Հոբիթոն

նկարահանման հրապարակ, տեսարժան վայր Նոր Զելանդիայում

Հոբիթոն, «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմաշարերի համար կառուցված նկարահանման հրապարակ։ Այժմ վերածվել է թոլքինյան զբոսաշրջության վայրի, որտեղ զբոսաշրջիկների համար անցկացվում են շրջայցեր։ Գտնվում է Նոր Զելանդիայի Ուայկատո շրջանում` Հինուերա բնակավայրից մոտ 8 կմ դեպի արևմուտք և Մատամատա քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող ընտանեկան ֆերմայում։ Զբաղեցնում է 5.5 հա տարածք։

Հոբիթոն
անգլ.՝ Hobbiton Movie Set
Բիլբո Բեգինսի տունը Հոբիթոնում
Տեսակնկարահանման վայր
Երկիր Նոր Զելանդիա
ՎարչատարածքՄատամատա-Պյակո շրջան
Մակերես5.5 հեկտար
Հոբիթոնը գտնվում է Նոր Զելանդիաում
Հոբիթոն

Նկարագրություն խմբագրել

Սկզբնապես հիմնականում ճահճային այս տարածքը 19-րդ դարում չորացվել է մեծամասշտաբ դրենաժային համակարգի միջոցով և այժմ բերրի գյուղատնտեսական հողատարածք է, ինչպես նաև մրցարշավային ձիերի բուծման կենտրոն[1]։

500 հա մակերեսով խոտածածկ կանաչ հողատարածքը, որտեղ գտնվում է Հոբիթոնը, պատկանում է Ալեքսանդր ընտանիքին, որն այստեղ է տեղափոխվել 1978 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն գործում է որպես անասնաբուծական ֆերմա, որտեղ հաշվվում են շուրջ 13 000 գլուխ ոչխար և 300 գլուխ Աբերդին-անգուսյան ցեղատեսակի խոշոր եղջերավոր անասուններ։ Եկամտի հիմնական աղբյուրներն են ոչխարի միսը, բուրդը և տավարի միսը[1]։

«Մատանիների տիրակալը» խմբագրել

 
Բեգ Էնդը` Բիլբո Բեգինսի, ապա Ֆրոդո Բեգինսի տունը

Երբ Փիթեր Ջեքսոնը սկսել է «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի նկարահանման համար հարմար վայրի որոնումները[2], 1998 թվականին[3] տեղանքի օդային զննման ժամանակ նկատել է Ալեքսանդր ընտանիքին պատկանող ֆերման, որը «կարծես Հին Անգլիայի մի փոքրիկ կտոր լիներ»[2]։ Բեմադրող նկարիչ Ալան Լիի խոսքերով` տեղանքի բլուրներն «այնպիսի տեք ունեին, կարծես հոբիթներն արդեն սկսել էին փորել հողը»[4]։ Տարածքում կար նաև լիճ, որ մի երկարավուն հատվածը կարող էր գետի դեր կատարել[4]։

Սեփականատերերի հետ բանակցություններից հետո` 1999 թվականի մարտին, սկսվել են աշխատանքները, որոնց արդյունքում ֆերմայի մի հատվածը պետք է վերածվեր Հոբիթոնի և Ջոն Թոլքինի ստեղծագործություններում նկարագրվող Հոբիթստանի (անգլ.՝ Shire) այլ վայրերի։ Գաղտնիությունը չափազանց կարևոր էր, և պրոդյուսերական ընկերության կողմից անվտանգության խիստ միջոցներ էին կիրառվում շինարարության և նկարահանումների ընթացքում[5]։

