Հայկական դրամների պատկերագրությունը հելլենիստական դարաշրջանի Հայաստանում


Հայկական դրամների պատկերագրությունը Հայ արքաների առաջին դրամներից մեզ հայտնի են Ծոփքի Արշամ թագավորի դրամները։ Դրանց վրա պատկերված է պրոֆիլ, դեմքը անմորուս, հելլենիստական կերպարանքով, իսկ գլխին կրում է 2 կամ 3 շրջանի ձև ունեցող գտակ կամ ծայրը քիչ առաջ ծռված խույր։ Դրամների հակառակ երեսին պատկերված է լինում կամ հեծյալ, կամ արծիվ։ Մակագրությունը հունարեն է։ Ծոփքի հաջորդ թագավորներ Աբդիսարի և Քսերքսեսի դրամները ավելի արևելյան, քան հելլենիստական տեսք ունեն։ Հիշյալ երկու արքաներն էլ կրում են ցածրադիր, դեպի վեր նեղացող երեք ճյուղերի բաժանվող թագեր, նման այն գլխարկներին, որոնք պատկերված են հայերի և կապադովկիացիների գլուխներին՝ Պերսեպոլսի բարձրաքանդակների վրա։ Երկու արքաներն էլ, հակառակ հելլենիստական սովորության, ունեն մորուք ու թավ մազեր ծոծրակի վրա։ Աբդիսարի դրամի մյուս երեսին պատկերված է նույնպիսի արծիվ, որպիսին առկա է Արշամի դրամի վրա և հունարեն մակագրություն, իսկ Քսերքեսի դրամի մյուս երեսին պատկերված է թռչունի թևերով մի կին՝ աստվածուհի, որը առաջ մեկնած աջ ձեռքին բռնած ունի պսակ։ Մակագրությունը այստեղ էլ հունարեն է։

Տիգրան Մեծի արծաթյա մետաղադրամը

Տիգրան Մեծի մետաղադրամների նկարագրություն

խմբագրել


Տիգրան Մեծի անունով մեզ հասել են բազմաթիվ արծաթյա և բրոնզյա դրամներ։ Բոլոր այս դրամների համար բնորոշ է կտրված կոնի ձևի վերևում ատամնավոր թագը, որի վրա պատկերված են զույg արծիվներ։ Թագը զարդարված է մարգարիտներով։ Նրա վրա ամրացված են ականջակները և վակասը(պարանոցակալ), իսկ արքան պատկերված է ամենուրեք անմորուս և հայկական դիմագծերով։ Արքայի իշխանության տարբեր տարիներին և տարբեր վայրերում հատված դրամները երևան են բերում տարբերություններ, ոչ միայն արքայի դիմանկարի, թագի զարդերի, մակագրության, այլև ոճական առանձնահատկությունների տեսակետից։ Արքայի պատկերի դիմանկարային լինելը, սակայն կասկածի ենթակա չէ։ Այն արտահայտիչ է և դրսևորվում է պետական մեծ գործչի հաստատակումությանը, որը շեշտված է նաև սուր թափանցող հայացքով։ Հայկական դիմագծերի հետ մեկտող արքայի պատկերն ունի բնորոշ հելլենիստական կերպարավորում։


Տիգրանի դրամների մյուս երեսին պատկերված է Աստվածուհի նստած դիրքով և ձեռքին մի ճյուղ։ Այս կնոջ երկար ծալքավոր զգեստի մշակումը հելլենիստական է, իսկ թագը՝ արևելյան։ Մակագրությունը՝ Տիգրանի ինչպես և մյուս Արտաշեսյանների դրամների վրա հունարեն է։
Արտավազդ Բ-ի դրամները Տիգրան Բ-ի դրամների նման ունեն հելլենիստական և Արևելյան բնորոշ կերպարավորում։ Այստեղ էլ տեսնում ենք նույն բարձր ատամնավոր թագը, արքայի անմորուս պրոֆիլը, բայց այլ է արքայի դիմանկարը, փոխվել են թագի զարդերը, թագի կապի ձևը, ականջակալը դեպի ետ է տարված և նկատելի է արքայի ականջի օղը։ Արտավազդի դրամների՝ հակառակ երեսին պատկերված է հելլենիստական արվեստին հայտնի քառաձի կառքը։

 
Էրատո

Արտաշեսյանների մետաղադրամներ

խմբագրել


Արտաշեսյան հարստության մյուս թագավորների դրամներն իրենց արվեստով նման են նախորդներին։ Բացառություն է կազմում Տիգրան Գ-ի դրամը, որի վրա արքան պատկերված է երկար մորուքով և ավելի արևելյան կերպարումով։ Հիշատակության արժանի են Տիգրան Դ-ի և Էրատո թագուհու դրամները։ Դրանցից մեկի վրա արքան կրում է նույն բարձր ու ատամնավոր թագը և պատկերված է պրոֆիլ դեմքով, առանց մորուքի, իսկ Էրատոն պատկերված է առանց թագի, մազերը հավաքած՝ հելլենիստական և հռոմեական ոճին համապատասխան։

Գրականություն

խմբագրել
  • Б. Лукин, Архелогические находки 1935-36 гг в окрестностях станции Тульской и Даховской близ Майконаю
  • Г. Гоян, 2000 лет армянского театра