Հեծան, գլխավորապես ծռման տակ աշխատող, սովորաբար չորսուի տեսքով կառուցվածքային տարր։ Lայնորեն օգտագործվում է շինարարության և մեքենաշինության մեջ. շենքերի, կամուրջների, ուղանցների, մեքենաների, հաստոցների կոնստրուկցիաներում։ Հեծանների սխեմաներ պատրաստվում է հիմնականում երկաթբետոնից, մետաղից և փայտից։ Ըստ հենարանների թվի և հենարանային միակցումների բնույթի տարբերում են միահենամեջ, բազմահենամեջ, բարձակային, ամրակցած ծայրերով, խզովի, անխզովի, իսկ ըստ լայնական հատվածքի՝ ուղղանկյունաձև, տավրային, երկտավրային, արկղաձև հեծաններ։ Հեծանը կարող է ունենալ հաստատուն կամ փոփոխական չափերով հատվածքներ, որը կատարվում է հեծանի զանգվածը փոքրացնելու համար։ Տարբերում են հիմնական (երկայնական) և օժանդակ (լայնական) հեծաններ։ Երկայնական և լայնական հեծանների համակարգն անվանում են հեծանավանդակ։ Երկաթբետոնե հեծանները պատրաստվում են միաձույլ (հիմնականում բազմահենամեջ՝ անխզովի, ուղղանկյունաձև կամ տավրային հատվածքով) և հավաքովի (առավելապես միահենամեջ՝ ուղղանկյունաձև, տավրային, երկտավրային և այլ հատվածքներով)։ Մետաղական հեծանները գլխավորապես կիրառվում են մեծ բեռնվածքների դեպքում։ Առավել արդյունավետ են երկտավրային և արկղաձև հատվածքով մետաղական հեծանները։

Փայտե հեծանները (միահենամեջ և խզովի կոնստրուկցիաների տեսքով) ծառայում են սովորաբար ոչ մեծ հենամեջեր ծածկելու համար։ Դրանք պատրաստվում են տախտակներից, չորսուներից, գերաններից։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 342
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեծան» հոդվածին։