Հարբոր բրիջ (անգլ.՝ Harbour Bridge), Սիդնեյի ամենամեծ կամուրջը, երկաթյա կամարակապ ամենամեծ կամուրջներից մեկն աշխարհում։ Սիդնեյի տեսարժան վայրերից է։ Իր առանձնահատուկ ձևի պատճառով սիդնեյցիները կամուրջը կատակով անվանում են «կախիչ»։ Կամուրջը բացվել է 1932 թվականի մարտի 19-ին։ կամրջի նախատիպը Նյու Յորքի Հելլ գեյթ կամուրջն է[5]։ Կամրջով իրականացվում են ավտոմոբիլային, հեծանվային, հետիոտնային և երկաթուղային փոխադրումներ։ Հարբոր բրիջը միացնում է քաղաքի հարավային գործարար կենտրոնը հյուսիսային մասին` հատելով Պորտ Ջեքսոն ծոցը։

Հարբոր բրիջ
Երկիր Ավստրալիա[1]
ՏեղանքՍիդնեյ
Տեսակthrough arch bridge?, պողպատե կամուրջ, ավտոմոբիլային-երկաթուղային կամուրջ, վճարովի կամուրջ, historical cultural heritage site? և տրամվայի կամուրջ
Նյութպողպատ
Թռիչքների քանակ1
Հատում էPort Jackson?
Երկարություն1149 մետր
Լայնություն48,8 մետր
Բացման տարեթիվմարտի 19, 1932[2]
Ժառանգության կարգավիճակlisted on the Australian National Heritage List?[1], Heritage Act — State Heritage Register?[3], Local Environmental Plan?[4] և Historic Civil Engineering Landmark?
Քարտեզ
Քարտեզ

Տեխնիկական տվյալներ

խմբագրել

Կամրջի կամարակապ թռիչքը 503 մ երկարություն ունի։ Այն ընդամենը մի քանի մետրով է պակաս աշխարհում ամենամեծ` 518 մ երկարությամբ Ֆեյեթվիլի մետաղյա կամարակապ կամրջից (Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ)։ Քանի որ ներկայումս երկար թռիչքով կամուրջ կառուցելու անհրաժեշտության դեպքում նախընտրում են կախովի կամուրջը, ապա Հարբոր բրիջը երկար կմնա աշխարհի ամենաերկար կամարակապ կամուրջներից մեկը։

Կամրջի մետաղյա կամարը 9.000 տ է։ Այն խոյանում է ծովի մակարդակից 134 մ բարձրության վրա, ծոցի ջրերից ունեցած բարձրությունը 49 մ է, ինչը ապահովում է ցանկացած նավի անցումը կամրջի տակով։ Հետաքրքիր է, որ կամարի բարձրությունը տաք օրերին կարող է մեծանալ 18 սմ-ով, քանի որ մետաղը տաքանալով ընդարձակվում է։

Կամրջի ընդհանուր երկարությունը 1149 մ է, լայնությունը` 49 մ։ Ողջ կամրջի քաշը 52.800 տ է։ Երկաթյա տարրերը իրար են միացած ամրակներով, որոնց ընդհանուր քանակն անցնում է 6 միլիոնը[6]։ Կամուրջը պահելու համար ափերին կանգնեցրել են 100 մ բարձրությամբ աշտարակներ, որոնք պատված են գրանիտե սալիկներով[7]։

1998 թվականի հոկտեմբերի 1-ից կամրջի վրա կանոնավոր կազմակերպվում են էքսկուրսիաներ 10 տարեկանից բարձր անձանց համար։ Մարդկանց եզրային կամարով բարձրացնում են կամրջի գագաթը, որտեղից բացվում է քաղաքի անկրկնելի տեսարանը։ Մուտքի համար անհրաժեշտ են ռեզինե տակով կոշիկներ և պաշտպանիչ հատուկ համազգեստ, որ տրամադրվում է տեղում։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
 
