Հայկական վավերագրական կինո

Հայկական վավերագրական կինո, հայկական կինոարտադրության ճյուղ, որը սկիզբ է առել 1920 թվականին և տասնամյակներ շարունակ արձանագրել է հայ ժողովրդի տարեգրությունը, արտացոլել ժողովրդի կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները, ստեղծել անվանի մարդկանց դիմանկարները։

Պատմություն խմբագրել

1920 թվականին կինոօպերատոր Ա․ Լեմբերգը նկարահանել է «11-րդ կարմիր բանակի մուտքը Երևան»։ Դրանք Խորհրդային Հայաստանի տարածքում արված առաջին փաստագրական կադրերն էին։ 1923 թվականին Հայաստանի ժողկոմխորհի դեկրետով կազմավորվել է հանրապետության Պետկինոն։ 1924 թվականին էկրան է բարձրացել առաջին լիամետրաժ փաստա-վավերագրական ֆիլմը՝ «Խորհրդային Հայաստան», որի հեղինակները մի խումբ կինոօպերատորներ էին։ Այնուհետև փաստա-վավերագրական կինոյի զարգացումը Հայաստանում ընթացել է գեղարվեստականին զուգահեռ՝ անցնելով չորս հիմնական փուլ։ Առաջին փուլում (1924-1941) նկարահանվել են առավելապես կարճամետրաժ ժապավեններ։ Վերածնված հայ ժողովրդի նոր կյանքի տիպական փաստերին, արտադրության, գիտության, գեղարվեստական մշակույթի մարդկանց, մատաղ սերնդին նվիրված ֆիլմերի ստեղծման ընթացքում ձևավորվում էին նոր, խորհրդային իրականության վավերագրական կինոպատկերման սկզբունքները, գաղափարապես և ստեղծագործաբար հասունացել են կինոժուռնալիստների կադրերը։

1930-1940-ական թվականների առավել ակնառու ֆիլմերից են՝ «Երկիր Նաիրի» (1930, ոեժիսոր՝ Հ․ Բեկնազարյան), «Խնդության երկիր» (1940, ռեժիսոր՝ Լ․ Իսահակյան, Գ․ Բալասանյան), որոնցով սկիզբ է դրվել Խորհրդային Հայաստանի յուրաքանչյուր տասնամյակի նվաճումները լիամետրաժ վավերաֆիլմով ամփոփելու ավանդույթին։

Երկրորդ փուլում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945), խորհրդային կինովավերագրողների հետ «Հայկինոխրոնիկայի» արվեստագետները ևս ձեռնամուխ են եղել պատերազմի կինոտարեգրության ստեղծմանը։ Հայկական կինոյի գործիչներից շատերը մեկնել են գործող բանակ։ Գ․ Բալասանյանը, Էրազմ Քարամյանը, Իվան Դիլդարյանը, Նորայր Սիմոնյանը, Գևորգ Սանամյանը, Գ․ Եղիազարյանը և ուրիշներ իրենց ֆիլմերում պատկերել են հայ մարտիկների սխրանքները, թիկունքի օգնությունը ռազմաճակատին, հաղթանակի բերկրանքը և այլն («Ռազմաճակատի համար», 1941, «Հայաստանի զավակները Հայրենական պատերազմում», 1944, «Գեներալ Բաղրամյան», 1945, երեքն էլ՝ ռեժիսոր՝ Գ․ Բալասանյան, «Թամանյան դիվիզիայի վերադարձը», 1945, ռեժիսոր՝ Է․ Քարամյան և Ա․ Սամվելյան և այլն)։ Պատերազմական թեմատիկան մշտական տեղ է զբաղեցրել նաև հետագա տարիների կինոարտադրանքում։

Երրորդ փուլում (1945-1959), մանավանդ առաջին տասնամյակում, երբ հայկական կինոն թողարկում էր հիմնականում փաստա-վավերագրտկան ֆիլմեր, առանձնանում է «Երկիր հայրենի» լիամետրաժ ֆիլմը (1945, ռեժիսորներ՝ Գ․ Բալասանյան, Լ․ Իսահակյան, Հ․ Զարգարյան, գեղ․ ղեկավար և հաղորդավարի տեքստի հեղինակ՝ Ա․ Դովժենկո)։ Մյուս ժապավենները, որոնց գլխավոր թեման ետպատերազմյան վերականգնումն էր, կուսակցության, ժողովրդի պայքարը հանուն սոցիալ-տնտեսական և մշակութային առաջընթացի, միշտ չէ, որ ասելիքի կարևորությունը ամրապնդում էին խոր, ներազդու մարմնավորմամբ։

