Կինոստուդիա (կինո և իտալերեն studio՝ ուսումնասիրություն, պարապմունքների սենյակ), կինոնկարներ արտադրող ձեռնարկություն, ուր զուգակցվում են գեղարվեստա-ստեղծագործական (նկարահանող խումբ) և արտադրա-տեխնիկական (տեխնիկական արտադրամասեր) գործընթացները։ Ապահովում է կինոնկարների ստեղծման ողջ պրոցեսը՝ սցենարից մինչև ֆիլմերի ապատճենը. Ըստ արտադրվող ֆիլմերի բնույթի՝ տարբերակվում են գեղարվեստական, փաստավավերագրական, գիտահանրամատչելի, ուսումնական, անիմացիոն և այլ տեսակի կինոնկարների կինոստուդիաները։

«Չինեչիտտա» կինոստուդիան

Արտադրական հիմնական օղակում՝ նկարահանող խմբում են՝ բեմադրող-ռեժիսորը, դերասանները, նկարիչները, օպերատորները, հնչյունային օպերատորները, երաժիշտները, ինժեներատեխնիկական աշխատողները և բազմաթիվ այլ տարբեր մասնագիտության բանվորներ ու աշխատողներ, գրիմարարներ, մոնտաժողներ, կոմբինացված նկարահանման մասնագետներ և ուրիշներ։ Սցենարական բաժինը պատվիրում է հեղինակին, խմբագրում, ստեղծում ֆիլմի սցենարը։ Նախապատրաստական փուլում ընտրվում են դերասանները, կատարվում դեկորների, զգեստների էսքիզները և այլն։

Կինոստուդիաների արտադրամասերն ու արհեստանոցները պատրաստում են հագուստը, կահույքը և նկարահանման անհրաժեշտ բոլոր հարմարանքները։ Կինոնկարահանման շրջանում ծավալուն աշխատանք են կատարում դեկորատիվ-տեխնիկական կառույցների բաժինը, նկարահանման տեխնիկայի, ձայնատեխնիկայի, լուսատեխնիկայի, կոմբինացված նկարահանումների, կինոնկարի մոնտաժի և մշակման արտադրամասերը։ Գեղարվեստական ֆիլմերի զգալի մասը ստեղծվում է նկարահանման տաղավարներում, ինչպես և կինոստուդիային կից կամ սրանից դուրս հատուկ հրապարակներում և ջրավազաններում։ Այդպիսի նկարահանումների ժամանակ օգտվում են շարժական սարքերից։ Բազմաթիվ տեխնոլոգիական գործողություններ են կատարվում հնչյունի գրանցման ժամանակ, մոնտաժման սենյակներում։ Կոմբինացված նկարահանումների համար օգտագործվում են հատուկ սարքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 437