Հումմեթ («Եռանդ»), ադրբեջանական սոցիալ-դեմոկրատական խումբ։ Ստեղծվել է 1904 թվականի վերջին, ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեին կից՝ մուսուլմանական աշխատավորության շրջանում քաղաքական գործունեություն ծավալելու, նրանց հեղափոխական պայքարի մեջ ներգրավելու, պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակելու նպատակով։ Լինելով մասսայական կազմակերպություն, «Հումմեթ»-ը հանդիսացել է տեղական բոլշևիկյան կազմակերպության բաղկացուցիչ մաս։ Տակտիկական նկատառումներով երբեմն հանդես է եկել որպես ինքնուրույն կազմակերպություն։

Հումմեթ
ադրբ.՝ Hümmət Partiyası
Տեսակկուսակցություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրվածհոկտեմբեր 1904
Լուծարվածփետրվարի 11, 1920 և ապրիլի 27, 1920
Գաղափարախոսությունսոցիալ-ժողովրդավարություն
Միջազգային պատկանելությունՌուսաստանի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն
 Hummat Party Վիքիպահեստում

Ստեղծումը խմբագրել

«Հումմեթ»-ի ստեղծմանը մասնակցել են Պ. Ջափարիձեն, Ա. Ստոպաևին և Ս. էֆենդիևը։ «Հումմեթ»-ի ղեկավար գործիչներն են եղել նաև Մ. Ազիզբեկովը, Ա. Ախունդովը, Ն. Նարիմանովը, Մ. Շահումյանը և ուրիշներ։ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության շրջանում «Հումմեթ»-ը մասնակցել է գործադուլների կազմակերպմանը, Բաքվի սովետի, նավթարդյունաբերության բանվորների միության աշխատանքներին, տարածել թռուցիկներ։ 1904 թվականի հոկտեմբերից մինչև 1905 թվականի փետրվարը կազմակերպությունը հրատարակել է «Հումմեթ» հեկտոգրաֆին թերթը։

Հետագա գործունեություն խմբագրել

1907-1911 թվականներին կատարված ձերբակալությունները թուլացրել են կազմակերպությունը։ «Հումմեթ»-ի գործունեությունն ակտիվացել է 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո։ Բաքվի շրջակայքում և Ադրբեջանի մյուս քաղաքներում ստեղծվել են «Հումմեթ»-ի բաժանմունքներ և խմբեր։ 1917 թվականի հուլիսի 3 (16)-ից վերսկսվել է «Հումմեթ» թերթի հրատարակումը։ «Հումմեթ»-ի ներկայացուցիչները ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հետ մասնակցել են ՌՍԴԲ (բ) կ VI համագումարին։ Բաքվի կոմունայի անկումից հետո «Հումմեթ»-ն անցել է ընդհատակ։ Նրա անդամներից շատերը մեկնել են Աստրախան, որտեղ ստեղծել են բյուրո և հրատարակել «Հումմեթ» թերթը։ 1920 թվականի փետրվարին «Հումմեթ»-ի և ՌԿ (բ) կ Բաքվի կազմակերպության միավորումով ստեղծվել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 640