Իրականության իլյուստրատիվ, մակերեսային պատկերման, ստեղծագործական լուծումների ստանդարտացման որոշ միտումներ հաղթահարվել են չորրորդ փուլում՝ 1959 թվականից հետո, որը մեծապես կապված է Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայի (հետագայում՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիա, 1982-ից՝ «Հայֆիլմ» ստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում) ստեղծման հետ։ Ընդլայնվել և ավելի կազմակերպված, ծրագրային բնույթ է ստացել վավերաֆիլմերի արտադրությունը։ Ավագ սերնդի կինովավերագրողների կողքին (ռեժիսորներ՝ Վ․ Հայկազյան, Գ․ Բալասանյան, Զ․ Ժամհարյան, Լ․ Իսահակյան, Ռ․ Ֆրանգուլյան և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Գարեգին Ասլանյան, Գարեգին Արամյան, Գևորգ Սանամյան, Նորայր Սիմոնյան, Գ․ Եղիազարյան, Հ․ Եսայան և ուրիշներ) սկսել են աշխատել գեղարվեստական կինոյի ռեժիսորներ՝ Գ․ Մելիք-Ավագյանը, Լ․ Վաղարշյանը, Յու․ Երզնկյանը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Ալբերտ Յավուրյանը, Սերգեյ Իսրայելյանը, Կարեն Մեսյանը և ուրիշներ։

1970-ականներին ասպարեզ է իջել կինոարվեստագետների նոր սերունդ, ռեժիսորներ՝ Արա Վահունին, Ռուբեն Գևորգյանցը, Արտավազդ Փելեշյանը, Ս․ Առաքելյանը, Ա․ Շահբազյանը, Ս․ Փոշոտյանը և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Բ․ Հովսեփյանը, Յու․ Բաբախան (Կադր «Մատենադարան» կինոնկարից 1983), ոեժիսոր Հ․ Հախվերդյանյանը, Մ․ Վարդանովը, Է․ Մաթևոսյանը և ուրիշներ։ Համատեղ ջանքերով զարգացվել են հայկական վավերակինոյի լավագույն ավանդույթները, ընդլայնվել թեմաների շրջանակն ու կերպարա-արտահայտչական միջոցների զինանոցը, ավելի խոր և համակողմանի իմաստավորվել պատկերվող նյութը՝ հայ ժողովրդի ստեղծարար ներկան, հեռու և մոտ պատմական անցյալի անցքերը, ժողովրդի կյանքի փաստերը։ Նոր շրջանի վավերաֆիլմերի գաղափարական նպատակասլացության ուժեղացման գործում իրենց ավանդն ունեն հանրապետության գրողներն ու ժուռնալիստները՝ Գևորգ Էմինը, Վարդգես Պետրոսյանը, Վահագն Դավթյանը, Գ․ Հայրյանը, Գ․ Առաքելյանը, Բ․ Մկրտչյանը, Հ․ Լալայանցը, Ռ․ Կարապետյանը, Ա․ Կակոսյանը, Ցու․ Մարյանը և ուրիշներ։

Պարբերաբար, հոբելյանական տարեթվերի առթիվ խոշոր ամփոփիչ ֆիլմեր են նվիրվել Խորհրդային Հայաստանի նվաճումներին, հիշարժան են՝ «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ոեժիսոր Վ․ Հայկազյան), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ոեժիսոր Գ․ Մելիք-Ավագյան), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970, ոեժիսոր Լ․ Իսահակյաև և ուրիշներ), «Լույսն Արագածի վրա» (1977, ոեժիսոր Ա․ Վահանի, Ռ․ Գևորգյանց), «Հայոց բարձունքներ» (1981, ոեժիսոր Է․ Մաթևոսյան)։

Վավերագրական կինոն ըստ թեմատիկայի խմբագրել

Ֆիլմեր տնտեսության մասին խմբագրել

Հայաստանի տնտեսության, շինարարության, գիտության նվաճումների, աշխատանքի մարդկանց մասին են պատմում՝ «Հրաշագործ քիմիան» (1964, ոեժիսոր Գ․ Բալասանյան), «Լեռնային պարեկ» (1964, ոեժիսոր Ա․ Փելեշյան), «Բյուրականի աստղադիտարանը» (1965, ոեժիսոր Ա․ Մանարյան), «Բանվորի դիմանկարը» (1966, ոեժիսոր Գ․ Արամյան), «Հանդիպում վաղորդյան աստղի հետ» (1967, ոեժիսոր Ռ․ Ֆրանգուլյան), «Տաթևգէս» (1968, ոեժիսոր Զ․ Ժամհարյան), «Մոլեգինները» (1970, ոեժիսոր Ս․ Փոշոտյան), «Հրազդան» (1971, ոեժիսոր Ա․ Վահունի), «Նաիրիների» ընտանիքը» (1972, ոեժիսոր Մ․ Վարդանով), «Թունելներ» (1973, ոեժիսոր Ա․ Շահբազյան), «Հողի մարդիկ» (1976, ոեժիսոր Ս․ Առաքելյան), «Հնգամյակի երթը» (1977—81, ռեժ, Ռ․ Գևորգյանց), «Արփա—Աևան» (1981, ոեժիսոր Ս․ Առաքելյան), «Երևանի մետրոն» (1981, ոեժիսոր Ռ․ Ֆրանգուլյան), «Հողի որդին» (1984, ոեժիսոր Է․ Մաթևոսյան) ևն։

