Հողասեփականություն, հողի անհատական յուրացման պատմական ձև։ Արտահայտում է մարդկանց հասարակական-արտադրական այն հարաբերությունները, որոնց առաջացման հիմքը հողի՝ որպես ցանկացած արտադրության պայման ու գլխավոր արտադրամիջոց (գյուղատնտեսության, անտառտնտեսության և այլ ոլորտներում) լինելու հատկությունն է։ Այդ հարաբերությունների պատմական ձևերը համապատասխանում են որոշակի արտադրաեղանակի և փոփոխվում են հասարակության արտադրողական ուժերի զարգացման ազդեցության հետևանքով։

Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայում հողասեփականության ձևերի բազմազանության մեջ առանձնացվում է որևէ մի, առավել բնորոշ ու տիրապետող ձևը։ Ընդ որում, հողասեփականության նոր ձևերը, որպես կանոն, ծագում են հին տնտեսակարգի ընդերքում, միաժամանակ հարմարվում և շարունակում են գոյատևել նորի պայմաններում։

Հողասեփականության առաջին ձևը համայնականն էր (ցեղային, տոհմային և նահապետական ընտանեկան համայնք), որը բնորոշ էր նախնադարյան համայնական հասարակարգին։ Աշխատանքի բաժանման, զարգացման ն փոխանակության ծագման հետ առաջացավ մասնավոր հողասեփականություն, որի հետևանքով համայնական հողասեփականությունն աստիճանաբար վերացավ։ Ստրկատիրական հասարակարգում առկա էր հողասեփականության մի քանի ձև՝ համայնական, տաճարային, պետական, մասնավոր (անհատական)։ Այդ ձևերն առավել բազմազան դարձան ավատատիրության (ֆեոդալիզմի) պայմաններում միջնադարյան Եվրոպայում), պետական եկեղեցական հողեր, գույք, խոշոր ավատատիրական կալվածք (Արևելքում)։ Հետագայում ծագեց մասնավոր կապիտալիստական հողասեփականությունը, որը հաստատվում էր լենդլորդերի ու կապիտալիստների ձեռքում հողի կենտրոնացման, հողը ապրանքի վերածելու ուղիով։ Զուգահեռաբար, հողի վարձակալության և գրավադրման իրավաձևերով ընթացավ նաև հողասեփականությունից ու հողասեփականատիրոջից հողի՝ որպես տնտեսության օբյեկտի անջատման պրոցես, և հողասեփականությունը վերածվեց միայն տիտղոսի, որը հողային ռենտայի յուրացման իրավունք Է տալիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 530