Հայրենիքի փրկության կոմիտե

Հայրենիքի փրկության կոմիտե, գործադիր իշխանության մարմին։ Ստեղծվել է 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբությունը ղեկավարելու համար։

Հայաստանի փրկության կոմիտեի հրամանատարական կազմը 1921 թվականին

ԿազմըԽմբագրել

Կոմիտեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, անդամներն էին՝ Ա. Հովհաննիսյանը, Կ. Սասանին, Հ. Տերտերյանը, Հ. Տեր-Հակոբյանը, Ս. Եղիազարյանը, Հ. Սարգսյանը, Ս. Թարխանյանը (Կուռո)։ Կազմը հետագայում համալրվել է։

ԳործունեությունըԽմբագրել

Հայրենիքի փրկության կոմիտեն ղեկավարել է 1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբությունը Հայաստանում։ Լույս է ընծայել «Ազատ Հայաստան» թերթը (խմբագիրներ՝ Ա. Չիլինկարյան (Ռ. Դարբինյան)։ Հայրենիքի փրկության կոմիտեի իշխանությունը տարածվել է էջմիածնի, Աշտարակի, Ղամարլուի, Ախտայի, Նոր Բայազետի շրջանների և մայրաքաղաք Երևանի վրա, որտեղ խորհրդային իշխանությունը տապալվել Էր։ Տեղերում իշխանությունն իրականացրել են գավառային փրկության կոմիտեները։ Երկրում տիրող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և բանակի համար պարեն հայթայթելու նպատակով փետրվարի 24-ին կազմվել է միջկուսակցական խորհուրդ՝ բոլոր կուսակցությունների մասնակցությամբ։ Հայաստանի անկախությունը պաշտպանելու նպատակով Հայրենիքի փրկության կոմիտե (որպես Հայաստանի օրինական իշխանություն) օգնության խնդրանքով դիմել է բոլոր երկրների կառավարություններին։ Սիմոն Վրացյանը դիմել է նաև խորհրդային Ռուսաստանի ժողկոմ Գ.Չիչերինին և Վրաստանի կառավարությանը։ Օգնություն չստանալով և անընդհատ ենթարկվելով կարմիր բանակի հարձակումներին (Նախիջևանի և Սևանի կողմից)՝ Հայրենիքի փրկության կոմիտեն մարտի 15 և 18-ին օգնության խնդրանքով դիմել է Թուրքիային, սակայն մնացել է անպատասխան։ Հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք են դրսևորել Պարսկաստանը և ԱՄՆ-ի ներկայացուցիչը Հայաստանում։ 1921 թվականի փետրվարին Մոսկվայում վերսկսված խորհրդա-թուրքական բանակցություններում (Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ 1920, 1918) քննարկվելու էին նաև Անդրկովկասին և Հայաստանին վերաբերող հարցեր։ Հայրենիքի փրկության կոմիտեն կոնֆերանսի մասնակիցներին հաղորդեց, որ Մոսկվայում գտնվող խորհրդային Հայաստանի պատվիրակությանը չի կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ իշխանությունը պատկանում է Հայրենիքի փրկության կոմիտեին։ Սա շահավետ էր Թուրքիային, որի պատվիրակները հայտարարեցին, որ չեն բանակցի խորհրդային Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո Հայրենիքի փրկության կոմիտեի վիճակը դարձավ անհուսալի։ 1921 թվականի ապրիլին սկսելով հարձակումը՝ կարմիր բանակի զորամասերը ապրիլի 2-ին գրավեցին Երևանը։ Հայրենիքի փրկության կոմիտեի զորամասերը մարտերով նահանջեցին Դարալագյազ (Եղեգնաձոր), այնտեղից՝ Զանգեզուր։ 1921 թվականի մայիսին Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն (կառավարության մեջ մտան նաև Հայրենիքի փրկության կոմիտեի անդամներից), կառավարության նախագահ՝ Սիմոն Վրացյան։ 1921 թվականի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, որտեղ հաստատվեց խորհրդային իշխանություն։ Հայրենիքի փրկության կոմիտեի անդամներն անցան Պարսկաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։