Մոտակա մայրուղուց դեպի տեղանքը ձգվող 1.5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման և նախնական հողային աշխատանքների իրականացման համար Նոր Զելանդիայի բանակը ծանր տեխնիկա է տրամադրել։ Հետագա աշխատանքները ներառում էին հոբիթի 37 բների դիմային հատվածների և հարակից այգիների ու ցանկապատերի, ջրաղացի ու երկկամար կամրջի կառուցումը։ Հոբիթոնում տեղադրվել է նաև Մատամատա քաղաքի մոտակայքում աճող 26 տոննա զանգվածով կաղնին, որը կտրվել և արհեստական տերևներով համալրվելուց հետո կանգնեցվել է Բեգ Էնդի` Բիլբո Բեգինսի տան վերևում։ Պանդոկի և ջրաղացի տանիքների ծածկը պատրաստվել է ֆերմայից հավաքված ծղոտից։ Տեղադրվել են գեներատորներ, հաշվի է առնվել նաև ջրի և կոյուղու հարցը։ Սնունդ է ապահովվել օրական մինչև 400 դերասանների, անձնակազմի անդամների և այցելուների համար[6]։

Հոբիթոնի ստեղծման մասին Փիթեր Ջեքսոնը գրել է. «Ես համոզված էի, որ Հոբիթոնը պետք է լինի ջերմ ու հարմարավետ և այնպիսի տպավորություն թողնի, կարծես այստեղ իրոք ապրում են։ Նկարահանումներից մեկ տարի առաջ ցանկապատեր ու փոքրիկ պարտեզներ ստեղծելով և թողնելով, որ ճեղքերի միջից մոլախոտեր աճեն` մենք ստացանք աներևակայելիորեն իրական մի վայր, որը սոսկ նկարահանման հրապարակ չէր»[2]։ Ադամ Լին հավելել է. «Գոհացուցիչ էր տեսնել, որ այն ստացել է Դևոնշիրի գյուղական շրջանի տեսքը, որտեղ ես ապրել էի վերջին քսանհինգ տարիների ընթացքում»[4]։

«Հոբիթ» խմբագրել

Սկզբնական նկարահանման հրապարակը չէր կարող երկար կանգուն մնալ, քանի որ հոբիթների բների դիմային հատվածները կառուցվել էին չմշակված փայտից, նրբատախտակից ու պոլիստիրոլից, իսկ նկարահանումից հետո մասամբ ապամոնտաժվել։ 2010 թվականին նկարահանման հրապարակը վերակառուցվել է` ավելի հիմնական տեսք ստանալով «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն»[3][7] ֆիլմի նկարահանումների համար, որոնք սկսվել են 2011 թվականին[8]։ Ֆիլմում Իեն Մաքքելենը կրկին հանդես է եկել Գենդալֆ Մոխրագույնի դերում։ Հոբիթոնում նկարահանումների ժամանակ նրան միացել է Մարտին Ֆրիմանը, որի խոսքերով` նկարահանման հրապարակը «նման էր մի վայրի, որտեղ մարդիկ էին ապրում և աշխատում»[3]։ Փիթեր Ջեքսոնը հիշում է. «Այնպիսի զգացողություն էր, թե կարող ես բացել Բեգ Էնդի կանաչ կլոր դուռը և ներսում գտնել Բիլբո Բեգինսին»[2]։

Շրջայցեր խմբագրել

Հոբիթոնում շրջայցեր են անցկացվում 2002 թվականից սկսած[5]։ Երկու ժամ տևողությամբ շրջայցը մեծ պահանջարկ ունի, և խորհուրդ է տրվում ամրագրել նախապես[5][6][9]։ Շրջայցի կարևորագույն կանգառներն են Բեգշոթ նրբանցքը (անգլ.՝ Bagshot Row), Հյուրասիրության Ծառը (անգլ.՝ Party Tree), որի տակ Բիլբո Բեգինսը հրաժեշտի խոսք է ասում, և Բիլբոյի տունը` Բեգ Էնդը։ Հոբիթոնում այժմ կարելի է տեսնել հոբիթի 44 բուն[5][10], սակայն հնարավոր է մտնել միայն մի քանիսը։ Դրանք փոքր են և ունեն անավարտ, հողապատ ներքին հարդարանք։ Բիլբոյի տան ներսում տեղի ունեցող տեսարանները նկարահանվել են Վելինգտոնում գտնվող կինոստուդիայում[11]։

