Հասմիկ Դարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Զարզանդի Դարյան (Հասմիկ Զարզանդի Մովսիսյան, հոկտեմբերի 14, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 2021, Երևան, Հայաստան[1]), հայ բանաստեղծուհի, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ (1989)։
Հասմիկ Դարյան | |
---|---|
Ծննդյան անուն | Հասմիկ Զարզանդի Մովսիսյան |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1957 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 22, 2021 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոց, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ (1985) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Հասմիկ Դարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1957 թվականի հոկտեմբերի 14-ին, Երևանում։ Արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրն է։ Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ն․ Զարյանի անվան թիվ 130 դպրոցում։ Այնուհետև ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1985 թվականին ավարտել է ՀՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն ուղղությամբ։ 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ներսես Շնորհալու բանաստեղծական արվեստը» թեմայով։
Գրել սկսել է դպրոցական տարիներից։ Նրա բանաստեղծությունները և գրականագիտական հոդվածները, գրախոսությունները տպագրվել են մանկապատանեկան, երիտասարդական, գրական-գեղարվեստական, ուսանողական և գրական մամուլում («Կանչ», «Առագաստ», «Օրրան», «Գրական թերթ», «Հանդես ամենօրյա», «Սովետական մանկավարժ» և այլն)։
Առաջին գիրքը «Ակնթարթ» խորագրով լույս է տեսել 1980 թվականին։ Այնուհետև հրատարակվել են “Կապույտ երազ”, “Տաք մորմոք”, “Աշնան ծաղիկներ”, “Սեր և ծիծաղ”, “Սև և սպիտակ” բանաստեղծությունների ժողովածուները։ Գրել է 500-ից ավելի բանաստեղծություններ, քառյակներ, պատմվածքներ։
Մշակել է «Սասնա ծռեր» էպոսը, դարձնելով այն ավելի մատչելի հատկապես դպրոցական տարիքի ընթերցողների համար։ Առաջին տարբերակը՝ “Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ” վերնագրով, լույս է տեսել 1996 թվականին։ Այն ըստ էության էպոսի մի հատվածի մշակումն էր։ Ամբողջական տարբերակով մշակումը լույս է տեսել 2007 թ․-ին “Սասնա ծռեր” անվամբ։
Մշակել է նաև հայ ժողովրդական հեքիաթներ, ներկայացնելով դրանք չափածո տեսքով[2]։
Հայաստանի գրողների միության անդամ է 1989 թվականից։
Երկեր
խմբագրել- Ակնթարթ, Երևան, 1980։
- Կապույտ երազ, Երևան, 1986։
- Տաք մորմոք, Երևան, 1989։
- Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Երևան, 1996։
- Աշնան ծաղիկներ, Երևան, 2004։
- Սասնա ծռեր, Երևան, 2007։
- Սեր և ծիծաղ, Երևան, 2012։
- Սև և սպիտակ, Երևան, 2012։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Առողջական խնդիրների պատճառով դպրոց է հաճախել 9 տարեկանից, սակայն դա չի խանգարել, որ տառերը սովորելուց ընդամենը մեկ տարի անց՝ 10 տարեկանում, կարդա Րաֆֆու բոլոր հատորները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ORER.eu - Մահացել է գրող Հասմիկ Դարյանը՝ հայտնի արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրը». orer.eu. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Zarkfoundation - Հասմիկ Դարյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Դարյան» հոդվածին։ |