Հայ մկրտական եկեղեցիներ

Հայ մկրտական եկեղեցիներ (Հայ ավետարանական-մկրտական եկեղեցիներ) ավետարան, (բողոքական) դավանանքին պատկանող ուղղություններից մկրտականության (բապտիզմ) հայ հետևորդների եկեղեցիներ։ Հայաստանում պաշտոնապես գործում են 2 առանձին Հայ մկրտական եկեղեցիներ՝ Գյումրիի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցին և Հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների (ՀԱՄՔ) եկեղեցիները (Երևանի, Աբովյանի, Արարատի մարզի Արևշատ գյուղի, Արարատի, Վանաձորի, Ստեփանավանի և այլն)։ Սփյուռքում, բացառությամբ Թբիլիսիի և Սուխումի, առանձին Հայ մկրտական եկեղեցիներ կամ համայնքներ չկան։ Մկրտակաևությունը հայոց մեջ տարածվել է ավետարանականության հետ գրեթե միաժամանակ (XIX դ-ի սկիզբ), բայց, ի տարբերություն վերջինիս, գլխավորապես՝ Արևելյան Հայաստանում և Հարավային Կովկասում։ 1836 թվականին Շիրակ գավառի Արխվելի գյուղի (այժմ՝ Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի) բնակիչների (1829-1830 թվականներին գաղթել են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի Չեվիրմե գյուղից) մոտ հայտնաբերվել է «Բանալի ճշմարտութեան» վերնագրով դավանագիրք՝ գրված 1782 թվականին Տարոն գավառում։ 900 Բնակիչները, որոնք հայ պատմագրության մեջ անվանվում են «նոր թոնդրակեցիներ», հետևել են հայկական միջավայրում ձևավորված յուրօրինակ գաղափար, ավետարանական և մկրտական վարդապետությանը։

Հայ մկրտականներ եղել են Կարսի նահանգի Ղարաղալա գյուղում, Ալեքսանդրապոլում և շրջակա մի շարք գյուղերում։ Շուշիում 1889 թվականին հայ ավետարանականներից բաժանվել են մկրտականները, որոնք մկրտվել են գետում և պաշտամունքները կատարել ավետարանականներից առանձին։ 1890 թվականին Շուշիում բացվել է առաջին հայկական մկրտական եկեղեցին։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դաքրի սկզբին Բաքվի հայ մկրտական համայնքն ունեցել է առանձին եկեղեցի, որը պաշտոնապես չի ճանաչել ռուս, կառավարությունը։ Բաքվի հայ մկրտականները հրատարակել են «Բարի լուր» կրոն, երկշաբաթաթերթը (1906-1917), որը միակ ավետարանական հայերեն թերթն էր Հարավային Կովկասում։ Քաղաքի հայ մկրտական եկեղեցում տևապես պաշտոնավարել է վերապատվելի Պատվական Թառայանը, որը «Բարի լուրի» հիմնադիրն ու անփոփոխ խմբագիրն էր։ 1908 թվականին Բաքվի մկրտականները հիմնել են «Բաքվի որբախնամ ընկերությունը», որի որբանոցում սաների թիվը 40-50 էր։ Ունեցել են նաև Սուրբ Գրոց անունով դպրոց։ 1917 թվականի ապրիլին «Բարի լուրի» հրավերով Բաքվի մկրտականների ժողովարանում տեղի է ունեցել Կովկասի Հայ ավետարանականների համագումարը։ 1918-1920 թվականներին Բաքվի հայկական կոտորածների ժամանակ հայ մկրտականներն արտագաղթել են Թիֆլիս, որտեղ 1923 թվականին բացել են տեղի հայ մկրտականների ժողովարանը (եկեղեցի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։