Ֆիլմեր պատմության մասին խմբագրել

Վավերագրական ֆիլմերի կարևոր մասն են Հայաստանի պատմությանը, ժողովուրդների բարեկամության թեմային, հեղափոխության և պատերազմի հերոսներին, գրականության և արվեստի գործիչներին նվիրված ստեղծագործությունները՝ «Վարդգես Սուրենյանց» (1963, ոեժիսոր Ջ․ Ժամհարյան), «Ստեփան Շահումյան» (1964, ոեժիսոր Է․ Իսահակյան), «Նելսոն Ստեփանյան» (1965, ոեժիսոր Դ․ Բալասանյան), «Սուրեն Սպանդարյան» (1967, ոեժիսոր Մ․ Առաքելյան), «Մի՝ ղողանջիր, զանգ, մի՝ ղողանջիր» (1968, ոեժիսոր Դ․ Մելիք-Ավագյան), «Ծովակալ Իսակով» (1969, ոեժիսոր Դ․ Բալասանյան), «Նամակներ հարազատներին» (1971, ոեժիսոր Լ․ Վաղարշյան), «Ներշնչանք» (1972, ոեժիսոր Ռ․ Գևորգյանց), «Վարագույրը չի իջնում» (1973, ոեժիսոր Ա․ Վահունի), «Ավետիք Իսահակյան» (1975, ոեժիսոր Ռ․ Ֆրանգուլյան), «Գրիբոյեդովի ներկայությամբ» (1977), «Հավերժ բարեկամություն» (1978, երկուսն էլ՝ ոեժիսոր Ս․ Առաքելյան), «Երկնագույն քամի և նշենու բույրը» (1978), «Հայկական աչքեր» (1980, երկուսն էլ՝ ոեժիսոր Ռ․ Գևորգյանց), «Այվազովսկին և Հայաստանը» (1983, ոեժիսոր Պ. Մալայան) ևն։

Ֆիլմեր հայտնի հայերի մասին խմբագրել

Իր տեսակով այս ֆիլմերին է հարում «Մարտիրոս Սարյան» վավերաֆիլմը (1965, ոեժիսոր Լ․ Վաղարշյան), որը նկարահանվել է «Հայֆիլմում»։ 1970-80-ական թթ․ զարգացում են ստացել պրոբլեմային ֆիլմերը («Ճամփաբաժանին», 1974, «Իմ բարի մայրիկը», 1984, երկուսն էլ՝ ոեժիսոր Ա․ Վահունի, «Բարի հետք», 1980, «Սպասում», 1984, երկուսն էլ՝ ոեժիսոր Ռ․ Գևորգյանց), հրատապ հարցադրումներն ուղեկցվում են տպավորիչ կերպարային լուծումներով, նորաշունչ արտահայտչաձևերով։

Գիտահանրամատչելի, ուսումնական ֆիլմեր խմբագրել

Հանրապետությունում կարճամետրաժ և լիամետրաժ վավերաֆիլմերից բացի, ստեղծվում են նաև գիտահանրամատչելի, ուսումնական կինոնկարներ, «Խորհրդային Հայաստան» ամենամսյա կինոհանդեսը, պատվերային ֆիլմեր։ Թեմատիկ ընդգըծումներով և ստեղծագործական նկարագրով հայկական վավերագրական կինոյի օրգանական մասն են կազմում «Երևան» ստուդիայում նկարահանվող վավերագրական հեռուստաֆիլմերը։ Տարբեր կինոփառատոներում մրցանակներ են շահել «Յոթ երգ Հայաստանի մասին», «Լեռնային պարեկ», «Սկիզբ» (1969, ոեժիսոր Ա․ Փելեշյան), «Թանգարան բաց երկնքի տակ» (1963, հեղինակ-օպերատոր Գ․ Ասլանյան), «Բարի լույս» (1967, ոեժիսոր Դ․ Կեսայան), «Շնորհակալություն ձեզ» (1971, ոեժիսոր Ջ․ Ժամհարյան), «Ներշնչանք», «Բարի հետք», «Դեմք» (1982, ոեժիսոր Ռ․ Գևորգյանց) և այլ ֆիլմեր։ 1977 թվականին ՀՍՍՀ պետ․ մրցանակի են արժանացել «Կանչ», «Տոհմածառ», «Վարագույրը չի իջնում», «Հեռավոր շչակների արձագանքը» (ոեժիսոր Ա․ Վահունի)։ Հայաստանում տարեկան թողարկվում է 20—25 վավերաֆիլմ (բացի հեռուստաֆիլմերը) և կինոհանդեսի 10-12 համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։