Ալեքսանդրիայում հայերն սկսել են հաստատվել քաղաքի հիմնադրման օրվանից։ 5-6-րդ դարերում Հայաստանից Ալեքսանդրիա, որը քրիստոնեական արևելքի կարևոր կենտրոններից էր, ուսանելու են եկել հայ երիտասարդներ (Մովսես Խորենացի, Եղիշե)։ Հայերի հոսքն ավելի է ուժեղացել 18-րդ դարի կեսից։ Մուհամեդ Ալիի կառավարման տարիներին Ալեքսանդրիայում աշխատել են արաբական անուններով բազմաթիվ հայ վաճառականներ, մեծ համբավ են վայելել հայ արհեստավորները։

Ալեքսանդրիայի նավահանգիստը

Համայնքի բարգավաճմանը մեծապես նպաստել է մեծահարուստ Պողոս բեյ Յուսուֆյանը, որը 1810 թվականից կապալով վերցրել է Ալեքսանդրիայի նավահանգստի մաքսատունը։ Նրա նվիրատվությամբ կառուցվել է դպրոց։

Համայնքի կարգավիճակը խմբագրել

 
Պողոս Նուբար փաշա

Այժմ Եգիպտոսի հայ համայնքն ունի կրոնական համայնքի կարգավիճակ, որը ղեկավարվում է համայնքային օրենսդիր՝ Եգիպտահայ թեմական ժողովի համագումար Կահիրեի և Ալեքսանդրիայի թեմական ժողովները, որոնք պետական վավերացում է ստացել 1946 թվականի հունիսի 29-ին և գործադիր՝ քաղաքական ժողովները։

Գաղութի ազգային կյանքը ղեկավարում են Ալեքսանդրիայի հայոց թեմական ժողովը և ազգային իշխանությունը։

Եգիպտահայ համայնքի կյանքում նշանակալի ավանդ ունի Նուբարյան գերդաստանը (Նուբար փաշա Նուբարյան, Պողոս Փաշա Նուբարյան)։ Նուբար փաշա Նուբարյանը զբաղվել է Եգիպտոսի հայ գաղութի հարցերով, մշակել օրենսդրական բարեփոխումներ, նպաստել և դրամական միջոցներ է տրամադրել հայ պարբերականների հրատարակման, դպրոցների հիմնադրման համար, վարել բարձր պաշտոններ։

1904 թվականին Ալեքսանդրիայում կանգնեցվել է Նուբար փաշայի արձանը, փաշայի անունով կոչվել են փողոցներ։

Ալեքսանդրայի հայկական եկեղեցիները խմբագրել

1792 թվականին Ալեքսանդրիայում արդեն գործել է հայկական եկեղեցի։ 1830 թվականին հայկական եկեղեցի է կառուցվել Պողոս Նուբար բեյի նվիրատվությամբ։1884 թվականին բացվել է ներկայումս գործող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, 1927 թվականին կառուցվել է Սուրբ Գևորգ մատուռը, իսկ 1949 թվականից գործում են հայ ավետարանականների աղոթավայրը, Անարատ հղության եկեղեցին։

Ալեքսանդրիայի հայկական դպրոցները խմբագրել

Ալեքսանդրիայում հայ մեծահարուստ Պողոս բեյ Յուսուֆյանի նվիրատվությամբ կառուցվել են դպրոցներ։ Առաջին կազմակերպված հայկական դպրոցները հիմնադրվել են 19-րդ դարի 2-րդ կեսին։ 1851 թվականից գործում է Արամյան (հետագայում՝ Պողոսյան) դպրոցը։ Տարբեր ժամանակներում գործել են Վենետիկի Վենետիկի Մխիթարյան, Հ.Ոսկերիչյանի «Հայկազյան», Արծրունու «Թարգմանչաց» դպրոցները, Մելքոնյան մանկապարտեզը։

Ալեքսանդրիայի հայազգի բնակչությունն ու մշակութային կյանքը խմբագրել

Ալեքսանդրիայի ազգային առաջնորդարանի տվյալներով՝ 1864 թվականին քաղաքում ապրել է 248 հայ, հետագա տարիներին նրանց թիվն ավելացել է հատկապես՝ 1909 թվականի Ադանայի կոտորածից, 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո սկսված գաղթի հետևանքով։ 1917 թվականին հայերի թիվը հասել է 4492-ի, 1950-ական թվականներին՝ 7-8 հազարի։ 1899-ից 1900 թվականներին Ալեքսանդրիայում կազմակերպվել է եգիպտահայ առաջին երաժշտական համույթը։ 1915 թվականից գործել է հայկական Կարմիր խաչը։ Գործում է ՀԲԸՄ Ալեքսանդրիայի մասնաճյուղը, «Տիգրան Երկաթ» մշակութային ընկերությունը, «Կամք» մարմնամարզական միությունը։ 1889 թվականին հրատարակվում է առաջինը «Նեղոս» շաբաթաթերթը, երկարակյաց թերթերից էր «Արաքսը» թերթը, որը հրատարակվել է 1925-1965 թվականներին։ Համայնքում մինչև 2000 թվականըը լույս են տեսել 38 անուն պարբերականներ։

Ներկայումս հայ համայնքը Կահիրեում և Ալեքսանդրիայում միասնաբար կազմում է շուրջ 6 000 հոգի, մոտ 2000-ը Ալեքսանդրիայում, ովքեր հիմնականում Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։