Հոբիթների բները նախագծվել և կառուցվել են երեք տարբեր չափսերով։ Ամենափոքրերը կառուցված են հոբիթներին համապատասխան չափսերով (հոբիթներն ավելի փոքր են, քան մարդիկ), մյուսները` ավելի մեծ չափսերով, որպեսզի հոբիթի դեր կատարող դերասաններն ավելի փոքր երևան, իսկ որոշները կառուցվել են «թզուկների» չափսով՝ թզուկներ պարունակող տեսարանների համար։ Բացի մի քանի բացառություններից` մուտքի դռան գույնը ցույց է տալիս չափսը, օրինակ` կապույտ դռնով բները կառուցված են մարդկանց համապատասխան չափսերով։

Շրջայցից առաջ կամ հետո կարելի է ընդմիջել «The Shires Rest Cafe» սրճարանում, որտեղ մատուցվում է նախաճաշ և «երկրորդ նախաճաշ»։ 2012 թվականին Հոբիթոնում բացվել է «Կանաչ վիշապ» իջևանատունը, որը «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմաշարերում նկարահանված համանուն իջևանատան կրկնօրինակն է[12]։ Սրճարանի հարևանությամբ գործում է նաև հուշանվերների խանութ, իսկ 2014 թվականից սկսել են անցկացվել նաև երեկոյան միջոցառումներ։

Շրջայցերը հիմնականում դրական արձագանքներ են ստացել[13][14]։ 2013 թվականին Հոբիթոնն ընդունել է 500,000-րդ այցելուին[5][15]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Brodie (2004) p. 32
  2. 2,0 2,1 2,2 2,3 Brodie (2004) Foreword
  3. 3,0 3,1 3,2 New Zealand: Home of Middle-earth. (19 Mar 2013). Go New Zealand. (Available on YouTube).
  4. 4,0 4,1 4,2 Brodie (2004) p. 19
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 "Our Tours" Արխիվացված 2020-01-14 Wayback Machine Hobbiton Movie Set Tours. Retrieved 24 January 2015
  6. 6,0 6,1 Brodie (2004) p. 33
  7. "The Hobbit Trilogy filming locations". Go New Zealand. Retrieved 25 January 2015
  8. Trumbore, Dave (2011 թ․ մարտի 20). «Production Officially Begins on Peter Jackson's ''The Hobbit; Plus Two New Images and the Official Synopsis». Collider. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. "Hobbiton Movie Set Tours" Tourism New Zealand. Retrieved 24 January 2015
  10. "Hobbiton Express Tour from Auckland". Go New Zealand. Retrieved 24 January 2015
  11. Roberts, Susan (2 October 2014) "A Day at Hobbiton". The Scribbling Scribes. Retrieved 26 January 2015
  12. Hawes, Rexine; Bain, Mike (2017 թ․ փետրվարի 13). «Hobbiton movie set could continue to attract new generations of tourists». Stuff. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  13. Rawlings-Way et al (2008) p. 50
  14. «A Tolkien fan's paradise - Review of Hobbiton Movie Set, Hinuera, New Zealand». Tripadvisor.
  15. "Home". Hobbiton Movie Set Tours. Retrieved 24 January 2015

Գրականություն խմբագրել

  • Ian Brodie (2004) The Lord of the Rings Location Guidebook. (Extended Edition). HarperCollins. Auckland.
  • Charles Rawlings-Way, Brett Atkinson, Sarah Bennett, Peter Dragicevich and Errol Hunt (2008) Lonely Planet New Zealand. Lonely Planet. Melbourne.

Արտաքին հղումներ խմբագրել