«Հայկական ԽՍՀ», հայ քանդակագործ Արա Սարգսյանի բարձրաքանդակ-պաննոն, որը ստեղծվել է 1938 թվականին։

Հայկական ԽՍՀ
տեսակԽորաքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1938
բարձրություն900 սանտիմետր
լայնություն450 սանտիմետր
նյութբետոն

Պատմություն խմբագրել

1938 թվականին միութենական կառավարությունը Արա Սարգսյանին հանձնարարում է նախագծել և իրականացնել Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի դեկորատիվ բարձրաքանդակները Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում Խորհրդային Միության տաղավարի համար։ Բարձրաքանդակների մեծ ծավալը քանդակագործին մեծմասշտաբային արձանագործության անհրաժեշտության առաջ են կանգնեցնում։

Նկարագրություն խմբագրել

Քանդակներից յուրաքանչյուրի լայնությունը 9 մետր է, բարձրությունը՝ 4,5, որոնց վրա հասակով մեկ կանգնեցված են գրեթե հորելիեֆի ուռուցիկություն ունեցող մարմիններ։ Երկու բարձրաքանդակների կոմպոզիցիոն մտահաղացումն էլ նույնն է։ Յուրաքանչյուր կոմպոզիցիայի կենտրոնական մասը զբաղեցնում է համապատասխան հանրապետության պետական գերբը, իսկ դրա երկու կողմերից բարձրանում են բանվորի ու բանվորուհու, կոլտնտեսականի և կոլտնտեսուհու մարմինները՝ հագած նոր, բայց ազգայինը ակնարկող տարազներ և իրենց ասպարեզները խորհրդանշող պատկանելիքներով։ Բարձրաքանդակի հայկական հատվածում բանվոր-բանվորուհին քանդակված են գործարանային ֆոնի վրա, իսկ ադրբեջանականում՝ նավթի շատրվանների։ Իսկ կոլտնտեսականը և կոլտնտեսուհին թե՛ առաջինում, թե՛ երկրորդում քանդակված են բամբակենու, խաղողի և հասկերի ֆոնին[1]։

Ադրբեջանական բարձրաքանդակը իր մեծ ծավալների մեջ ունի բավականանին մանրամասն մշակում․ տեղ-տեղ ծալքեր, տեղ-տեղ մանրուք, որոնք մոնումենտալ բարձրաքանդակին հաղորդում են որոշ հաստոցայնություն։ Այնինչ հայկական բարձրաքանդակն ըստ ամենայնի մոնումենտալ գործ է, ունի խոշոր ընդհանրացումներ և կատարողական լայնություն[2]։

1939 թվականին Արա Սարգսյանին նվիրված իր հոդվածում հատնի արվեստաբան Ա․ Զամոշկինը նշել է․

 
- «Խիզած և համոզիչ քանդակելով բանվորների և կոլտնտեսականների կերպարները, Արա Սարգսյանը բարձրաքանդակում լուծում է սովետական հայրենասիրության թեման։ Մոնումենտալ արտահայտիչ բարձրաքանդակներն աչքի են ընկնում ռեալիստական հստակ մշակումով։ Հանդիսանալով շենքի մի մասը՝ նրանք ենթարկվում են շենքին, կապված են նրա հետ արխիտեկտոնիկական տրամաբանությամբ և օրգանապես ներմուծված են ճարտարապետության մեջ․․․Սարգսյանը կարողացել է ստեղծագործորեն կապել հայկական քանդակագործությունից ժառանգած ավանդները մեր ժամանակի կենդանի զգացողության հետ և յուրովի լուծել է քանդակագործության ու ճարտարապետության սինթեզի հարցը»[1]։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջեր 58–60.
  2. Սարգսյան Աննա, Հակոբյան Ալբերտ (2017). Բոսֆորի ափից մինչև անմահություն. Երևան: ՎարդՀրատ.