Հայ-վրացական միացյալ էսկադրոն

Հայ-վրացական միացյալ էսկադրոն, ռուսական բանակում վրաստանաբնակ հայերից ու վրացիներից կազմված ստորաբաժանում (1723-1764 թթ.)։ Ստեղծվել է Թիֆլիսում, Վրաց թագավոր Վախթանգ VI-ի աջակցությամբ և թիֆլիսաբնակ հայ Ղուզանենց-Ղուզանյանների տոհմի նախաձեռնությամբ ու միջոցներով։ Ձևավորվել է 1723-1724 թթ.-ի ընթացքում։ 1724 թ.-ի ապրիլին ռուսական արքունիքի որոշմամբ և Զինվորական կոլեգիայի հրամանով հայերից ու վրացիներից կազմված հեծյալ նոր ստորաբաժանումը (100 հոգի), որպես առանձին միավոր, ընդունվել է ռուսական ծառայության։ 1724 թ.-ից Հայ-վրացական միացյալ էսկադրոնը մասնակցել է Կասպից ծովի ավազանում ծավալված ռազմական գործողություններին։ Առավել աչքի ընկած զինվորներն ու սպաները արժանացել են պարգևների, ղեկավար կազմին 1725 թ.-ին շնորհվել են զինվորական կոչումներ։ 1728 թ.-ից էսկադրոնի հանդերձավորումն ստանձնել է ռուսական համբարակային (ինտենդանտական) ծառայությունը (մինչ այդ բոլոր ծախսերը հոգում էին Ղուզանյանները), ինչի հետևանքով զորայինների թիվն ավելացել է (1734 թ.-ին՝ 200-300 հոգի)։ Հայ-վրացական միացյալ էսկադրոնն ուներ 20 հոգուց կազմված սպայակազմ։

Գանձակի ռուս-իրանական պայմանագրի կնքումից (1735 թ.) հետո Հայ-վրացական միացյալ էսկադրոնը հայերից կազմված մյուս զորամիավորումների հետ տեղափոխվել է Աստրախան-Ղզլար, և նրա հետագա ճակատագիրը սերտորեն կապվել է Հայկական էսկադրոնի հետ։ Հայ-վրացական միացյալ էսկադրոնը այնուհետև մասնակցել է ռուս-թուրքական (1735-1739 թթ.), ռուս-շվեդական (1741-1743 թթ.) և Յոթնամյա (1756-1763 թթ.) պատերազմներին։ Ռազմադաշտում ընկածների փոխարեն էսկադրոնը համալրում չէր ստանում (Ռուսական կայսրության սենատի 1741 թ.-ի որոշմամբ վրացիները և վրաստանաբնակ հայերը ընդգրկվում էին միայն վրացական հուսարական ստորաբաժանումների մեջ)։ 1764 թ.-ին Հայ-վրացական միացյալ էսկադրոնի կազմում կար միայն 50 մարդ։ Եկատերինա II-ի՝ 1764 թ.մայիսի 10-ի հրամանագրով Հայ-վրացական միացյալ էսկադրոնը կազմալուծվել է։

Էսկադրոնի հրամանատարներ են եղել՝ 1723-1745 թթ.-ին՝ Ռաֆայել, 1745-1754 թթ.-ին՝ Թաղա Ղուզանենց-Ղուզանյան եղբայրները։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 203