Հարբոր բրիջը օդից
  • Շոգ օրերին կամրջի բարձրությունը ավելանում է մոտ 20 սմ-ով։
  • Կամրջի բացման արարողության ժամանակ ժապավենը պետք է կտրեր Նոր Հարավային Ուելսի աշխատանքի նախարար Ջեք Լանգը։ Սակայն երբ նա պատրաստվում էր դա անել, նրան է մոտենում համազգեստով մի ձիավոր` կտրելով ժապավենը, և հայտարարում, որ կամուրջը բացում է Հարավային Ուելսի ողջ ժողովրդի և նրա արքայի անունից։ Օրինախախտին արագ ձերբակալում են։ Պարզվում է, որ նա New Guard խմբի անդամ Ֆրենսիս դե Գրոոտն է, ով տեղյակ չի եղել, որ արքա Ջորջ V-ը կամրջի բացմանը չի հրավիրվել։ Չնայած Գրոոտը բանակի ներկայացուցիչ չի եղել, սակայն հագել է համազգեստ` միախառնվելով հեծելազորին։ Դե Գրոոտին մեղադրել են անպատշաճ վարվելակերպի համար, անցկացրել են հոգեբանական քննություն` տուգանելով 5 ֆունտով։ Սակայն որոշ ժամանակ անց բողոքարկում է ներկայացվել, և Դե Գրոոտը ինքն է մեղադրանք առաջ քաշել ապօրինի ձերբակալության համար։
  • Օրական կամրջով անցնում է մոտ 200.000 ավտոմեքենա։
  • Կամրջի շինարարությունը սկսելու համար ստիպված են եղել քանդել մոտ 800 տուն։ Բնակիչները տարհանվել են` առանց որևէ փոխհատուցման, ինչը համընդհանուր դժգոհության առիթ է դարձել։
  • Կամրջի կառուցվածքի ցանկացած փոփոխություն պահանջում է ողջ կառուցվածքի վերահաշվարկ։ Հաշվարկները կազմել են 28 հատոր։
  • Մետաղական կամուրջը երեք շերտով ներկելու համար պահանջվել է գրեթե 300 հազար լիտր ներկ[8]։

Ամանորի տոնակատարություն

խմբագրել
 
Զբոսաշրջիկների խումբը կամրջի եզրային կամարին

Հերբոր բրիջը Սիդնեյում ամանորյա տոնակատարությունների անբաժան մաս է կազմում։ Այն օգտագործվում է տեխնիկական շոուի համար։ Առաջին` այսպես կոչված ընտանեկան հրավառությունը կատարվում է երեկոյան ժամը 9-ին` գրավելով փոքր երեխաներ ունեցող մեծ թվով ընտանիքների։ Երկրորդ հիմնական հրավառությունը սկսվում է կեսգիշերին։

Հրավառություն կազմակերպելու գաղափարն առաջացել է 1983 թվականին Բրուքլինի կամրջի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունից հետո։ 1986 թվականին լուսային շոուի մասնագետ Սիդ Հովարդը (Syd Howard) առաջին անգամ իրագործել է այդ գաղափարը Ավստրալիայի ռազմածովային ուժերի 75-ամյակի տոնակատարության ժամանակ։ Ամանորյա առաջին հրավառությունը կազմակերպվել է 1996 թվականին։ 1997 թվականին կազմակերպվել է լուսային շոու, որը 1999 թվականից դարձել է ամենամյա։

Ամեն տարի շոուն նոր թեմայի շուրջ է կազմակերպվում։ Այն գրավում է շատ տեղացիների և զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ Այսպես, 2010-11 թվականների ամանորյա շոուն դիտել են 1.5 միլիոն հանդիսատես և 1.1 միլիարդ հեռուստադիտող[9]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
  2. 19 Mar 1932 - Sydney Harbour Bridge openedState Records Authority of New South Wales.
  3. New South Wales State Heritage Register — 1999.
  4. Sydney Local Environmental Plan 2012 — 2020.
  5. Gerard R. Wolfe Hell Gate and Hell Gate Bridge // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — 1584 p. — ISBN 0300182570
  6. «The Sydney Harbour Bridge» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Джонатан Рэтленд, Маргарет Стефенс. Энциклопедия юного учёного. Т.2. Техника: автомобили, мотоциклы, поезда, электричество, компьютеры. изд. "Росмэн", 1992. ISBN 5-257-00822-X
  8. Низовский А. Ю. 100 великих чудес инженерной мысли. изд. "Вече", 2005. ISBN 5-9533-0663-6
  9. «Sydney New Years Eve | NYE | The Official Event Website». Cityofsydney.nsw.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն

խմբագրել
  • John Nicholson Building the Sydney Harbour Bridge. — ISBN 1865082597
  • Низовский А. Ю. 100 великих чудес инженерной мысли. изд. "Вече", 2005. ISBN 5-9533-0663-6
  • Джонатан Рэтленд, Маргарет Стефенс. Энциклопедия юного учёного. Т.2. Техника: автомобили, мотоциклы, поезда, электричество, компьютеры. изд. "Росмэн", 1992. ISBN 5-257-00822-X

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարբոր բրիջ» հոդվածին։