (Max Schlosser) | Մաքս Շլյոսսեր (Max Schlosser) |
Հսկաներ | |||
Ֆազոլտ | բաս-բարիտոն կամ բաս | Տոնի Պետցեր (Toni Petzer) | Ալբերտ Էյլերս (Albert Eilers) |
Ֆաֆներ | բաս | Կասպար Բաուսվեյն (Kaspar Bausewein) | Ֆրանց ֆոն Ռեյշենբերգ (Franz von Reichenberg) |
Հռենոսի կույսեր | |||
Վոգլինդե | սոպրանո | Աննա Կաուֆման (Anna Kaufmann) | Լիլի Լեման (Lilli Lehmann) |
Վելգունդե | սոպրանո կամ մեցցո-սոպրանո | Տերեզա Վոգլ (Therese Vogl) | Մարի Լեման (Marie Lehmann) |
Ֆլոսսհիլդե | մեցցո-սոպրանո | Վիլհելմինե Ռիտեր (Wilhelmine Ritter) | Մինա Լամերտ (Minna Lammert) |
ԱղբյուրներԽմբագրել
- "100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Almanacco 22 September 1869» (Italian)։ AmadeusOnline։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010
- ↑ «Almanacco 13 August 1876» (Italian)։ AmadeusOnline։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010