Հանքարանային ամրակապում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հանքարանային ամրակապում, արհեստական շենությունների կառուցում ստորգետնյա հանքափորվածքների փլուզումը կանխելու և լայնական կտրվածքի ձևն ու չափերը պահպանելու նպատակով։ Ամրակապերը ըստ ծառայության ժամկետի լինում են հիմնական և ժամանակավոր։ Դրանց ձևի և նյութի ընտրությունը կախված է փորվածքի նշանակությունից, ձևից, չափերից, չեոնային ճնշման մեծությունից ևն։ Պատրաստվում են փայտից, մետաղից, բետոնից, երկաթբետոնից ևն։ Կլոր հատվածքով ուղղաձիգ հանքափողերի ամրակապման համար կիրառվում են բետոնե, թուջե կամ երկաթբետոնե ամրակապեր։ Հորիզոնական կամ թեք (մինչև 30°) հիմնական փորվածքները ամրակապում են բետոնով, երկաթբետոնով և խառը եղանակով։ Հորիզոնական նախապատրաստական փորվածքների ամրակապերը լինում են՝ սեղանաձև, ուղղանկյուն և կամարաձև։ Սեղանաձև և ուղղանկյուն ամրակապերի համար օգտագործում են փայտ, մետաղ և հավաքովի երկաթբետոն, իսկ կամարաձևի համար՝ բետոն և հատուկ պրոֆիլի մետաղե ամրակապ։ Փայտե ամրակապերը պատրաստում են շրջանակներով, որոնք անկայուն ապարներում տեղադրվում են համատարած, իսկ կայուն ապարներում՝ իրարից որոշակի հեռավորության վրա։ Վերջին դեպքում շրջանակների միջև ընկած տարածությունները ամրակապվում են փուշտաներով։ Այդպես են վարվում նաև որոշակի հեռավորության վրա տեղադրված մետաղե ամրակապերի դեպքում։ Մեծ տարածում են ստացել ձողային և տորկրետբետոնե ամրակապերը, որոնց առավելությունը նյութերի խնայողությունն է և փորվածքի կտրվածքում ամրակապի փոքր մակերեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 332)։ |