Հայկ Նիկողոսյան

հայ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, պետական գործիչ

Հայկ Արայի Նիկողոսյան (ապրիլի 19, 1955(1955-04-19) կամ 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առողջապահության կազմակերպիչ, պետական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993): ՀՀ առողջապահության նախարար (1998-2000)։

Հայկ Նիկողոսյան
Ծնվել էապրիլի 19, 1955(1955-04-19) (68 տարեկան) կամ 1955
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978) և Մոսկվայի Պ.Ա. Գերցենի ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտ (1981)
Մասնագիտությունբժիշկ, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990)
ԱշխատավայրԱռողջապահության ազգային ինստիտուտ, Եյլի համալսարան, ՀՀ ԱՆ և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Կենսագրություն Խմբագրել

Հայկ Նիկողոսյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 19-ին, Երևան քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1978-1981 թվականներին սովորել է Մոսկվայի ուռուցքաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1982 թվականից եղել է «Դիագնոստիկա» բժշկական միավորման կազմակերպիչներից և հիմնադիր ղեկավարը։ 1982 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1982-1987 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ տարածքում առաջին հանրապետական ախտորոշիչ կենտրոնը, 1987-1990 թվականներին եղել ԽՍՀՄ առողջապահության նախարարության համապատասխան խորհրդի անդամ, համակարգել է խորհրդային նախկին տարածքում ախտորոշիչ կենտրոնների ստեղծման աշխատանքը։ 1989 թվականին եղել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ադմինիստրացիայի (NASA) կազմակերպած «ԱՄՆ-Հայաստան» առաջին տրանսատլանտյան բժշկական արբանյակային հեռուստակամրջի համաղեկավար։ 1988-1992 թվականներին ղեկավարել է «Դիագնոստիկա» բժշկական միավորումը, 1992-1998 թվականներին եղել է նույն միավորման խորհրդի նախագահը։ 1990 թվականին Մոսկվայի Սեմաշկոյի անվան հանրային առողջության և առողջապահության կառավարման համամիութենական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով առողջապահության կազմակերպման գծով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1993 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1992-1994 թվականներին եղել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրենների խորհրդի և ԱԱԻ գիտական խորհրդի նախագահ։ 1991-1998 թվականներին ղեկավարել է ԱԱԻ ախտորոշման ամբիոնը[1]։

1995 թվականին հրավիրվել է ԱՄՆ` գիտական, այնուհետև նաև դասախոսական աշխատանքի։ 1996-1997 թվականներին եղել է ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի «Արևելք-Արևմուտք» գիտական կենտրոնի հրավիրված պրոֆեսոր։ 1997 թվականին ընտրվել է առողջապահական գիտությունների գծով Եվրոպական միության փորձագետ։ 1998 թվականին եղել է միջազգային հեռուստաբժշկական համագործակցության գծով ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի հրավիրված պրոֆեսոր։ 1995-1999 թվականներին եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբժշկական խորհրդի, 1997-2000 թվականներին` Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ և բժշկական ախտորոշման հայկական միության նախագահ։ Միջազգային մի շարք բժշկագիտական ասոցիացիաների անդամ է։ 1998-2000 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարը։ 2000-2007 թվականներին զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (նստավայրը` Կոպենհագեն, Դանիա), որոնցից վերջինը եղել է ոչ տարափոխիկ հիվանդությունների և կենսաձևի բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավարն է (նստավայրը` Ժնև, Շվեյցարիա)[2]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում առողջապահության զարգացման միջազգային նվաճումներին, նոր տնտեսագիտական չափորոշիչների, բժշկական ապահովագրության մեխանիզմների ներդրման, հանրային առողջապահական և ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման խնդիրներին[3]։

2017 թվականից սկսած Նիկողոսյանը հանդիսանում է Գլոբալ առողջապահության կենտրոնի ավագ գիտաշխատող, Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Գրում և դասախոսում է միջազգային մակարդակով գլոբալ առողջապահության ոլորտում[4][5]։

Ընտանիք Խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Պաշատոնավարում Խմբագրել

Նախորդող
Գագիկ Ստամբոլցյան
ՀՀ առողջապահության նախարար
Հայկ Նիկողոսյան

1998-2000
Հաջորդող
Արարատ Մկրտչյան

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «ՌԵԿՏՈՐՆԵՐ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ»։ nih.am։ Վերցված է 2019-04-01 
  2. Հայկ Նիկողոսյանի մասին Երևանի պետական բժշկական համալսարանի կայքում(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 226։
  4. «Graduate Institute bio» (չաշխատող հղում)
  5. «ResearchGate profile»