Հայ ազատագրական լեգենդ, կրոնական քողի տակ դրսևորված ազատագրական գաղափարախոսություն։ Հորինվել է հայկական պետականության և անկախության կորստից հետո՝ օտարերկրյա երկարատև լծի, բնիկ ազգաբնակչության հարկադրյալ արտագաղթի և օտարամուտ տարրերի ներգաղթի պայմաններում։ Հայ ժողովրդի դիմադրական կարողությունը թուլացել էր, և հայրենի պետականության ու անկախության վերականգնման գաղափարը ծնունդ տվեց արտաքին ուժերի (որևէ քրիստոնյա ազգի) օգնությամբ ազատագրվելու ակնկալության, որն արտահայտվեց գուշակությունների, մարգարեությունների, տեսիլների ու լեգենդների մեջ։ Հնագույն դրսևորումն են եղել Ներսես Պարթևին և նրա որդի Սահակ Պարթևին վերագրվող «տեսիլները»։ Ներսես Ա Մեծը (IV դ.) մահվան մահճում կանխագուշակել է ոչ միայն Արշակունյաց հարստության և Գրիգոր Լուսավորչի հայրապետական տան անկումը, այլև Հայաստանի իրար հաջորդող անցումները տարբեր տիրապետությունների տակ և, վերջապես, աստվածային պատուհասներից փրկությունը՝ օտար քրիստոնյաների օգնությամբ։ Պատմական տարբեր դարաշրջաններում Հայաստանի փրկարարների դերում հանդես են բերվել հռոմեացիները (հույներ), եվրոպացիները (ֆրանկներ ևն)։ Հույների հիշատակությունն առնչվում էր Պարսից Սասանյանների և հետագայում՝ արաբալան նվաճումների դարաշրջանում բյուզանդական կողմնորոշման, ֆրանկներինը (որոշ աղբյուրներում՝ ալամաններ)՝ խաչակրաց արշավանքների ժամանակ Արմ-ի քրիստոնյաների նկատմամբ տածած հույսերի հետ։ Տեսիլների հնագույն բնագրերում օտար քրիստոնյաներին առաջնորդելու էին հայկական ծագում ունեցող «որմանք» կամ «արամանք» (այն հայ զորականների սերունդները, որոնց Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը իբր թողել էին Հռոմում՝ ծառայելու Կոստանդինոս կայսրին)։ Հայ ազատագրական լեգենդը արտացոլվել է նաև Ագաթոն (Ագադրոն) փիլիսոփայի, Հովհաննես Կոզեռնի գուշակություններում և «Դաշանց թուղթ» հորինվածքում։ Հայ ազատագրական լեգենդի վերջին տարբերակում (պահպանվել է Իսրայել Օրու թղթերում) հայ ժողովրդի ազատարարի և Հայաստանի վերականգնողի դերը վերագրվում է Ռուսաստանին։ Այդ տարբերակը հիշատակվում է նաև Մանուել Գյումուշխանեցու և այլոց գործերում։ Օսմանյան լծի տակ ընկած բալկանյան քրիստոնյաները նույնպես ունեցել են համանման ազատագրական լեգենդներ։

Գրականություն խմբագրել

  • Սոփերք հայկականք, մաս 6, Վնտ., 1853։ Հովհաննիսյան Ա.Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 121