Հատերիա
Հատերիա | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Rhynchocephalia |
Ընտանիք | Sphenodontidae |
Ցեղ | Հատերիա (Sphenodon) Gray, 1831 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Հատերիա կամ տուատարա (լատ.՝ Sphenodon punctatus), սողունների տեսակ, կնճիթագլուխների կարգի միակ պահպանված ներկայացուցիչը (երբեմն առանձնացնում են նաև երկրորդ տեսակը՝ Sphenodon guntheri)։
Տարածված է Նոր Զելանդիայի մի շարք փոքր կղզիներում՝ Պլենտի ծոցի 13 ժայռոտ կզիներում, որտեղ ստեղծված է հատուկ արգելանոց[1] (երկրի երկու հիմնական կղզիներում՝ Հյուսիսայինում և Հարավայինում, ոչնչացել է)։ Ներկայում հատերիան անհետացող տեսակ է և ունի պահպանության կարիք։ Ընդգրկված է միջազգային «Կարմիր գրքում» և ներկայում ունի խոցելի տեսակի կարգավիճակ։
Ընդհանուր բնութագիրԽմբագրել
Մարմնի երկարությունը հասնում է 76 սմ-ի, քաշը՝ 1,3 կգ[2]։ Կյանքի միջին տևողությունը 60 տարի է, սակայն կարող են ապրել նաև հարյուր տարուց ավելի[3]։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ հատերիաները կարող են ապրել շուրջ 200 տարի[4]։ Ողերը երկգոգավոր են։ Գանգը ոսկրային է, ունի երկու քունքային աղեղ։ Գլուխը մեծ է, վերջավորություններն ունեն հինգ մատ։ Կոպուլատիվ օրգան չունեն։ Գույնը դեղնականաչավուն է, փայլ չունի, մարմնի կողքերին և վերջավորությունների վրա կան դեղին բծեր։ Սեռահասուն են դառնում 15-20 տարեկանում[5]։ Ապրում է կրծողների և մրրկահավերի բներում։ Վարում է գերազանցապես գիշերային կենսակերպ։ Սնվում է տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր մողեսներով, մրրկահավի ձվերով։ Արտաքին տեսքով ու կենսագործունեությամբ հիշեցնում են խոշոր իգուանաների։
Բազմաթիվ սողղունների նման հատերիաներն ունեն լավ զարգացած մթնային աչք՝ օրգան, որը ծագմամբ և ֆունկցիայով սերտորեն կապված է էպիֆիզի հետ։ Այն մասնակցում է օրգանիզմի օրական ռիթմերի կարգավորմանը՝ կապված գիշերվա և ցերեկվա հերթափոխի հետ, տարածության մեջ կենդանու կողմնորոշման ապահովմանը և ջերմակարգավորմանը։
Մինչև 1989 թվականը համարվում էր, որ կա հատերիաների միայն մեկ տեսակ, սակայն Վիկտորյա թագուհու համալսարանի (Վելինգտոն) պրոֆեսր Չարլզ Դեգորտին առաջարկել է առանձնացնել 2-րդ տեսակը՝ Բրազեր կղզու տուատարուն (Sphenodon guntheri):
Նոր Զելանդիայի՝ Կուկի նեղուցի մի շարք ոչ խոշոր կղզիներում հատերիաները հաճախ բնակվում են մրրկահավերի բներում։ Այդ ընթացքում սողունները և թռչուններն ապրում են միասին։ Ցերեկը, երբ մրրկահավերն զբաղվում են սննդի փնտրտուքով, հատերիաները հանգստանում են բներում։ Մթնշաղի հետ թռչունները վերադառնում են բները, իսկ հատերիաները դուրս է գալիս սնունդ փնտրելու։
ԲազմացումԽմբագրել
Հատերիան սեռահասուն է դառնում 15-20 տարեկանում[5]։ Զուգավորվում և ձվադրում է չորս տարին մեկ[6]․ զուգավորվում է հունվարին, ձուն (8-15 հատ) դնում է 10 ամիս անց, սաղմը զարգանում է 12-15 ամսում։ Քանի որ հատերիաները շատ դանդաղ են բազմանում, անհետացումից փրկելու համար անհրաժեշտ է խիստ պահպանություն օրենքով։
ՀիվանդություններԽմբագրել
Հատերիան Amblyomma sphenodonti Dumbleton, 1943 տզերի զարգացմա բոլոր փուլերի միակ տերն է[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1980։
- ↑ «Reptiles:Tuatara»։ Animal Bytes։ Zoological Society of San Diego։ 2007։ Վերցված է հունիսի 1, 2007
- ↑ «The Tuatara»։ Kiwi Conservation Club: Fact Sheets։ Royal Forest and Bird Protection Society of New Zealand Inc.։ 2007։ Վերցված է հունիսի 2, 2007
- ↑ «110-year-old 'living fossil' becomes a dad»։ CNN։ հունվարի 30, 2009։ Վերցված է հունիսի 28, 2009
- ↑ 5,0 5,1 Reptile’s Pet-Store Looks Belie Its Triassic Appeal.(անգլ.) // The New York Times, 22.11.2010
- ↑ Cree, Cockrem J. F., Guillette L. J. և այլք: (1992)։ «Reproductive cycles of male and female tuatara (Sphenodon punctatus) on Stephens Island, New Zealand»։ Journal of Zoology 226 (2): 199–217։ doi:10.1111/j.1469-7998.1992.tb03834.x
- ↑ Godfrey, Stephanie S.; Nelson, Nicola J.; Bull, Michael. Microhabitat choice and host-seeking behaviour of the tuatara tick, Amblyomma sphenodonti (Acari: Ixodidae) // New Zealand Journal of Ecology. — 2011. — Vol. 35, no. 1. — P. 52—60.
ԳրականությունԽմբագրել
- Daugherty, Charles and Cree, Alison. (1990). Tuatara: a survivor from the dinosaur age. New Zealand Geographic 6 (April–June 1990): 60.
- Lutz Dick (2005)։ Tuatara: A Living Fossil։ Salem, Oregon: DIMI PRESS։ ISBN 978-0-931625-43-5
- McKintyre Mary (1997)։ Conservation of the Tuatara։ Victoria University Press։ ISBN 978-0-86473-303-0
- Newman D. G. (1987)։ Tuatara. Endangered New Zealand Wildlife Series։ Dunedin, New Zealand: John McIndoe։ ISBN 978-0-86868-098-9
- Parkinson Brian (2000)։ The Tuatara։ Reed Children’s Books։ ISBN 978-1-86948-831-4
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հատերիա կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 271)։ |